«Հայացք». հայ աստղագետի աշխատանքը՝ աշխարհի բացառիկ արժեքների շարքում
Բյուրականում 20-րդ դարում կատարված մի խոշոր աշխատանք՝ աշխարհահռչակ աստղագետ, Վիկտոր Համբարձումյանի առաջին հայ ասպիրանտ, հետագայում գիտությունների դոկտոր չլինելով հանդերձ արդարացիորեն ակադեմիկոսի կոչման արժանացած Բենիամին Մարգարյանի իրականացրած բյուրականյան սպեկտրային շրջահայությունը, միջազգային նոր գնահատանքի է արժանացել. ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) վերջերս գրանցվել է նշված շրջահայությունը:
Բյուրականի աստղադիտարանում երեկ առաջին բյուրականյան շրջահայության (աշխարհում այդ ծավալուն գիտական աշխատանքը առաջինը Բյուրականում է կատարվել և առ այսօր չունի իր համարժեքը) կապակցությամբ տեղի ունեցավ շնորհանդես, որի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավաստագիրը հանդիսավոր պայմաններում հանձնեց աստղադիտարանի տնօրենին:
Տասնհինգ տարվա ընթացքում Բ. Մարգարյանի կատարած տիտանական աշխատանքը կապված է ուլտրամանուշակագույն ավելցուկով գալակտիկաների (դրանք համաշխարհային գիտությանը հայտնի են «Մարգարյանի գալակտիկաներ» անվամբ) հայտնաբերման և ցուցակագրման հետ:
Աստղադիտարանի տնօրեն Հ. Հարությունյանի տեղեկացմամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիշյալ ռեգիստրում գրանցված են նաև Կոպեռնիկոսի աշխատանքները: Բ. Մարգարյանի աշխատանքները կատարված են դեռ 50-ական, 60-ական թվականներին առաջ քաշված համբարձումյանական այն գաղափարի հիման վրա, որը կապված է գալակտիկաների միջուկների ակտիվության հետ: Այդ գաղափարը բավական երկար ժամանակ չէր ընդունվում գիտնականների կողմից:
- Համարվում էր,- շարունակեց աստղադիտարանի տնօրենը,- որ դա ինչ-որ իդեալիստական մոտեցում է, որ իրականության հետ կապ չունի, բայց հետո, երբ գիտությունը, գիտնականներն ընդունեցին դա, արդեն Կոպեռնիկոսի 500-ամյակին Համբարձումյանի այդ աշխատանքը համարվեց կոպեռնիկոսյան հայտնագործություն, և ինքը՝ Համբարձումյանը, համարվեց կոպեռնիկոսյան հեղափոխական գիտության տեր:
Ակտիվ միջուկով գալակտիկաների որոնման, այդ նպատակով առաջին դիտումների արդյունքում հայտնաբերվել են շուրջ 1500 Մարգարյանի գալակտիկաներ (հայտնաբերված այդպիսի գալակտիկաների թիվն այժմ մոտ 3000-ի է հասել), որոնք այսօր, Հ.Հարությունյանի հավաստմամբ, հետազոտվում են աշխարհի գրեթե բոլոր խոշոր աստղագիտական կենտրոններում: Հանձին Մարգարյանի կատարած հիշյալ աշխատանքի, «Աշխարհի հիշողություն» ծրագիրը համալրվել է հայկական երկրորդ փաստագրական ժառանգությունով (1997 թվականից Հայաստանը ներկայացված էր Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանով): Այսպիսով ՅՈւՆԵՍԿՕ-ն շատ բարձր է գնահատել հայ աստղագետի աշխատանքը, անուղղակիորեն նաև՝ Բյուրականի աստղադիտարանի, որտեղ աշխատել է նա:
- Շրջահայությունը երկնքի մեծ հատվածների ուսումնասիրությունն է՝ որոշակի տեսակի տիեզերական մարմինների որոնման համար,- ասաց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ա.Հովակիմյանը, նշելով, որ հիշյալ ռեգիստրում Մարգարյանի շրջահայության գրանցմամբ մեր երկիրը համաշխարհային ասպարեզում մեկ անգամ ևս հռչակվել է իր գիտական ներուժով, տեղեկացրեց, որ ներկայումս ՅՈւՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ռեգիստրն ընդգրկում է 239 անվանում մոտ 100 երկրից, ընդ որում՝ այդ արժեքների շարքում են նաև Եվրոպայի ժողովուրդների ծագումը նկարագրող 13-րդ դարի Ռադզիվիլների ժամանակագրությունը, 18-րդ դարի չինական կայսերական արխիվները, Ազգերի լիգայի 1919-1946 թթ. արխիվները, Բեթհովենի, Բրամսի, Շոպենի ստեղծագործությունները, և, ինչպես արդեն նշեցինք, Կոպեռնիկոսի աշխատությունները:
«Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրության» հայտը համատեղ պատրաստվել է Բյուրականի աստղադիտարանի, ՅՈւՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի կողմից և ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան է ներկայացվել 2010 թ.: ՅՈւՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագիրը մեկնարկել է 1992 թվականին՝ աշխարհում գոյություն ունեցող արխիվների եւ գրադարանների արժեքավոր հավաքածուների անհետ կորուստը կանխելու նպատակով:
Շնորհանդեսից հետո աստղադիտարանի տնօրենը և Արեգ Միքայելյանը հանձնեցին Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) և Օքսֆորդի համալսարանի հայկական գիտական ընկերության համատեղ սահմանած գիտական լրագրության 2011 թ. մրցանակները, գիտությունն ակտիվորեն լուսաբանելու համար «Հայացք» թերթին և մի շարք այլ ԶԼՄ-ների տրվեցին շնորհակալագրեր: Այնուհետև հանձնվեցին Գալիլեյան ուսուցիչների միջազգային ծրագրի հավաստագրերը, իսկ ՀԱԸ երիտասարդ աստղագետների տարեկան (Երվանդ Թերզյանի անվան) մրցանակը տրվեց Մարինե Աֆթանդիլյանին:
Արթուր Հովհաննիսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել