HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Կամբատ» խանութից մոտ 2 մլն դրամի համազգեստ, կոշիկ, դիմակ և այլ աքսեսուարներ են գնվել. պատմում է «Նորքի զինված խմբի» գործով վկան

Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Նորքի զինված խմբի» գործով դատական նիստին այսօր ցուցմունք տվեցին գործով մի քանի վկաներ:

Նրանցից  Շողիկ Հախվերդյանն այն  անձն է, ումից Արթուր Վարդանյանը վարձակալել է Նորքի առանձնատունը, որտեղից խումբը ձերբակալվել է: Ըստ Հախվերդյանի ցուցմունքի՝ Արթուր Վարդանյանը տունը վարձակալել է 2015-ի հոկտեմբերի 25-ին, մեկ ամսով:

Վարձակալության գործարքը տեղի է ունեցել Հախվերդյանի և Վարդանյանի ծանոթ բրոկերների միջոցով: Ըստ վկայի`իր տան վարձակալությունից հետո ինքը որևէ  կապ չի ունեցել Վարդանյանի հետ, անհրաժեշտության դեպքում կապ է պահպանել Մարինե Կաթանյանի հետ, ում ներկայացրել են որպես հաշվապահ: Նա ևս, ըստ Հախվերդյանի հայտնած տեղեկության, պետք է բնակվեր Նորքի տանը: Նորքի տանը պիտի բնակվեին նաև գործով անցնող մյուս կանայք`Նելլի Մինասյանն ու Ասյա Մկրտչյանը, որոնց ևս  ներկայացրել են որպես Արթուր Վարդանյանի աշխատակիցներ:

2015-ի նոյեմբերի 25-ին լուր տարածվեց, որ Նորքում «զինված բանդա» է ձերբակալվել:

Ըստ նախնական պայմանավորվածության`այդ օրը տան վարձակալները պիտի լքեին այն, սակայն դրանից առաջ Մարինե Կաթանյանն, ըստ Հախվերդյանի ցուցմունքի, զանգահարել է և խնդրել ևս 4 օր թույլ տալ մնալ տանը: Հախվերդյանը համաձայնել է:

Այսօր, երբ դատարանը վկայից փորձեց ճշտել`արդյոք տեղյա՞կ է ինչ գործով է կանչվել դատարան, Հախվերդյանը պատասխանեց, թե ինչպե՞ս կարող էր չիմանալ, երբ իր «տունն է քանդվել» այդ գործի պատճառով:

Երբ ոստիկանները մուտք են գործել տուն և ձերբակալել այնտեղ գտնվող մարդկանց, Շահվերդյանը գնացել է իր տուն և տեսել, որ «այնտեղ ամեն ինչ ավերված է»:

«Պարկետն ամբողջությամբ խազված էր, պատերը` վնասված, տանն ամեն ինչ խառնված էր իրար»,- ասաց Հախվերդյանն ու նշեց, որ Արթուր Վարդանյանն իրեն խոստացել է փոխհատուցել պատճառված վնասը: Հախվերդյանն այս պահին Վարդանյանից որևէ գումարային պահանջ չունի: Հայտնեց նաև, որ ոստիկանությունը նույնպես իրեն պատճառված վնասը որոշակիորեն  փոխհատուցել է, փոխել դարպասները, որոնք խմբին ձերբակալելու օրը քանդվել էին:

Գործով մյուս վկան`Արմեն Մովսիսյանը, «Կամբատ» խանութի տնօրենն է, որտեղից, ըստ գործի նյութերի, խմբի համար զինվորական համագգեստ և այլ պարագաներ են գնվել:

Ըստ Մովսիսյանի ցուցմունքի՝ 2015-ին Արթուր Վարդանյանը մի քանի անձանց հետ գնացել է իրենց խանութ և համազգեստ, երկարաճիտ կոշիկ և այլ աքսեսուարներ գնել: Մովսիսյանը դահլիճում ներկա ամբաստանյալներից ճանաչեց Արթուր Վարդանյանին և Նելլի Մինասյանին: Ըստ վկայի ցուցմունքի՝ իրենց խանութից 1.5-ից 2 մլն դրամի հագուստ, դիմակ, ձեռնոց  և այլ պարագաներ են գնվել, և հաշվի առնելով ապրանքի մեծ ծավալը՝ ինքը հետաքրքրվել է, թե ինչի համար են գնում: Մովսիսյանին պատասխանել են, թե այդ պարագաները հայրենասիրական ֆիլմի նկարահանման համար են:

Այսօրվա դատական նիստին ամբաստանյալ Խաչիկ Ավետիսյանը հայտարարեց, որ մյուս դատական նիստին որպես բողոքի ակցիա չի ներկայանալու: Ավետիսյանը պահանջում է, որպեսզի իրեն թույլատրեն տեսակցել երկու տարեկան թոռնիկին, սակայն դատարանը  թույլ չտվեց ներկայացնել միջնորդությունը՝ նշելով, որ դրա վերաբերյալ արդեն իսկ որոշում կա, համաձայն  որի՝ ամբաստանյալներին թույլատրվում է տեսակցել միայն իրենց  ծնողների, ամուսնու և զավակների հետ:

«Ես ծնող չունեմ, երեխաներս խաղաղապահ զորքերում են, միայն թոռ ունեմ, որին թույլ չեք տալիս տեսակցել»,- հայտարարեց Խաչիկ Ավետիսյանը:

Դատական նիստն այսօր ավարտվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter