
Դատախազության պարզաբանումը՝ Ծիլքարի դպրոցի վերաբերյալ
Դեկտեմբերի 15-ին «Հետքը» նամակ էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ խնդրելով տեղեկացնել, թե ինչ ընթացք է տրվել Ծիլքար համայնքի մանկավարժների դիմումին:
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Ծիլքար համայնքի դպրոցի ուսուցիչները հնարավոր է՝ չստանան դեկտեմբեր ամսվա աշխատավարձը: Այս համայնքում դեռևս չի լուծվել «ՎՏԲ-Հայաստան բանկի» և գյուղացիների վարկերի խնդիրը: Բանկը դպրոցի հաշվիվներից 2 մլն դրամ է բռնագանձել՝ երկու գյուղացու ժամկետանց վարկը մարելու համար, ինչի հետևանքով դպրոցի ուսուցիչներն աշխատավարձ չեն կարողանում ստանալ: Իսկ խնդիրը ծագել է դեռևս 2007-ից, երբ գյուղացիները վերոնշյալ բանկից վարկ են վերցրել, իսկ որպես երաշխավոր հանդես է եկել նաև դպրոցը: Ծիլքարցիների չմարած վարկերը, տոկոսներն ու տույժ-տուգանքները «ՎՏԲ-Հայաստան բանկը» փորձում է գանձել պետական ֆինանսավորում և դոտացիա ստացող համայնքային կառույցներից: Այս հարցով Ծիլքարի մանկավարժական կոլեկտիվը դիմել է դատախազություն:
Քիչ առաջ «Հետքը» ստացավ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի պատասխանը, որը ներկայացվում է ստորև:
Ի պատասխան 2011թ. դեկտեմբերի 15-ի Ձեր գրության՝ տեղեկացնում եմ, որ 2011թ. նոյեմբերի 16-ին Արագածոտնի մարզի դատախազությունում ստացվել է նույն մարզի Ծիլքար գյուղի դպրոցի մանկավարժական կոլեկտիվի դիմումն այն մասին, որ 2007թ. ընթացքում «ՎՏԲ Հայսատան բանկ»-ն իրենց համագյուղացիներին տրամադրել է վարկեր, իսկ որպես երաշխավոր հանդիսացել է գյուղի դպրոցի նախկին տնօրեն Ժ. Սարգսյանը:
Եվ քանի որ որոշ վարկառուներ հրաժարվել են կատարել հիշյալ բանկի նկատմամբ ունեցած վարկային իրենց պարտավորությունները, իսկ երաշխավորը եղել է դպրոցը, ուստի բանկն այդ գումարը բռնագանձել է դպրոցի բյուջեից: Այդ իսկ պատճառով դպրոցի մանկավարժական կոլեկտիվն աշխատավարձ չի ստանում: Գրությամբ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը խնդրել է համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ իրենցից բռնագանձված գումարը հետ վերադարձնելու համար:
Դիմումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Արագածոտնի բաժին՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «ՎՏԲ Հայասատան բանկ»-ի Սպիտակի մասնաճյուղից գյուղատնտեսական վարկեր ստանալու համար Ծիլքար գյուղի վարկառուների թվում եղել են ինչպես դպրոցի ուսուցիչներ, այնպես էլ դպրոցի հետ առնչություն չունեցող գյուղի բնակիչներ:
Վարկառուների համար երաշխավոր է հանդիսացել գյուղի դպրոցը և գյուղապետարանը: Վարկերը տրամադրվել են 2 տարի մարման ժամկետով՝ գրաֆիկով նախատեսված վարկային մարումներ կատարելու պայմանով:
Այն բանից հետո, երբ վարկառուները բանկի նկատմամբ չեն կատարել իրենց վարկային պարտավորությունները, բանկը հարկադիր ծառայության միջոցով դպրոցի բյուջեից բռնագանձել է շուրջ 1 933 200 դրամ գումար՝ ուսուցիչների՝ օգոստոս և հոկտեմբեր ամիսների աշխատավարձը:
Բռնագանձված գումարով մարվել է Ծիլքար գյուղի բնակիչներ Թ. Խաչատրյանի և Ֆ. Մինասյանի անուններով ձևակերպված և չմարված վարկերի գումարները: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ 1 746 761 դրամի չափով գումար է բռնագանձվել նաև գյուղապետարանի ֆինանսական միջոցներից, որով նույնպես մարվել են վարկառուների վարկի գումարներից:
19.12.2011թ. դրությամբ ոստիկանության Արագածոտնի բաժնում նյութերի նախապատրաստումը շարունակվում էր:
Հարգանքով՝
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյան
Մեկնաբանել