HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». քանի՞ օր կամ ժամ կհերիքի նվազագույն աշխատավարձը

ՀՀ Սահմանադրության մեջ նշված է, որ յուրաքանչյուր աշխատող պետք է ստանա արդար աշխատավարձ: ՀՀԿ-ն իր նախընտրական ծրագրով խոստացել էր նվազագույն աշխատավարձը սահմանել 45 հազար դրամ: Մինչդեռ 2010 թ. նոյեմբերի 16-ին Ազգային ժողովը ՀՕ-164-Ն օրենքով նվազագույն աշխատավարձը 2011 թ. հունվարի 1-ից 30 հազար դրամի փոխարեն սահմանեց ընդամենը 32500 դրամ: Հիրավի, մարդկային առատաձեռնությունը սահմաններ չունի:

Բյուջեի հնարավորությունները ներել են ավելացնել աշխատավարձն ընդամենը 2500 դրամով, ԱԺ-ում մեկ կոճակի սեղմումով հաստատվել է կառավարության առաջարկը՝ չհիշելով անգամ, որ նվազագույն զամբյուղի արժեքը մեր երկրում 41500 դրամ է:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հաձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը մի առիթով ասել էր, թե ՀՀ կառավարության և Կայուն զարգացման ծրագրերով նախատեսված էր, որ 2012-ին նվազագույն սպառողական զամբյուղն ու նվազագույն աշխատավարձը կհավասարվեն իրար, նախատեսված էր 45 հազար դրամ:

Սակայն հետո կառավարությունը գտել է, որ ճգնաժամի պատճառով հնարավոր չէ ապահովել այդ ցուցանիշը: ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն աշխատավարձի բարձրացման անհնարինությունը հիմնավորել է այսպես. «Եթե մենք նվազագույն աշխատավարձի աճ ենթադրենք, ապա դա կարող է որոշակիորեն խաթարել տնտեսական աճը: Այդ առումով նպատակահարմար չենք գտնում նվազագույն աշխատավարձն այս պահին բարձրացնել: Ճիշտ չի լինի բիզնեսի վրա այդպիսի բեռ դնել»:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով հնարավոր է նվազագույն աշխատավարձը սահմանել 55 հազար դրամ, քանի որ բյուջեն ոչ միայն այդ, այլև ճիշտ քաղաքականության իրականացման դեպքում այսօրվա եղած ցուցանիշի կրկնակիից ավելի հնարավորություն ունի. «Մեր հաշվարկներով հնարավոր է առնվազն 70 մլրդ դրամ միայն ընդերքի օգտագործման արդյունավետության համակարգի ներդրման դեպքում ապահովել պետական բյուջեի մուտք, որը կապահովի ոչ միայն նվազագույն աշխատավարձի, այլև թոշակների և նպաստների բարձրացում աղքատության գծից ոչ ցածր»:

ՀԱԿ առաջնորդն էլ իր 15 կետից բաղկացած պահանջագրի մեջ դիմելով իշխանություններին՝ կոչ էր անում նվազագույն աշխատավարձը դարձնել 200 դոլար:

Մինչ ժողովրդի հոգսերով մտահոգվածները պահանջում էին մարդավարի աշխատավարձ, իսկ կառավարությունը կաշվից դուրս գալով ապացուցում էր դրա անհնարինությունը, Տնտեսական վերլուծության «РИА-Аналитика» կենտրոնի զեկույցի համաձայն՝ եվրոպական 29 երկրների վարկանիշում Հայաստանը նվազագույն աշխատավարձի մակարդակով զբաղեցրեց վերջին տեղը:

«32500 դրամը՞: Ընչի էտի փող ա՞»

Պարզելու համար, թե որքան ժամանակ կբավարարի 32500 դրամը, դիմեցի շարքային քաղաքացուց մինչ պաշտոնյայի: Մեղքս ինչ թաքցնեմ, Facebook համացանցում այս հարցով դիմեցի վարչապետ Տիգրան Սարգսյանին, թեև համոզված էի, որ չի պատասխանի: Այդպես էլ եղավ: 80-100 հազար դոլար արժողության Hummer մակնիշի ավտոմեքենայի վարորդը զարմացավ գումարի չափով. «Ընչի էտի փող ա՞: Էտի իմ համար то ли սեմչկի то ли մի էրկու սիգարի փող ա»:

«Հաբռգածներից Աստված հեռու պահի» ասելով քայլերս ուղղեցի Ազգային ժողով՝ նվազագույն աշխատավարձի ծննդատուն: ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանն այդ գումարը կծախսի «շատ արագ, մի հինգ օրում»: Դաշնակցական Արտյուշա Շահբազյանն ասաց.«Նայած թե ինչի համար, կոմունալ վճարումներին լրիվ չի բավարարի: Եթե ամսվա մեջ 2-3 անգամ խանութ գնամ, կվերջանա»:

Իսկ Արծվիկ Մինասյանին այդ գումարը կբավարարի 10 օր: «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը երկար-բարակ չի մտածի, թե ինչի վրա ծախսի, սակայն այդ գումարի հույսին մնացած մարդը գիշերն էլ չի քնի, կհաշվարկի, թե ինչպես ձգի մինչև ամսվա վերջ: Հանրապետական Ռաֆիկ Պետրոսյանի 6-հոգանոց ընտանիքի համար 32500 դրամը 3 օրվա ծախս է:

ՕԵԿ-ական Գագիկ Բաղդասարյանը, հասկանալով խոսքերիս մութ իմաստը, ասաց, որ հնարավոր է այն մեկ ժամում ծախսել, սակայն «դա մի գումար է, որով անգամ գոյություն պահելն անհնար է: Թե ո՞նց են մարդիկ այդ գումարով գոյատևում, չեմ պատկերացնում»:

ՀԿԿ ԿԿ 1-ին քարտուղար Ռուբեն Թովմասյանը ռիսկ չի անի ծախսել այդ գումարը, այնքան որ քիչ գումար է ընտանիքի ընդհանուր ծախսերի մեջ, «դա մի քանի ժամում կխածսվի-կգնա»: ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ եթե իր հնարավորություններն այդքան լինեն, կաշխատի տեղավորվել վերոհիշյալ գումարի սահմաններում, «սակայն դա առանձնապես մեծ գումար չէ և ցանկության դեպքում մեկ ակնթարթում կծախսվի»:

Դաշնակցական Վահան Հովհաննիսյանը մի պահ չկողմնորոշվեց, թե խոսքն ինչ գումարի մասին է, իսկ երբ հիշեցրի, որ դա ամսական 300 հազար դրամ աշխատավարձ ստացող ազգընտիրների թեթև ձեռքով ֆիքսված նվազագույն աշխատավարձի չափն է, ասաց, «դե, ես դա 5 րոպեում կծախսեմ, սակայն եթե իմանամ, որ դրա հույսին եմ, մի 5-6 օր կձգեմ»:

Հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանը տնտեսող տանտիկին է և 32500 դրամը մի քանի օրում կծախսի, «սակայն մի կարծեք, թե կառավարությունն անգործ նստած է և այդ մասին չի մտածում, պարզապես հնարավորություններն այդքան են»:

Չէ, ես հասկանում եմ, որ կառավարության հնարավորություններն այդքանն են, հետո՞ ինչ, որ ՀՀ նախագահը Վատիկանում ճաշկերույթ է տալիս կամ կառավարության անդամներն օրումեջ ավտոմեքենա են փոխում, որ մեկ բնակարանը չորս-հինգ քաղաքացու վրա վաճառող պաշտոնյան վայելում է կյանքը, պարզապես մի կերպ աշխատանք գտած, օրավարձով ապրող հարյուր-հազարավոր քաղաքացիների համար պարզ չէ, թե «Հայաստան աշխարհն ընչի՞ է էսպես ծուռ»:

Անուշ Ներսիսյան

Մեկնաբանություններ (1)

STS
Շնորհակալություն նյութի հեղինակին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter