
Դրական եզրակացություն՝ Արևիսի հանքային դաշտում ոսկի որոնելու նախագծին
Բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել Սյունիքի մարզի Արևիսի բազմամետաղների հանքային դաշտում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու «Գոլդեն լենդ» ՍՊԸ-ի նախագծին:
Հանքավայրն ընկած է Արևիս համայնքի հարավային ծայրամասում, ինչպես նաև Թասիկ և Բնունիս համայնքների շուրջ 8 քկմ հասնող տարածքում: Տեղամասն ընկնում է Սիսիան գետի աջակողմյան վտակների միջին հոսանքներում: Նախագծում նշվում է, որ հանքային դաշտի սահմաններում կան բազմաթիվ ստորերկրյա քաղցրահամ ջրի աղբյուրներ:
Ուսումնասիրության արդյունքում ընկերությունը նախատեսում է գնահատել և հաշվարկել Արևիսի հանքային դաշտում ոսկու և դրան ուղեկցող մետաղների պաշարները:
Եզրակացությունը հիմնվել է նաև մայիսի 30-ին Թասիկ համայնքում կայացած հանրային քննարկումների արդյունքների վրա, համաձայն որի՝ հանրության կողմից հնչել են դրական կարծիքներ և հավանություն՝ նախատեսվող գործունեության վերաբերյալ:
Ընկերության կողմից հայցվող շուրջ 1000 հա տարածքից բացառվել է Զանգեզուր պետական արգելավայրի տարածքի հետ համընկնող 143 հա-ն: Լրամշակված հայտում տարածքը կազմել է 798 հա: Հողօգտագործման համար վնասի փոխհատուցման գումարը համայնքներին կազմելու է 55,5 հազար դրամ:
Հիշեցնենք՝ համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, «Գոլդեն լենդ» ՍՊԸ-ն նորաստեղծ ընկերություն է. գրանցվել է 2016 թ.-ի ամռանը: Խոշոր բաժնետերերը կանայք են՝ 32-ամյա Էմմա Տիգրանի Վասիլյանը և 35-ամյա Էլիզա Մարզպետի Եղիազարյանը: Նրանցից յուրաքանչյուրը տիրապետում է ընկերության բաժնետոմսերի 40 %-ին: Մնացյալ 20 %-ի բաժնետերը Արցախի Բերձոր քաղաքում գրանցված Սամվել Ռաֆայելի Մակարյանն է:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել