HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». «Դատական իշխանությունը մեր աքիլլեսյան գարշապարն է»

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը շաբաթ օրն ամփոփեց անցնող 2011-ը: Գնահատելով իր մեկ տարվա աշխատանքը՝ նախարարը պատկերավոր ասաց, որ իրեն դեռ գերազանցիկ չի համարում, և որոշ ոլորտներում իր աշխատանքը «չորս»-ի է, որոշներում էլ՝ «երեք» միավորի:

«Անելիքներն ու պատկերացումներն այն պահին, երբ նախարար չես, և այն պահին, երբ արդեն ստանձնել ես պաշտոնը, այլ են, որովհետև ձեռքիդ բանալիները ոչ միշտ են պիտանի իրավական պետության և իրական արդարադատության դռները բացելու համար: Կա ներքին դիմադրություն, որը հենց իշխանության ներսում է՝ միջին օղակներում, կան մարդիկ, որոնք ոչ ակտիվ ու ոչ բացահայտ, բայց փորձում են ամեն ինչ անել, որպեսզի բարեփոխումները չիրականանան»,- անկեղծացավ նախարարը: Իսկ արդարադատության ոլորտում տիրող իրավիճակը իր կողմից պաշտոնը ստանձնելուց առաջ և հետո նախարարը ներկայացրեց ըստ բաժինների.

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններ և նոտարիատ

2011 թ. ընթացքում այս ոլորտներում կատարված բարեփոխումները նախարար Հրայր Թովմասյանը թեև զգալի է համարում, սակայն ընդգծում է, որ համակարգերի ներկա վիճակն առայժմ իր պատկերացրածը չէ: «Սրանք այն ոլորտներն են, որոնք անմիջապես ինձ էին վերաբերում, և հնարավոր եղավ արագ բարեփոխումներ կատարել»,- նշեց նախարարը՝ ընդգծելով, որ վաղուց արդեն չունենք այնպիսի խնդիրներ, ինչպիսիք էին աշխատանքային ժամերին այս համակարգի աշխատողների բացակայությունը աշխատավայրից, ինչի հետևանքով էլ հերթեր էին գոյանում, սակագների անորոշություն, ծառայությունների անհամեմատ մեծ վճարներ:

Նախարարը նաև առանձնացրեց ամենաակնառու փոփոխություններից մի քանիսը: Օրինակ՝ եթե նախկինում ամուսնության գրանցման համար անհրաժեշտ էր 1-3 ամիս ժամանակահատված, և այն անձինք, ովքեր ցանկանում էին արագացնել ընթացքը, օգտվում էին բոլորիս քաջ հայտնի մեթոդներից, այսօր արդեն ամուսնությունը կարելի է գրանցել ընդամենը 10 օրում:

Հ. Թովմասյանն այս ոլորտների համար հեռահար նպատակներ էլ ունի՝ մեկ տանիքի տակ հավաքել բոլոր ռեգիստրները՝ անշարժ գույքի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման, թե անձնագրերի տրամադրման ու իրավաբանական անձանց գրանցման, որտեղ քաղաքացին մեկ այցելությամբ և մեկ պատուհանի մոտ կկարողանա լուծել բոլոր խնդիրները: «Այս պարագայում իհարկե ունենալու ենք կրճատումներ բոլոր օղակներում, սակայն մարդկանց դժգոհությունների ստվար մասը պայմանավորված են արագ, տեսանելի, ինչպես նաև կանխատեսելի ծառայությունների բացակայությամբ»,- նշեց նախարարը:

Քրեակատարողական հիմնարկներ

Քրեակատարողական հիմնարկների պայմանների, հիմնարկներում բժշկական սպասարկման ու կադրերի որակի բարելավման, ինչպես նաև ժամանակակից բանտերի կառուցման հարցերը արդարադատության նախարարը համարում է առաջնային՝ քրեակատարողական համակարգի կայացման համար, սակայն առայժմ, նրա խոսքով, այս համակարգում չարվածներն ավելի շատ են, քան արվածները: Առաջնային խնդիրներից է մնում քրեակատարողական հիմնարկներում մահացությունների թվի կրճատումը: Եթե 2010 թ. ՔԿՀ-ներում գրանցվել է 37 մահվան դեպք, ապա այս տարի՝ 26-ը: Նախարարի խոսքով՝ սա առայժմ մեծ թիվ է, սակայն նվազեցում հաջողվել է:

«Չկա մի քրեակատարողական հիմնարկ, որտեղ ինչ-որ բան արված չլինի՝ հիվանդ դատապարտյալներին քաղաքացիական հիվանդանոց հասցնող տրանպորտային միջոցներից սկսած մինչև սանհանգույցների ու տեսակցության սենյակների վերանորոգում»:

Սակայն Հրայր Թովմասյանը նպատակահարմար չի գտնում հին կառույցների վերանորոգման վրա միջոցների ծախսը, իսկ ասվածը հիմնավորում է հետևյալով. «Որքան էլ զապորոժեցը փորձես վերանորոգել, այն շարունակում է մնալ զապորոժեց, իհարկե կարող է լավ աշխատել, բայց եթե ունես մեծ արագություն հավաքելու, անվտանգության և հարմարավետության խնդիր, այս մեքենան այդ խնդիրը չի կարող լուծել, որքան էլ վերանորոգես: Մեր քրեակատարողական հիմնարկներն ինձ մոտ այս տպավորությունն են ստեղծում, այդ իսկ պատճառով այն գումարները, որոնք պետք է ուղղվեն դրանց վերանորոգմանը, պետք է ուղղել նոր տիպի քրեակատարողական հիմնարկի կառուցմանը»:

Նախարարի խոսքով՝ 2013-ի կեսերին Արմավիրում կունենանք նոր, եվրոպական չափանիշների քրեակատարողական հիմնարկ, ինչի շնորհիվ կլուծվի այսօրվա քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիների 80-90%-ը:

«Երբ մի խցում ստիպված ես պահել մարդասպանին, ճանապարհային երթևեկության խախտման արդյունքում մահ առաջացրած անձին, խարդախին և բնակարանային գողին, բացառվում է, որ այս համակարգը ուղղի և վերադաստիարակի հանցագործին: Մարդասպանն ու բնակարանային գողը միասին ապրելով ոչ թե ուղղվում ու վերադաստիարակվում են, այլ յուրաքանչյուրը մյուսի հմտություններն է փորձում ձեռք բերել»,- ասում է նախարարը և նաև սրանով պայմանավորում Հայաստանում կրկնահանցագործությունների մեծ թիվը:

Նախարարի խոսքով՝ Արմավիրի ՔԿՀ-ի կառուցումը և Երևանում 21 հազար քմ շինության տրամադրումը հնարավորություն կտան ընդհանրապես փակել «Էրեբունի», «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ները: Սակայն քրեակատարողական համակարգի բարեփոխումները սրանով չեն սահմանափակվելու: Արդեն մշակվել են պրոբացիոն ծառայության, տնային կալանքի, հանրային աշխատանքի ինստիտուտները, որոնք ամբողջությամբ կներդրվեն գալիք 2012-ում:

Դատական իշխանություն

«Ցավոք, սա այն համակարգն է, որտեղ փոփոխություններն ընթանում են ամենադանդաղ կերպով, և որի համար 2011-ը բարեփոխումների նախապատրաստման տարի էր: Դատական իշխանությունը մեր աքիլլեսյան գարշապարն է: Խնդիրներն այստեղ բազմաշերտ են, և մի շերտի վերացմամբ մյուսներում առկա խնդիրների լուծմանը հնարավոր չէ հասնել»,- դատական համակարգի ներկա վիճակն այսպես բնորոշեց նախարարը՝ առանձնացնելով դատավորների և դատական իշխանությանը հարակից կամ դրան առնչվող ինստիտուտների չկայացվածությունը (խոսքը վերաբերում է փաստաբանությանը, քննչական ծառայությանը, դատախազությանը):

«Ես բնավ ցանկություն չունեմ պաշտպանել դատավորներին, որովհետև կան այնպիսիք, ովքեր ընդհանրապես արտավորում են այդ համակարգը և խնդիր են առաջացնում երկրի զարգացման համար»,- նշեց նախարարը՝ անդրադառնալով նաև այս պարագայում երկիմաստ ու հակասական իրավական ակտերի առկայության հետևանքով առաջացող խնդիրներին: Մինչև տարեվերջ նախագահի կողմից կհաստատվի 2012-2016 թթ. դատաիրավական բարեփոխումների ծրագիրը, որի գոնե կեսի իրականացման պարագայում դատական համակարգում շոշափելի փոփոխություններ կլինեն:

Կոռուպցիոն ռիսկեր պարունակող ընթացակարգերի պարզեցում, ժամկետների կրճատում

Որպես նախկինում առկա ընթացակարգերի պարզեցման խոսուն օրինակ նախարարը ներկայացրեց վարորդական իրավունքի տրամադրման գործընթացում կատարված փոփոխությունները: Նույնատիպ պարզեցումներ են կատարվել նաև շինթույլտվության տրամադրման գործընթացում:

«Միայն շինթույլտվություն ստանալու համար նախկինում անձը պետք է 25 մարմինների դռներ թակեր, 120-150 օր ժամանակ ծախսեր, 1,5 մլն դրամ գումար, իսկ այսօր համակարգը լիովին բարեփոխվել է»,- նշեց նախարարը՝ անդրադառնալով նաև իրավաբանական անձանց գրանցման ոլորտում կատարված փոփոխություններին:

«Նախկինում այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերը, քաշքշուկն ու ավելորդ ժամկետները անորոշության մի ամբողջ շղթա էին ստեղծում: Անձը պետք է գնար էկոնոմիկայի նախարարություն՝ ֆիրմային անվանում ստանալու, այնուհետ գար արդարադատության նախարարություն՝ գրանցելու իրավաբանական անձը, գնար ՊԵԿ՝ հաշվառման կանգնելու, այնուհետ սոցապ նախարարություն՝ այնտեղ էլ հաշվառման կանգնելու: Այնպես որ այս շղթայի մեջ մնում էր գտնել մեկին, ում գրպանում կարելի էր մի բան դնել ու խնդիրը արագ լուծել»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ իրավաբանական անձի գրանցումը մեզ մոտ ընդամենը 10 րոպեի խնդիր է:

Իրավաբանական անձը կարելի է գրանցել նույնիսկ առանց տնից դուրս գալու, ընդամենը 15 հազար դրամ պետական տուրքի համար մուծում կատարելով, եթե իհարկե կա էլեկտրոնային ստորագրություն: Այս դեպքում արդեն պետական չինովնիկի հետ շփվելու խնդիր էլ չի լինի, և կոռուպցիոն ռիսկեր չեն առաջանա:

2012 թվականի ծրագրերը

Գալիք տարվա համար առաջնային խնդիրների թվում են դատարանների կողմից գործերի ավելի արագ քննության, միջին ժամկետների կրճատման, դատական իշխանության նկատամբ վստահության բարձրացման և դատական ակտերի բողոքարկման տոկոսի իջեցման հարցերը: Նախարարը նպատակ ունի բարձրացնել նաև փաստաբանական ինստիտուտի արդյունավետությունը, որը պետք է նպաստի նաև անվճար իրավաբանական օգնություն ստացողների թվաքանակի աճին:

ԴԱՀԿ ծառայության արդյունավետության բարձրացումը, դատական ակտերի հարկադիր կատարման ժամկետների կրճատումը, ծառայության դեմ բերված բողոքների թվաքանակի նվազեցումը և աճուրդներին մասնակցողների թվի բարձրացումը ևս կլինեն նախարարի ուշադրության կենտրոնում: Ինչ վերաբերում է քրեակատարողական հիմնարկներին՝ Հրայր Թովմասյանը կարևորում է հանցագործությունների, մահացությունների թվի նվազեցումը, վարակիչ հիվանդություններով հիվանդացած անձանց թվաքանակի կրճատումն ու ազատազրկված անձանց ուսումնական և մասնագիտական ծրագրերում ներգրավվածության աճը:

Աստված մի արասցե, որ ժողովուրդը սկսի հիասթափվել ՄԻՊ-ից

Նախարարը անդրադարձավ նաև վերջերս Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի խոսքին՝ նախարարից հիասթափվելու վերաբերյալ: «Պաշտպանին ես դիտարկում եմ որպես իմ բնական դաշնակից՝ արդարադատության համակարգում առկա խնդիրների լուծման և երկրում մարդու իրավունքների պաշտպանության առումով, սակայն մեր երկրում կա մի խնդիր. եթե դիմացինիդ կարծիքը քոնի հետ չի համընկնում, նրանից պետք է հիասթափվես... Ես չեմ ուզում սա մեկնաբանել, բայց մտավախություն ունեմ ու Աստված մի արասցե, որ ժողովուրդը սկսի հիասթափվել ՄԻՊ-ից, սա շատ ավելի վտանգավոր կլինի»,- ամփոփեց նախարարը՝ առանձին-առանձին մեկնաբանելով պաշտպանի հիասթափության հնարավոր պատճառները:

Գայանե Առաքելյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter