HY RU EN

Սառա Պետրոսյան

Կոտայքի աղբավայրը կառուցելու համար լրացուցիչ վարկ է հատկացվել

Վարկառուներ են ճանաչվել Կոտայքի եւ Գեղարքունիքի 12 քաղաքային համայնքները

Ֆինանսների նախարարության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թ.-ի ապրիլի 5-ին ստորագրվեց «Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը», որով նախատեսվում է կառուցել եվրոպական չափանիշերին համապատասխան սանիտարական աղբավայր եւ ներդնել աղբահանության արդյունավետ համակարգ: Այս վարկային համաձայնագրի ստորագրմամբ վերաձեւակերպվեց 2014 թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ կառավարության եւ Բանկի միջեւ ստորագրված «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագրի» 3.5 մլն Եվրո արժողությամբ վարկային համաձայնագիրը:

2014 թ.-ին ստորագրված վարկային ծրագրով նախատեսված էր Կոտայքին միացնել միայն Սեւան քաղաքը: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով` այս դեպքում խնդիրներ էին առաջանում այն առումով, որ Գեղարքունիքի մարզի մյուս համայնքները միասին բավարար աղբ չէին կարող ունենալ, որպեսզի նրանց համար առանձին աղբավայր կառուցվեր: Ուստի, կարեւորելով աղբահանության hամակարգի բարելավման նպատակով հանրապետությունում 5 տարածաշրջանային աղբավայր ունենալու առաջարկը,  ինչպես նաեւ հիմք ընդունելով Կառավարության 2011թ. հունիսի 10-ի «Սեւանի լճի ավազանում աղբավայրերի տեղաբաշխման գլխավոր ուրվագծին հավանություն տալու մասին», թիվ 22 արձանագրային որոշումը, որով կարգավորվում է Գեղարքունիքի մարզում գոյացած ողջ աղբի հեռացումը Սեւանա լճի ջրահավաք ավազանից` Բանկի հետ քննարկել են ողջ Գեղարքունիքի մարզը ծրագրում ներառելու հարցը:

Կոտայքի աղբավայրի կառուցումը հետաձգվեց, որովհետեւ վերաստորագրված պայմանագիրը լրացուցիչ ուսումնասիրություն եւ լրացուցիչ ֆինանսներ էր պահանջում: Ծրագրի ընդհանուր բյուջեն 8,07 մլն եվրոյից հասցվեց 11 մլն-ի, որից 5,5 մլն եվրոն վարկ է՝ 15 տարի մարման ժամկետով, 5,5 մլն եվրոն` դրամաշնորհ: Վարկի տոկոսադրույքը` լողացող, արտոնյալ ժամկետը` 3 տարի: Բանկը նաեւ 1.600.000 դրամ դրամաշնորհ է հատկացրել խորհրդատվական ծառայությունների համար: Ծրագրի տեւողությունը 3 տարի է:

Ծրագրի երաշխավորը Հայաստանի կառավարությունն է, բայց վարկառուն երկու մարզերի 12 քաղաքային համայնքներն են՝ Կոտայքի մարզի Աբովյան, Բյուրեղավան, Եղվարդ, Ծաղկաձոր, Նոր Հաճն, Հրազդան, Չարենցավան եւ Գեղարքունիքի մարզի Սեւան, Գավառ, Մարտունի, Վարդենիս եւ Ճամբարակ: Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի 12 քաղաքային համայնքների ավագանիների որոշումներով ստեղծվել է ծրագրով նախատեսվող` կոշտ կենցաղային թափոնների կառավարման (ԿԿԹԿ) եւ նոր կառուցվող աղբավայրի շահագործման «Կոտայքի եւ Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ: Ընկերությունը 2016 թ.-ի սեպտեմբերի 30-ին ֆինանսների նախարարության հետ կնքել է ենթավարկային պայմանագիր՝ ստանձնելով վարկը մարելու եւ սպասարկման ծախսերը հոգալու պարտականությունները:

Վարկային միջոցներով նախատեսվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքին սահմանակից Լեռնանիստ համայնքից 3 կմ հեռավորության վրա Եվրոպական Միության չափանիշերին համապատասխան նոր աղբավայր կառուցել (ներառյալ ենթակառուցվածքները, շինություններն ու կառույցները): Ծրագրված է նաեւ Գեղարքունիքի մարզի Գավառ եւ Մարտունի քաղաքներում 2 փոխաբեռնման կայաններ կառուցել, ձեռք բերել թափոնների հավաքման բեռնատարներ, թափոնների համար կոնտեյներներ (արկղեր), աղբավայրի շահագործման աշխատանքների համար մասնագիտացված սարքավորումներ եւ այլն:

Աղբավայրի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2018 թ.-ի գարնանը: Ընտրված երկու միջազգային խորհրդատվական կազմակերպությունները կատարել են կառուցվող աղբավայրի տեղանքի երկրաբանական հետազոտությունները, մշակվել են կառուցվող աղբավայրի նախագիծը, շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փորձաքննության, աղբավայրի տարածքի հողահատկացման համար անհրաժեշտ երկրաբանական ուսումնասիրությունները: Վերջնական փուլում են աղբավայրի կառուցման միջազգային մրցույթ հայտարարելու նախապատրաստական աշխատանքները:

«Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման» վարկային ծրագիրը վերանայվեց այն բանից հետո, երբ Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն հիմնադրամը՝ բնապահպանության նախարարության եւ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ 2016 թ·-ից սկսեց «Հայաստանում կոշտ կենցաղային թափոնների կառավարման» (ԿԿԹԿ)  ռազմավարական էկոլոգիական գնահատման ծրագիրը:  

ԿԿԹԿ ռազմավարական զարգացման ծրագրով առաջարկվում է հանրապետության ողջ աղբը կուտակել 5 սանիտարական աղբավայրերում: Ծրագրի նպատակներից մեկն էլ այն է, որ Հայաստանում վերանան անօրինական աղբավայրերը: Հանրապետության ամբողջ աղբը 5 կետում կենտրոնացնելը, փորձագետների կարծիքով, հնարավորություն կընձեռի իրականացնել պատշաճ վերահսկողություն եւ հետագա մոնիտորինգ: Մեծ քանակությամբ աղբի կուտակումը  հնարավորություն կստեղծի հետագա վերամշակման համար այն առումով, որ կավելացնի ներդրումներ կատարելու գրավչությունը, քանի որ փոքր եւ անկանոն աղբավայրերը բացառում են նման հնարավորությունը:

Նախատեսված 5 աղբավայրերը գտնվելու են Շիրակում, Լոռիում, Կոտայքում, Երեւանում եւ Սյունիքում: Երեւանի աղբավայրը կլինի Նուբարաշենի աղբավայրի ավելի ընդլայնված տարբերակը, որի համար կօգտագործվի Նուբարաշենի աղբավայրին հատկացված հողակտորը: Այնտեղ հնարավոր է տարեկան կուտակել մոտ 300 հազար տոննա աղբ: Երեւանից բացի, այս աղբավայրը կծառայի Արմավիր, Արարատ, Վայոց ձոր եւ Արագածոտն մարզերին: