Դիլիջան-ing
Ազատուհի Խաչատրյան
Հյուսիսային ավտոկայանն այն վայրն է, որտեղ հանդիպում ես բոլոր անսպասելի մարդկանց. այս անգամ ընկերներս էին, որ Դիլիջան գնացող գազելի միջից անում էին անհնարինը իմ ուշադրությունը գրավելու համար: Պատուհանին ուժեղ հարվածները որսացին հայացքս, իսկ նրանք՝ ինձ, ու ես Մարտունի գնալու փոխարեն գնացի Դի-լի-ջաաան:
Ընկերների հետ ճանապարհը կարճ է թվում: Երկու ժամն անցել էր արդեն, երբ վարորդը տեղեկացրեց, որ հասել ենք: Անակնկալի եկանք ու մնացինք տեղում նստած մինչև վարորդի նախկինում բարեհամբույր տոնը վերածվեց հրամայականի:
Նունեի պայուսակն ակնհայտորեն տարբերվում էր մյուսների բեռից՝ այն մեծ էր, վարդագույն և ուրույն էր նաև իր պարունակությամբ՝ մոմեր ու բամբակ, վրան, ճոճ, անուշահոտ փայտիկներ, ջրի երկաթե շիշ, իսկ ուսապարկի գլխին՝ փաթաթած վարդագույն ծածկոց: Նունեն երկու ծառ էր փնտրում, որ կապի իր ճոճը ու գիշերի: Նա պատրաստվում էր նաև խարույկ վառել, որի համար էլ բերել էր մոմն ու բամբակը: Ահա և Դիլիջանում իրագործելու մեր միակ հստակ պլանը, մնացածը կպլանավորեր բախտը:

«Ամեն ինչ բախտի ձեռն ա»,-ասաց աղմկոտ մեքենայի վարորդը,
«Հիսուն-հիսուն ա,-փիլիսոփայեցի ես,-կես վայրկյան անց հասկանալով, որ բախտի բերմամբ մեզ հանդիպած մարդու աշխարհայացքը փոխելու ժամանակը չէ: Բայց սա վերադարձին պատահեց, իսկ մինչ այդ…իսկ մինչ այդ մենք գնացինք սպիտակ թագի մոտ: Չիմացա, թե ինչպես է կոչվում Դիլիջանում տեղադրված այդ ճարտարապետական կառույցը, մինչև չվերադարձա տուն ու Վիկիպեդիայում հայտնաբերեցի, որ հուշարձանը նվիրված է Խորհրդային Հայաստանի 50-ամյակին, իսկ հեղինակը Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրի, «Զվարթնոց» օդանավակայանի, Մարզահամերգային համալիրի, Երիտասարդական պալատի և այլ հայտնի շինությունների ճարտարապետ Արթուր Թարխանյան է:

Այն, ինչ ամենաշատը կհանդիպես անտառածածկ այս քաղաքում, աղբն է՝ բոլոր արձանների մոտ, ճանապարհներին, խոտերի մեջ: Աղբամաններ կային, բայց, որքան հասկացա, աղբը չի տեղափոխվում, այլ վառվում է աղբամանի մեջ (ավտոկայանի տարածքում երկաթե աղբամանից կրակ ու ծուխ էր ելնում):
Դիլիջանի տեսարժան վայրերը տեսնելու համար մի քանի ժամ է պետք: Մենք ոտքով քայլեցինք ու այդ մի քանի ժամը միանգամայն բավարար էր` տեսնելու բոլոր «թաքնված» արձանները: Նունեն ասում է, որ Դիլիջանում արձաններն են յուրահատուկ, ու հենց նա է մեզ ուղեկցում դեպի խոտածածկ տարածքներ, որոնց կողքով անցնելիս երբեք գլխի չես ընկնի, որ այստեղ քանդակ կա տեղադրված: Վստահ եմ, որ Միմինոյի արձանախմբից բացի այցելուները այլ արձանների մասին չգիտեն, այնինչ դրանցից ձախ՝ մայրուղու վերևում՝ ծառերի ու խոտերի մեջ կնոջ տպավորիչ քանդակ կա, որի մասին իմացանք կրկին Նունեի շնորհիվ:
Նրան հասնելու համար պետք է անցնել հողով ու աղբով ծածկված նախկին աստիճանների վրայով, հետո` գազատար խողովակի ու ցելոֆանե տոպրակների կույտի մոտով: Ինչևէ, հասանք արձանին, որի մասին բացի վիզուալ ինֆորմացիայից, այլ տեղեկություն չիմացանք, թե ում աշխատանքն է, ե՞րբ ու ինչու՞ է այդտեղ տեղադրվել: Բայց նույնսիկ այս անտեսվածության մեջ էր արձանը ազդեցիկ, իսկ Նունեն` բավարարված:

Դիլիջանը գյուղական խաղաղություն ունի, ինչը շատ հաճելի էր, ու անտարբերություն, ինչը հաճելի չէր: Ճանապարհներն ու մայթերը մասամբ են վերանորոգված, դատարկ տներ՝ կոտրտված պատուհաններով: Ի դեպ՝ այս տներն իրենց արտաքին տեսքով շատ կոլորիտային են ու ոչնչով չեն զիջում Թուֆենկյանի Հին Դիլիջան համալիրին:

19-րդ դարում մշակութային ու առևտրային կյանքով եռուն այս քաղաքը այժմ ավան է հիշեցնում, որտեղից այցելուն գոհ է հեռանում համեղ խոհանոցի շնորհիվ:
«Տուն Արմենի» հյուրանոցը բարեկամի տուն է հիշեցնում՝ կանաչ բակով ու այգով, մեծ պատշգամբով, որտեղ արտասահմանցի հյուրերի մի խումբ էր ճաշում:
Բարևեցինք «տան տերերին» ու նորից բակ դուրս եկանք՝ ճոճ ու ճոճանակ նստելու:
Հյուրատանը մեզ ընդունած Իննան հոնի կոմպոտ է հյուրասիրում, հարցնում ենք, բայց իզուր, բնականաբար իրենք են պատրաստել: Դիլիջանում տնական ուտելիքի մասին հարցերը անտեղի անհարմարության մեջ են դնում, այդ պատճառով այստեղ հնարավորինս խուսափեք նման հարցերից:
Իննային հարցնում եմ, թե ինչու է էս սիրուն քաղաքը էսքան անտեսված, միշտ լսում ենք Դիլիջանի զարգացման մասին, բայց եկել ու հակառակն ենք տեսնում, Միջազգային դպրոցից ու Կենտրոնական բանկի շենքերից այն կողմ ամեն ինչ աչքաթող է արված:
«Մարդիկ էլ պետք է ուզեն, որ զարգանա ու գործ անեն՝ ձեռքերը ծալելու փոխարեն: Սպասում են՝ ով դրսից կգա իրանց համար կանի, որ իրանք ապրեն, բայց տենց չի լինում, չէ՞»,-արագ-արագ պատասխանում է Իննան՝ հյուրերի համար ձմերուկ ու սեխ կտրելով:
Դիլիջանի բնակիչները ջերմ են, հոգատար, եթե չունես քարտեզ ու չգիտես ուր գնալ, հարցրու պատահած մարդկանց, կամ խանութից մի բան գնելիս ասա, թե ինչի կարիք ունես, կամ ոնց ես ուզում հետ՝ Երևան հասնել, նրանք քեզ լավագույն տարբերակի մասին կասեն:
Կարծես բոլոր փողոցներով քայլել ենք, արձանները գտել, բոլոր համեղ ուտելքիները կերել, լճակի մոտ նստել և ժամանակն է գնալու: Մի տեսակ տպավորություն է, որ բարեկամիդ տնից ես գնում: Բաժանվում ենք Նունեից, քանի որ նա որոշել էր մնալ ու կապել իր ճոճն ու վրան խփել անտառում: Անհանգստանում եմ նրա համարձակ որոշման համար, բայց ինքը վստահ է, համ էլ մեծ ուսապարկի մեջ ամեն անհրաժեշտ բան ունի:
Երևան գալու համար նստեցինք բարեսիրտ դիլիջանցու մեքենան: Այն մարդու, ում կյանքը բախտի ձեռքում էր: Հոգնած էր, բայց շունչ գտավ իր ուսանող երեխեքի մասին պատմելու: Հպարտությունը աչքերից ու ժպիտից կաթում էր: Զարմացավ, թե ինչի ենք մի օրով ելել-հասել Դիլիջան: Հարցրեց, թե տաք շոր ունե՞նք մեզ հետ, ցուրտ է: Հետո մեքենայի շարժիչի աղմուկի միջից նկատեց իր սիրելի երաժշտությունը ու բարձարցրեց ձայնը: Լսե՞նք…
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել