HY RU EN

Գյուղական կյանք ու մթերք՝ Երևանի Անգլիական այգում

Արդեն չորրորդ տարին  է` Երևանում անցկացվում է «Գյուղական կյանքի և ավանդույթների» ամենամյա փառատոն: Գյուղատնտեսության  նախարարության փոխանցմամբ՝ փառատոնի նպատակն է գյուղատնտեսական արտադրանքի, ավանդական մշակույթի և բերքի տոնի շուրջ համախմբել ավելի քան 12 000 այցելուի:

Անգլիական այգում այսօր ներկայացված էին ինչպես գյուղատնտեսական ապրանքներ, այնպես էլ ձեռագործ աշխատանքներ:

Վաճառքի էին հանված նաև կոոպերատիվների արտադրանքը՝ գյուղատնտեսական մթերքներ` պանիր, պահածոներ, հյութեր, քաղցրավենիք, ձեռագործ զարդեր և սիրիական խոհանոցի ուտեստներ:

Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի 7 ընտանիք փառատոնին բերել էին իրենց աճեցրած և դրանից պատրաստած չիչխանի օշարակ, կոմպոտ, մուրաբա: Այս անգամ նաև փորձնական վաճառում էին  մասուրի, ազնվամորու հյութ, ընկույզի մուրաբա: Այս ապրանքներն արտադրող ընտանիքներն աշխատում են «Արևհատիկ» կոչվող կոոպերատիվում, որը զբաղվում է չիչխանի վերամշակմամբ: Գյուղատնտեսական խումբը ձևավորվել է 2016-ին, այն ղեկավարում է Խաչիկ Կիրակոսյանը: Նրա փոխանցմամբ՝ նախորդ տարի փառատոնին խմբի անդամներն առանձին-առանձին են մասնակցել, իսկ այս անգամ արդեն որպես նոր ձևավորված կոոպերատիվ որոշել են միասին ներկայացնել գյուղի արտադրանքը: Ասում է՝ այս տարի, նախորդի համեմատ, հետաքրքրվածությունն ու վաճառքն ավելի մեծ է:

Շիրակի մարզի Մանթաշ համայնքի «Մանթաշի Միլենա» կոոպերատիվի անդամ Մուրադ Անդրեասյանն էլ գյուղացիների հետ վաճառում էր չանախ, սուլուգունի, հոլանդական տեխնոլոգիայով պատրաստված պանրի տեսականի: Պանիրը կոոպերատիվի անդամները պատրաստում են իրենց ֆերմայում արտադրված կաթից:

«Մանթաշի Միլենա»-ն արդեն երրորդ տարին է, ինչ մասնակցում է այս փառատոնին: Գյուղատնտեսը գոհ է պանիրի այսօրվա վաճառքից, ասում է՝ շատ քիչ քանակությամբ չվաճառված պանիր է մնացել, որն էլ կհասցնեն իրացնել մոտակա ժամերին, քանի որ մարդկանց հոսքն ու հետաքրքրվածությունն արտադրանքի նկատմամբ մեծ է: Մուրադ Անդրեասյանը, հաշվի առնելով իրենց փորձը, հավաստում է, որ նման փառատոնի անցկացումը արտադրանքը շուկայում ճանաչելի դարձնելու համար լավ միջոց է:

«Սիլաս»-ը սիրիահայ ընտանիքի բիզնես է: Սիրիահայ այս խմբի անդամները տասն օր առաջ են Հայաստան եկել: Արդեն հասցրել են փառատոնին մասնակցելու նախապատրաստական աշխատանքներ իրականացնել. «Մենք ներկայացնում ենք նշանդրեքի, հարսանիքի, ծնունդի, առիթների ձևավորման պարագաներ: Ինչ տեսնում եք ձեռագործ է, մենք ենք պատրաստում»,-ասում է Գէորգ Ակուշյանը՝ ցույց տալով պատին փակցնելու ձեռագործ կտավներն ու ծննդյան արարողությունների համար նախատեսված տարոսիկները:

Փառատոնի մյուս սեղանն էլ Տավուշի մարզի Խաչարձան համայնքի 9 կանանցն է: Նրանք վաճառում էին իրենց աճեցրած բանջարեղենը, դրանից պատրաստված պահածոները, «Ռոկա» անունով կոչվող կանաչեղենը, Հայաստանի համար ոչ ավանդական կանաչին, ընդեղենը, իրենց թորած օղին և գինին. «Մենք բերել ենք մեր անհատական պահածոները, ընդեղենը, թթուն: Սա առաջին անգամն է, որ մասնակցում ենք: Կարծում ենք՝ երկրորդ անգամն ավելի լավ կլինի, ավելի մեծ տեսականի կբերենք»,-ասում է խմբի ղեկավար Ռուզաննա Ավագյանը: Ռուզաննան նաև վաճառում էր իր աճեցրած և ձևավորած 30 կիլոգրամանոց դդումը. հավաստում է՝ դրանից շատ համեղ մուրաբա է ստացվելու: