
Այվազյանը Դեմոյանից պահանջում է 3 միլիոն դրամ փոխհատուցում
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հիմնադիր տնօրեն Արմեն Այվազյանը դատի է տվել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին:
Հայցվոր Արմեն Այվազյանը համարում է, որ պատասխանող Հայկ Դեմոյանը վիրավորել ու զրպարտել է իրեն և դատարանից պահանջում է պատասխանողին պարտավորեցնել իրեն վճարել 1.000.000 դրամ՝ որպես հասցված վիրավորանքների դիմաց փոխհատուցում և 2.000.000 դրամ՝ որպես զրպարտելու դիմաց փոխհատուցում:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին ուղարկված հայցադիմումի մեջ նշվում է, որ 2011թ. մարտի 30-ին Հայկ Դեմոյանը, գտնվելով ԱՄՆ-ում, հարցազրույց է տվել «Վերադարձ» հեռուստահաղորդման հեղինակ Հարութ Բռոնոզյանին, իսկ ապրիլի 11-ին nt.am, ապրիլի 12-ին hetq.am կայքերում հրապարակել է «Գիտության սանիտարները կամ անբուժելի մեծամտության վնասները. ցավակցական նոթեր Գևորգ Յազըճեանի «Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին» գրության շուրջ» վերնագրով հոդված, որոնցում իրեն հասցրել է մի շարք վիրավորանքներ և զրպարտել: Մասնավորապես՝ հաղորդման ժամանակ իրեն անվանել է «խառնակիչ», «սնափառության մոլուցքով տառապող մարդ», «ոհմակի ղեկավար», «պետական հանցագործ» և այլն:
Բացի դրանից, ըստ հայցադիմումի, Հայկ Դեմոյանը հայտարարել է, թե Արմեն Այվազյանը «թուրքական խայծն է կուլ տվել», զեղել է «(իր) կուտակած թույնը, մաղձը, նախանձը», «պետական հանցագործություն է իրականացրել», երբ առաջինը բարձրաձայնել է, որ 2008 թ. սեպտեմբերի 6-ին՝ Թուրքիայի նախագահի Երևանում գտնվելու օրը' Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ, Ծիծեռնակաբերդի Հայոց եղեռնի հուշարձանի լույսերը մարվել են:
Վերոնշյալ հոդվածում Հայկ Դեմոյանն Արմեն Այվազյանին անվանել է «իրեն ռազմավարագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն հորջորջող անձ», «էժանագին պոպուլիզմով ու ինքնահավանության մոլուցքով տառապող լյումպենացված խմբակի», «մերժվածների խմբակի»-ի անդամ՝ ավելացնելով, թե այդ «խմբակ»-ի «(բ)աշիբոզուկային գործելակերպը» շատերին է նրանից վանել, և որ ինքն այդ «խմբակ»-ի մասին կարող է ասել՝ «անցավորաց մասին կամ լավ, կամ ոչինչ» և այլն:
«Պատասխանողի կողմից հեռուստահաղորդման, իսկ այնուհետև հոդվածում արված բոլոր վերոհիշյալ արտահայտություններն կազմում են Հայցվորի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող հրապարակային վիրավորանքներ և/կամ զրպարտություն»,- նշվում է հայցադիմումի մեջ:
Մեկնաբանություններ (50)
Մեկնաբանել