HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում սեփականաշնորհված զգալի տարածքներ մնում են անմշակ. ըստ վարչապետի՝ դա անթույլատրելի է

Արցախի վարչապետ Արա Հարությունյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են աշնանացանի աշխատանքներն, ու քննարկվել գարնանացանի հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի գլխավոր տնօրեն Վահրամ Բաղդասարյանը, շրջվարչակազմի ղեկավարները, ոլորտի պատասխանատուներ:

Գյուղնախարար Ա. Խաչատրյանի խոսքով՝ Արցախում աշնանացանի համար հերկվել է մոտ 48 հազար 300 հա, ցանվել՝ մոտ 40 հազար 360 հա: Գարնանացանի համար հերկ կատարվել է 8 հազար 500 հա հողատարածությունում: Աշնանացանի տարածքի մակերեսը համարյա հավասարվել է անցած տարվա ցուցանիշին՝ չնայած պայմանավորվածություն կար ավելի մեծ տարածք թողնել գարնանացանի համար:

Վարչապետը շրջվարչակազմերի և գյուղբաժինների ղեկավարների աշխատանքը թերի է համարել, քանի որ հողամշակների հետ ժամանակին բացատրական աշխատանք չի կատարվել, ինչի արդյունքում հողօգտագործողները տարբեր պատճառաբանություններով հրաժարվում են գարնանացանից: Ցանքաշրջանառության բացակայությունը, վարչապետի համոզմամբ, շարունակում է մնալ ցածր բերքատվության հիմնական պատճառ: Արա Հարությունյանը անթույլատրելի է համարել նաև այն, որ սեփականաշնորհված զգալի տարածքներ մնում են անմշակ:

Վարչապետը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է վերանայել գարնանացանի համար ներկայացված հայտերը և հողամշակների հետ խորհրդատվություններ անցկացնելով՝ հնարավորինս լրացնել դրանք տարածքի և բույսերի բազմազանության առումով, ամփոփել գարնանացանի հայտերը և պետական աջակցության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել:

Արա Հարությունյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել սեփականաշնորհված հողերի մշակմանը: Այս հարցում կառավարությունը պատրաստ է ընդառաջել ցանկացած առաջարկի:

Վարչապետի մյուս հանձնարարականը առկա գյուղտեխնիկայի վերաբերյալ էր. թրթուրավոր տրակտորներն ու մյուս սարքավորումները պետք է բերվեն սարքին վիճակի, մինչև նոր գյուղտեխնիկայի ներկրումը: Մշակվում է պահեստամասերով տեխնիկան ապահովելու ծրագիր: Ձեռք բերվելիք նոր տեխնիկայի մի մասը կտրվի ագրոտնտեսություններին, իսկ մնացածը լիզինգով կտրամադրվի հողօգտագործողներին:

Արցախի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի և ագրոտնտեսությունների կողմից կատարված աշխատանքները, նախանշվեցին հետագա անելիքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter