HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքաշինական բոլոր խոշոր նախագծերը Երևանի Կենտրոնից կտեղափոխվեն այլ վարչական շրջաններ

Նախատեսվում է Երևանի կառուցապատման բոլոր խոշոր քաղաքաշինական նախագծերը և այս ուղղությամբ կատարվող ներդրումները Կենտրոնից և փոքր Կենտրոնից տեղափոխել այլ վարչական շրջաններ: Այս մասին այսօր՝ Հայաստանի Ճարտարապետների միության անդամների հետ հանդիպման ժամանակ, ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ դրանով ոչ միայն կթեթևանա կառուցապատման ծանրաբեռնվածությունը, այլև կապահովվի քաղաքի համաչափ զարգացումը:

Ճարտարապետների միություն կատարած իր այցի ժամանակ քաղաքապետն ընդգծել է, որ մայրաքաղաքում իրականացվող քաղաքաշինական նախագծերի վերաբերյալ քաղաքապետին կից քաղաքաշինության խորհուրդը, որի կազմում ընդգրկված են ճարտարապետների միության շատ անդամներ, պետք է լսի նաև հասարակության կարծիքը:

«Առաջիկայում կվերանայվի քաղաքաշինության խորհրդի կազմը, ուր ճարտարապետներից ու նեղ մասնագետներց բացի՝ նախատեսում ենք ընդգրկել հասարակական ակտիվ շերտերի, այդ թվում նաև բնապահպանների, երիտասարդական կառույցների և ոլորտի հետ առնչվող այլ կազմակերպությունների ներկայացուցիչների, որպեսզի հաշվի առնվեն բոլորի կարծիքները»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը միության անդամների անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ և մասնագիտական գիտելիքներով հնարավորին նպաստել մայրաքաղաքի ճարտարապետական դիմագծի կերտմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Տարոն Մարգարյանը լսել է նաև ճարտարապետների միության անդամների մտահոգություններն ու բարձրացրած հարցերը օրենսդրության մեջ տեղ գտած բացերի, ճարտարապետական ժառանգության պահպանման, ճարտարապետական մշակութային միջավայրի կառավարման վերաբերյալ:

Մեկնաբանություններ (1)

Anush
Որոշել են, երբ մայրաքաղաքի Կենտրոնում անգամ մեկ թիզ ազատ տարածք չի մնացել: Ափսոս, Տարոն Մարգարյանը վատ ժառանգություն ստացավ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter