
Առնետների հետ՝ նույն հարկի տակ
Գրիշա Բալասանյան
Շիրակի մարզի Ախուրյան համայնքում պետության միջոցերով վերջերս կառուցված շենքերից քիչ հեռու՝ փողոցից ներս ընկած մասում, երևում էր մի վագոն-տնակ: Դրսից արդեն նկատելի էր, որ վագոն-տնակը պիտանի չէ բնակության համար: Տանիքը փտել է, երկաթյա պատերը ժանգոտել և անցքեր են առաջացել:
Մոտեցանք այդ տարածքին: Ծառերի տակից դուրս եկավ մի տղամարդ, նրա հետևից կինն ու ոտաբոբիկ ու իր հասակից բավականին մեծ չափերի վերնաշապիկ հագած մի երեխա:
Հովհաննես Տիգրանյանն այժմ այդ տնակում է ապրում կնոջ և թոռնուհու՝ Ամալյաների հետ: 3-ամյա աղջկա ծնողները, նրան թողնելով պապի և տատի խնամքին, մեկնել են արտագնա աշխատանքի, որպեսզի աշխատեն և իրենց տուն գնեն:
Հովհաննեսը պատմեց, որ ընտանիքը երկար ժամանակ է ապրում վագոն-տնակում: Չէր հիշում, թե կոնկրետ քանի տարի, սակայն նշում էր՝ «վաղուց»: Մինչ վագոն տնակում հայտնվելը ընտանիքն ապրել է Հովհաննեսի հայրական տանը, հետո այնտեղից դուրս են եկել ու ժամանակավոր ապրել այլ տներում, վերջում հանգրվանել են վագոն-տնակում:
1988-ի երկրաշարժից չեն տուժել, անշարժ գույք չեն կորցրել այդ իսկ պատճառով դուրս են մնացել պետական ծրագրերից:
Դրսից ցույց տալով վագոն-տնակի անմխիթար վիճակը` ուղեկցում են ներս, սակայն ոտքս դեռ շեմից ներս չդրած բղավում են՝ «ոտքդ կամաց դիր, կընգնիս փոսը»: Տնակի հատակը ևս փտած էր, և անցքերը փակել էին ինչով պատահի:
«Առնետները մեջը կվխտան: Վախից լույսերը վառած կքնինք օր երեխին վնաս չտան»,-ասում է Հովհաննեսը: Նա պատմեց, որ իրենց տան հարցով բազմիցս դիմել է Ախուրյանի համայնքապետին, կառավարության անդամներին: Համայնքապետը խոստացել է հարցին լուծում տալ, սակայն մինչ օրս արդյունք չկա: Նրանք նաև վառելիք չունեն և չգիտեն, թե ինչպես են ջեռուցելու անցքերով վագոն-տնակը:
Հովհաննես Տիգրանյանն ասում է, որ համայնքում ազատ բնակարաններ շատ կան և եթե համայնքապետը ցանկանա, կարող է իրենց բնակարան հատկացնել, սակայն հարցը ձգձգվում է: Նաև ասաց, որ համայնքապետարանից երբևէ աջակցություն չի ստացել՝ բացի ժամանակավոր աշխատանքով ապահովելը:
Տիկին Ամալյան պատմում էր, որ անձրևների ժամանակ տանիքից ամբողջ ջուրը լցվում է ներս և չկա մի անկյուն որտեղ կարող են պատսպարվել:
Նրանք չունեն կայուն աշխատանք: Համայնքապետի աջակցությամբ Հովհաննեսը գումարի դիմաց փողոցներն է մաքրել, բայց հիմա անգործ է մնացել: Ասում է, որ թեև ինֆարկտ, ինսուլտ է տարել, սակայն ուժերի ներածին չափով կարող է աշխատել, որ սոված չմնան: Բանվորություն է անում, իսկ այդ աշխատանքը չլինելու դեպքում` ծառերի բարակ շիվերից ցախավել է պատրաստում և հատը 300-500 դրամով վաճառում շուկայում:
Նրանց ասելով` նպաստ չեն ստանում: Իրենց ամուսնացած աղջիկը ևս իրենց հետ է հաշվառված, նա է ստանում նպաստը:
«Էրեխեն ինչ օր հասկնա, օր սովի տարի է, հեչ մը բանըմ չի ուզե»,-ասում է Ամալյան և արագ-արագ ճաշի գդալը տանում երեխայի բերանը: Վերջինս լուռ է, ուշադիր զննում էր անծանոթ հյուրերին ու ոչինչ չէր խոսում:
Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանն էլ ասաց, որ նախորդ տարիներին՝ տարեկան 30-40 հազար դրամով ֆինանսապես աջակցել են, թեև այս տարի օգնություն չեն ցուցաբերել:
Համայնքապետն ասաց, որ կփորձեն Տիգրանյանների բնակարանի հարցը լուծել: Նշեց, որ չեն կարող վերջերս շահագործման հանձնված շենքում բնակարան հատկացնել, սակայն հարցը կլուծեն այլ եղանակով:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել