Մոլդովացիներն ուզում են ծանոթանալ աղետների սպառնալիքի նվազեցման հայկական փորձին
Դեկտեմբերի 19-20-ը փորձի փոխանակման նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում է Մոլդովայի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են Մոլդովայի ներքին գործերի նախարարության քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ծառայության, Տեխնիկական, գեոդեզիական և համակարգերի վերահսկողության պետական տեսչության, Սեյսմոլոգիական կենտրոնի, Պետական օդերևութաբանական ծառայության, ՄԱԶԾ Մոլդովայի ղեկավար ներկայացուցիչներ։
ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Համլետ Հակոբյանը նշեց, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստ է փոխանակել արտակարգ իրավիճակների և աղետների սպառնալիքի նվազեցման ոլորտում կուտակած իր փորձը։
Մոլդովայի պատվիրակության ղեկավար, Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ծառայության պետի տեղակալ Ալեքսանդրու Օպրեան, նշեց, որ 2008-2010 թթ. ուժեղ ջրհեղեղներից հետո Մոլդովայի կառավարությունը որոշեց արմատական փոփոխություններ կատարել արտակարգ իրավիճակների կառավարման և աղետների ռիսկի նվազեցման ոլորտում։
ՄԱԶԾ Մոլդովայի գրասենյակի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում ոլորտի կառույցների և ծառայությունների ներկայացուցիչները ժամանել են Հայաստան՝ ծանոթանալու աղետների ռիսկի նվազեցման ռազմավարության, ազգային պլատֆորմի մշակման և ճգնաժամային կառավարման կենտրոնի ու աղետների ազգային դիտացանցի ստեղծման հայկական փորձին։
«Մենք շատ ենք կարևորում Հայաստանի դրական փորձը Ճգնաժամային կառավարման կենտրոնի և աղետների ազգային դիտացանցի ստեղծման ու զարգացման բնագավառում։ Այսօր Մոլդովան նույնպես փորձում է ստեղծել նման կառույցներ, ուստի մեզ համար չափազանգ օգտակար կլինի տեսնել, թե ինչ ճանապարհ եք անցել, ինչ դժվարություններ ունեցել և ինչ անելիքներ դեռևս կան առջևում»,- նշեց Ալեքսանդրու Օպրեան։
Հյուրերն այցելեցին Ճգնաժամային կառավարման կենտրոն, ծանոթացան դրա կառուցվածքին, կիրառվող ծրագրերին, տեխնիկական հնարավորություններին։ Մոլդովացի գործընկերներին ներկայացվեց նաև աղետների ազգային դիտացանցի, աղետների ռիսկի նվազեցման ազգային ռազմավարության և աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի՝ ԱՌՆԱՊ-ի ստեղծման փորձը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել