HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Կրպակ» սուպերմարկետից 1050 դրամանոց օղու կողոպուտի գործով մեղադրյալը դարձյալ դատարան չէր ներկայացել

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, այսօր հերթական անգամ հետաձգեց «Կրպակ» սուպերմարկետից 1050 դրամանոց օղի կողոպտելու վերաբերյալ քրեական գործի քննությունը. ամբաստանյալ Նորայր Մելքոնյանն, ինչպես նաև գործով դատախազը դատարան չէին ներկայացել:

Մելքոնյանը այս գործով դատական որևէ նիստի առ այսօր չի ներկայացել: Օգոստոսի 4-ի դատական նիստին դատավորը նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ որոշում էր կայացրել, և օրեր անց հայտնաբերվել էր Ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների կողմից ու բերման ենթարկվել: Մելքոնյանը ոստիկանությունում  պարտավորագիր էր գրել սեպտեմբերի 2-ին ներկայանալ դատարան և նշանակվելիք դատական նիստի վերաբերյալ ծանուցագիրը ստանալ: Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից համապատասխան գրությունը ստանալուց հետո դատավորը որոշում էր կայացրել Մելքոնյանի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու մասին:

Դատավոր Մակյանն այսօր  հայտնեց, որ ամբաստանյալը չի ներկայացել ծանուցագիրը ստանալու:

Նշենք, որ ըստ մեղադրանքի` ամբաստանյալ Նորայր Մելքոնյանը 2017թ. մայիսի 10-ին Երևանի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի կողքով անցնելիս մտադրվել է այնտեղից հափշտակել օղի:

«Իրականացնելով հանցավոր մտադրությունը` Նորայր Մելքոնյանը մտել է «Կրպակ» սուպերմարկետ, մոտեցել օղու վաճառքի բաժին, այնտեղից վերցրել և բաճկոնի տակ թաքցրել 1050 դրամ արժողությամբ, 0.5 լիտր ծավալով «Ներուշիմիյ Սոյուզ» տեսակի օղի, այն ցանկացել է գաղտնի հափշտակել, ինչը նկատել են սուպերմարկետի աշխատակիցները, ովքեր հրահանգել են կանգնել, իսկ Նորայր Մելքոնյանը, գիտակցելով իր գործողությունների բացահայտ լինելը, դիմել է փախուստի, սակայն բռնվել է մուտքի դռան մոտ գտնվող քաղաքացիների կողմից` իր կամքից անկախ հանգամանքներում՝ չկարողանալով ավարտին հասցնել ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը»,- ասված է գործի մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության մեջ:

Չնայած քրեական գործը հարուցվել է կողոպուտի փորձի՝ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության մեջ առկա ձևակերպումները թույլ են տալիս եզրակացնել, որ Մելքոնյանի արարքում առերևույթ առկա է 34-177-րդ հոդվածի`գողության փորձի հատկանիշ: Նշենք նաև, որ անձը քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով ենթարկվում է քրեական պատասխանատվության, եթե գողոնի արժեքը 5000 ՀՀ դրամ և ավելի է, այսինքն՝ Մելքոնյանի արարքը գողության փորձ որակելու դեպքում գործը դատարան չէր հասցնի:

Գողություն է Մելքոնյանին մեղսագրվող արարքը, թե կողոպուտ, պարզ կլինի գործի դատաքննությամբ միայն, իսկ որպեսզի դատաքննություն տեղին ունենա, անհրաժեշտ է ապահովել դատարանում ամբաստանյալ Մելքոնյանի ներկայությունը, որը, փաստորեն առ այսօր չի հաջողվում:

Նշենք, որ ամբաստանյալը նախկինում դատվածություն չի ունեցել, ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքն ու զղջացել: Մեր տեղեկություններով՝ նախաքննություն իրականացնող մարմնին հայտնել է, որ « օղին վերցրել է հաց ուտելիս խմելու համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter