
«Նաիրիտի» տվյալները կփոխանցվեն Վեոլիա խմբի կազմակերպություններին
Սեպտեմբերի 12-ին արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչներին՝ գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեի գլխավորությամբ:
Ամբողջ աշխարհում հայտնի Վեոլիա խումբը, ըստ ԱԻՆ-ի, լուրջ փորձառություն ունի նաև արտադրական թունավոր թափոնների վերամշակման, պահպանման և չեզոքացման գործում:
Ընկերությունն արձագանքել է ԱԻՆ օգնության հայտին, այն է՝ փորձագիտական աջակցություն տրամադրել «Նաիրիտ» գործարանի առկա վիճակի ուսումնասիրության և խնդիրների լուծման հնարավոր տարբերակներ գտնելու համար:
Կրիստիան Լըֆեն իր խոսքում նշել է, որ Վեոլիա խմբի կազմում կան մասնագիտացված ընկերություններ, որոնք կարող են հետաքրքրվել ԱԻ նախարարության բարձրաձայնած հարցով:
Շնորհակալություն հայտնելով օգնության ձեռք մեկնելու համար՝ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ աղետների ռիսկի նվազեցման ոլորտում պետական և մասնավոր հատվածների փոխգործակցությունը չափազանց կարևոր է, և եվրոպական 3 երկրներից ժամանած փորձագետներ արդեն սկսել են իրենց ուսումնասիրությունները:
«Հուսով եմ, որ մենք միասին կարող ենք գտնել խնդրի լուծման ամենաարդյունավետ տարբերակը»,- ասաց ԱԻ նախարարը:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ ներկայացուցիչներին գործարանի ներկա վիճակը հակիրճ ներկայացնելուց հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել «Նաիրիտի» տվյալները փոխանցել Վեոլիա խմբի համապատասխան կազմակերպություններին և, անհրաժեշտության դեպքում, փորձագետներ հրավիրել Հայաստան, որոնք ուսումնասիրելով իրավիճակը՝ կփորձեն ամբողջական տեխնիկական առաջարկ ներկայացնել խնդրի լուծման համար:
Մեկնաբանել