
Աշոտ Սուքիասյան. «Ես Հայաստան եմ եկել՝ արդարադատություն ակնկալելով»
Ամալյա Մարգարյան
«1937թ. երեք ցուցմունքի հիման վրա էին դատում, իսկ այսօր` մեկ ցուցմունքով», - օֆշորի գործով նիստի ընթացքում իր պաշտպանական ճառն այսպես սկսեց ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը: Նա իրեն որևէ մեղադրանքում մեղավոր չի ճանաչում:
Սուքիասյանը հայտնեց, որ իր կատարած ծախսերն ավելի շատ են եղել, քան բանկի տրամադրած վարկը: «Ամերիաբանկը» ինձ 10 մլն 700 հազար դոլար վարկ է տրամադրել, իսկ իմ կողմից ծախսվել է 17 մլն 43 հազար 780 դոլար: Ի՞նչ խարդախության մասին է խոսքը: Հայրապետյանն ինքն է ինձ մոտեցել, ինքն է առաջարկել, 10 ամիս շարունակ խնդրել, որ կա́մ վաճառեմ, կա́մ գրավադրեմ իր գույքը: Վարկ ենք վերցրել, Հայրապետյանի պարտքերը փակել եմ, գույքը բերել եմ իրավական տեսքի, մարել եմ գազի, լույսի, հողահարկի պարտքերը»,- հայտնեց Աշոտ Սուքիասյանը:
Նա նշեց, որ վարկը ստացել են այն ժամանակ, երբ Աֆրիկայում անձրևներ են եղել, և չեն կարողացել աշխատել:
Տուժող Փայլակ Հայրապետյանը, ըստ Սուքիասյանի, հայտարարել է, որ վարկը վերցնելուց 5 ամիս հետո հասկացել է իր խաբված լինելը, ինչը իրականությանը չի համապատասխանում: Վարկը վերցնելուց 13 ամիս հետո, Սուքիասյանի խոսքով, հորատող մեքենա են գնել և ուղարկել Աֆրիկա:
Հարկերից խուսափելու մեղադրանքի վերաբերյալ էլ ամբաստանյալը նշեց, որ «կանխավճարներ են թողել»: Սուքիասյանի պնդմամբ՝ Հայրապետյանը տեղյակ էր կատարված բոլոր գործարքներից: «Առավոտյան գալիս էր, երեկոյան գնում էր, իսկ ամբողջ գիշեր՝ մինչև 3-ը, զանգում էր: Ավելի շատ էր օֆիսում լինում, քան ցանկացած աշխատակից,- ասաց Սուքիասյանը՝ նայելով դահլիճում նստած Փայլակ Հայրապետյանին, - քո երևացող ու չերևացող հովանավորները պատասխան են տալու, դու պատասխան ես տալու, Հայրապետյա́ն»:
Ամբաստանյալը հերքեց նաև փողերի լվացման մեջ իրեն մեղադրելու փաստը՝ հայտնելով, որ իր կամքով է եկել Հայաստան՝ արդարադատություն ստանալու հույսով. «Որտե՞ղ եմ փողեր լվացել, ո՞ր խախտման համար են ինձ մեղադրում, որ հարուստ բիզնես եմ արե՞լ»:
Ապա անդրադարձավ լրատվամիջոցներին. «Լրատվամիջոցներն ինչո՞ւ ամեն ինչ չեն գրում, չնայած Հայրապետյանն ամեն տեղ հայտարարում է, որ շատերի բերանները գաջով փակել է, շատերն իրենց լրատվամիջոցի մասնագիտությունը թողած` հետաքննությամբ են զբաղված: Ես էլ մարդիկ ուղարկեցի, որ գնան և լրատվամիջոցներին ասեն` ինչը ինչոց է»:
Սուքիասյանը նշեց նաև, որ դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Փայլակ Հայրապետյանի միակ նպատակը, ըստ Սուքիասյանի, «Ամերիաբանկ»-ից իր ունեցվածքը վերցնելն է և որպես իրավահաջորդ՝ Աֆրիկայում եղածին տիրանալը:
Աստվածաշնչից մեջբերում անելով և դատավորից արդար որոշում խնդրելով՝ Աշոտ Սուքիասյանն այսօրվա ճառն ավարտեց հետևյալ խոսքերով. «Թող Աստված առաջնորդի ինձ»:
Հաջորդ նիստին՝ հոկտեմբերի 2-ին, Աշոտ Սուքիասյանին կտրվի վերջին խոսքի իրավունք:
Այսօր դատական նիստերի դահլիճում ներկա էին նաև գերմանացիներ Գունթեր Կոլինոն և Անյա Կոլինոն, ովքեր «Հետքի» հետ զրույցում նշեցին, որ Աշոտ Սուքիասյանի գործունեության արդյունքում իրենք ևս տուժել են: Երբ ամբաստանյալն ավարտեց ճառը, Գունթեր Կոլինոն նրան հարցրեց, թե երբ է վերադարձնելու իր փողերը, իսկ Անյա Կոլինոն էլ ասաց. «Աշո́տ , ոսկորը կոկորդիդ է մնալու»:
Անյա Կոլինոն պատմեց, որ 2009-ին, մինչև Փայլակ Հայրապետյանի հետ գործունեություն ծավալելը, իրենք Աշոտ Սուքիասյանին տրամադրել են 100.000 եվրո, որպեսզի իրենք ևս զբաղվեն ադամանդագործությամբ, սակայն Սուքիասյանը գումարից միայն որոշակի տոկոսներ է վերադարձրել: «Ինքը գիտեր, որ մենք այստեղ չենք, մի ամսով ենք գալիս ընդամենը, մեկ ասում էր, թե Թիֆլիս է գնում, մեկ ասում էր` Դուբայ էր գնալու: Նա ուղղակի նպատակ ուներ փողերը վերցնել և հեռանալ»,-ասաց Ա. Կոլինոն:
Մեկնաբանել