
Խաղողի մասսայական մթերումների գործընթացը մեկնարկել է
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այցով այսօր եղել է Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում, որտեղ մեկնարկել է խաղողի մթերման գործընթացը:
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ գյուղատնտեսության նախարարը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և Երևանի կոնյակի գործարանի խորհրդի նախագահ Արա Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել է ընկերության մասնաճյուղում, հետևել աշխատանքների ընթացքին:
Կառավարության հանձնարարությամբ գյուղատնտեսության նախարարությունը վերամշակողներից կհավաքագրի մթերված բերքի ծավալներին վերաբերող տվյալները, իսկ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կհամադրի դրանք արտադրված գինենյութի ցուցանիշների հետ:
Ցածր տոկոսադրույքով մատչելի մթերման վարկերի տրամադրումն այս տարի կնպաստի նաև վճարումների կատարման խնդիրների լուծմանը: Նախարարն ընդգծել է, որ հետևելու են, որպեսզի գումարն ուղղվի այն ընկերություններին, որոնք գյուղացուց են մթերումներ իրականացնում, խաղողի սեփական այգիներ ունեցող վերամշակողների հայտերը մերժվելու են, լինելու է մոնիթորինգ և խիստ վերահսկողություն: 14 ընկերությունների հայտեր ուսումնասիրման փուլում են:
Նախարարի խոսքով` մթերման գինը կորոշեն ընկերություններն ու գյուղացիական տնտեսությունները կնքված պայմանագրերի համաձայն:
Երևանի կոնյակի գործարանի խորհրդի նախագահ Արա Գրիգորյանի խոսքով` վաղվանից մթերումները կսկսեն իրականացվել նաև Արարատի մարզի Այգավանի, իսկ սեպտեմբերի 20-ից` Տավուշի մարզի Բերդի մասնաճյուղում, մթերման գինը 130 դրամ է 1 կգ-ի դիմաց:
«Այս տարի կընդունենք շուրջ 30 հազար տոննա խաղող, ֆինանսական ոչ մի խնդիր չկա, վաղվանից կսկսվեն վճարումները այսօր գնված խաղողի դիմաց»,-նշել է Երևանի կոնյակի գործարանի խորհրդի նախագահը:
Արա Գրիգորյանը հավելել է, որ մթերումներն իրականացվում են բացառապես պայմանագրային հիմունքներով:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել