
Նայիր Հայաստանի աչքերին
հատված դեկտեմբերի 18-ին բնապահպան ակտիվիստների Քաջարանց գյուղ կատարված այցից
«Բալա ջան, Հայաստան չկա, Հայաստան չկա…»
Իմ առջև կանգնած էր կյանքի մայրամուտին մի բուռ դարձած, տարիների ծանրությունից կուչ եկած, ալեհեր մի տատիկ, որը կնճռոտված ձեռքերով հազիվ հենվել էր ձեռնափայտին: Նայեցի աչքերին: Բարի էին, խոնավ, մշուշոտ, տառապանքի համը ճաշակած, հաղթանակի և պարտության գինը իմացող, այլևս պայքարելու անկարող:
Վա՜խ տատիկ ջան, որքա՜ն ծեր ես դու, որքա՜ն ես ծերացել դու: Դու, որ կյանքիդ արշալույսին եղել ես նրբագեղ, հմայիչ հայուհի, որը մի գեղեցիկ օր պիտի ընտանիք կազմեր ու սյունյաց լեռներին թողներ համեստ իր ժառանգությունը՝ երկու որդիներին:
Այն ժամանակ՝ կյանքիդ արշալույսին, դու հավանաբար պատկերացնել անգամ չէիր կարող, որ մի չարաբաստիկ օր ձեր գյուղի գերեզմանոցում քո իսկ ձեռքերով պիտի թաղեիր երկու որդիներիդ, հետո այդ նույն գերեզմանոցին պիտի հանձնեիր հայոց բանակում կախաղան բարձրացված 18-ամյա թոռանդ: Ու մնայիր բոլորովին մենակ էս անիրավ աշխարհում:
Իսկ հետո ստիպված պիտի լինեիր… նորից ապրել, ապրել հերոսաբար, ամեն օր կրել քո խաչը, հողից սեփական ձեռքերով ու քրտինքով քամել քո հանապազօրյա հացը:
Հետո կյանքիդ իրիկնամուտին պիտի հայնտվեին ինչ-որ չինովնիկներ ու կառավարության N627 որոշումը ձեռքներին «հանրային գերակա շահ» անվան տակ բացատրեին, որ քեզ շուտով հանելու են քո գյուղից, որովհետև գյուղիդ տեղը հանք է լինելու:
«Հանրային գերակա շահ»… Այս խոսքերը քեզ ոչինչ չեն ասում, միայն գիտես, որ կորցնելու ես քեզ կերակրող մի թիզ հողդ՝ միակ բանը, որ անգամ քմահաճ կյանքը չվերցրեց քո ձեռքից, տանիքդ, եկեղեցիդ, հավատդ, զավակներիդ գերեզմանոցը:
Իսկ մի քանի օր անց պիտի հայտնվեին ինքնակոչ ինչ-որ մտավորականներ, որոնք, կեղծ բարեպաշտության գլխարկի տակ թաքնված, ուրանալով քեզ ու գյուղիդ պատմությունը, ազգիդ առաջ սուտ վկայություն պիտի տային, որ գյուղիդ տեղահանությունը սուրբ գործ է: Իմ մոռացվա՜ծ տատիկ, իմ ուրացվա՜ծ տատիկ…
-Բալա՛ ջան, բա որ ինձ իմ տանից հանեն, ես ո՞նց եմ ապրելու, բա իմ երեխեքի գերեզմանները: Գոնե առաջ գիտեի, որ մեռնեմ, գյուղը կհավաքվի, կթաղի: Բա որ գյուղը տեղահան անեն, ինձ ո՞վ ա թաղելու: Բալա ջան, էլ Հայաստան չկա, Հայաստան չկա:
-Տատի՛ ջան, մենք էսօր էստեղ են, քո կողքին, որովհետև ուզում ենք կառուցել մեր երազած Հայաստանը, ու հավատա՝ կառուցելու ենք:
-Կառուցե՛ք, բալա՛ ջան, կառուցե՛ք:
Նայեցի աչքերին. բարի էին, խոնավ, մշուշոտ, հավատով լի, այս անգամ՝ հավատով լի:
Տատիկ ջան, եթե դու անգամ լինես գյուղի վերջին մարդը, որը չուզի լքել իր տունը, մենք լինելու ենք քո կողքին, մենք պայքարելու ենք մինչև վերջ, որովհետև Հայաստանը դու ես, Կապույտ Ջիղի լուռ վկայությամբ սյունյաց լեռներին բազմած քո գյուղն է Հայաստանը, քեզ կերակրող քո մի բուռ հողն է Հայաստանը, մի ընտանիքի պես ապրող, իրար դարդ ու ցավը կիսող քո գյուղացիներն են Հայաստանը, հարևան սարի լանջին ննջող նախնիներիդ ու որդիներիդ կենդանի շիրիմներն են Հայաստանը:
Եվ դու իրավունք ունես ապրելու քո՛ Հայաստանում, հոգիդ ավանդելու քո՛ տան տանիքի տակ և հանգչելու ձե՛ր գյուղի գերեզմանոցում: Չենք հանձնելու ո՛չ մի թիզ հող, ո՛չ մի քար, ո՛չ մի հիշողություն: Մենք պահելու ենք Հայաստանը, մենք կառուցելու ենք Հայաստանը…
Ռուզաննա Գրիգորյան,
Քաջարանց մեկնած մի խումբ ազգապահպան երկրապահպան բնապահպան ակտիվիստների խմբից
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել