
Մուշեղ Շուշանյանը` արգելված փաստաբանների ցանկում. «Սասնա ծռեր»-ի գործով մասնավոր պաշտպանները դարձյալ գործադուլ են անում
«Սասնա ծռեր»-ի գործով դատական նիստին մասնավոր պաշտպանները չեն ներկայանում: Վերջիններս այս պահին դատարանի դիմաց են և հայտարարել են այս գործով գործադուլ սկսելու մասին: Փաստաբաների գործադուլի պատճառն այն է, որ փաստաբաններ Արայիկ Պապիկյանին և Մուշեղ Շուշանյանին կարգադրիչները դարձյալ չեն թույլատրել մտնել նիստերի դահլիճ:
Դատական նիստից առաջ` Արայիկ Պապիկյանի պայուսակի զննության ժամանակ, մետաղորսիչ սարքն ազդանշան արձակեց, իսկ Մուշեղ Շուշանյանի դեպքում հարցն անգամ չհասավ պայուսակին. փաստաբանի անձնական զննության ժամանակ մետաղորսիչ սարքը դարձյալ ազդանշան արձակեց, և Շուշանյանն ասաց, որ գրպանում դրամապանակ կա, սակայն կարգադրիչները պահանջեցին ցույց տալ այն: Շուշանյանն ու Պապիկյանը հրաժարվեցին կարգադրիչների պահանջներին ենթարկվել, և կարգադրիչները չթույլատրեցին նրանց մուտքը դահլիճ:
Նշենք, որ Մուշեղ Շուշանյանը այս գործով ընդամենը երկու նիստի է կարողացել ներկա գտնվել. մյուս բոլոր դեպքերում նրա մուտքն արգելվել է, և արդեն տպավորություն է ստեղծվում, որ դատարաններում ոչ միայն արգելված իրերի, այլ նաև արգելված փաստաբանների ցանկ կա, որում ընդգրկված է նաև Շուշանյանը:
Նշենք, որ գործադուլին գործով հանրային պաշտպանները չեն միացել: Գործադուլ հայտարարած փաստաբանները դատարանին միջնորդություն են ուղարկել` խնդրելով հետաձգել դատական նիստն ու ապահովել բոլոր պաշտպանների, այդ թվում` Մուշեղ Շուշանյանի և Արայիկ Պապիկյանի ներկայությունը, սակայն դատավորը նրանց` նիստին չներկայանալն անհարգալից գնահատեց և հեռացավ խորհրդակցական սենյակ` նրանց նկատմամբ սանկցիա կիրառելու։
Մեկնաբանել