HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժաննա Ալեքսանյան

Օրակարգում մահապատժի կիրառման հարցն է

Եվրոպացիները կտրուկ կերպով պահանջում են հրաժարվել մահապատժից, իսկ հայ քաղաքական գործիչների մեծ մասը գտնում է, որ «27»-ի դեպքում կարելի է եւ պետք է բացառություն անել:

Հայաստանում 30-ից ավելի մահվան դատապարտվածների թվում, առայժմ, հայտնի է մեկ դեպք, երբ մարդը մահվան է դատապարտվել չկատարած հանցագործության համար: 1997թ. 5 զինծառայողի սպանության մեղադրանքով մահվան է դատապարտվել 19-ամյա Արթուր Մկրտչյանը եւ արդեն 5 տարի է' գտնվում է մահապարտների խցում (սա լրագրողական հետաքննության աշխատանքի արդյունք է: Առկա են նրա անմեղությունն ապացուցող ծանրակշիռ փաստեր: Նյութի հրապարակումից հետո իրավապահ մարմինների կողմից հակառակ փաստարկներ չեն բերվել): Նա իրեն մեղավոր չի ճանաչել կատարված հանցագործության մեջ եւ միակն է Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանում պահվող մահապարտներից, ով ներման դիմում չի գրել: Արթուր Մկրտչյանը բազմաթիվ բողոքներ է հղել իշխանություններին, իրավապահ մարմիններին, սակայն նրա ձայնը չեն լսում: Հուլիսի 19-ին, երբ ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովի նիստը պետք է քննարկեր զինծառայողների խոշտանգումների վերաբերյալ մի քանի դեպքեր, նախագահի նստավայրի մուտքի մոտ ինքնահրկիզման փորձ արեց Արթուր Մկրտչյանի մայրը: Նրան մի կերպ փրկեցին անվտանգության ծառայության աշխատակիցները:

Վերջին տարիներին համաշխարհային իրավական պրակտիկայում հետեւողականորեն գերակշռողեն դառնում մահապատժի սահմանափակման միտումները: Դրանում իրենց դերն ունեն ՄԱԿ-ի, Եվրախորհրդի, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների նախաձեռնությունները:

1991 թվականին ՀՀ առաջին Նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը ընդունեց մորատորիում, ինչի արդյունքում մահապատիժը ի կատար չի ածվում, թեեւ ծանր հանցագործությունների համար դատարանը շարունակում է մահվան վճիռներ կայացնել: Քրեական նոր օրենսգրքի նախագծում մահապատիժը փոխարինված է ցմահ բանտարկությամբ: Ազգային ժողովում արդեն մի քանի ընթերցում անցած այս նախագիծը գրվել է ավելի քան չորս տարի առաջ, սակայն վերջնականապես չի ընդունվել: Ապացուցելու կարիք չկա, որ գործող քրեական օրենսգիրքը չի համապատասխանում օրվա հասարակական հարաբերություններին: Եվրոպական Խորհրդին անդամակցելիս Հայաստանի ստանձնած պարտավորություններից մեկը մահապատժի վերացումն էր եւ, կարծես, հայ հանրությունն ավելի շատ հակված էր այս տեսակետին: Համենայնդեպս մի¢չեւ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունները ավելի հաճախ հնչում էին մահապատիժը վերացնելուն կողմ կարծիքներ: Խնդրի առնչությամբ քաղաքական գործիչների եւ իրավաբանների դիրքորոշումները կտրուկ փոխվեցին 1999-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած դեպքերից հետո, երբ սպանվեցին վարչապետ Վազգեն Աարգսյանը, Աժ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վեց պատգամավորներ ու պաշտոնատար անձինք: Դրանից հետո Հայաստանի զանգվածային լրատվամիջոցներով ավելի հաճախ հնչում են մահապատժին կողմ տեսակետներ: Տարբեր առիթներով կարելի է լսել. «Նաիրի Հունանյանին պետք է գնդակահարել» կամ «Եղբորը նրա աչքի առաջ պետք է գնդակահարել, որպեսզի ասի ճշմարտությունը» արտահայտությունները:

«Իսկապես կա երկու մոտեցում, ընդհանրապես մահապատժի վերաբերյալ մեր պետության մոտեցումը, մյուսը' հոկտեմբերի 27-ից հետո ստեղծված իրավիճակը: Հոկտեմբերի 27-ի ոճրագործները պետք է կասկած չունենան, որ պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ: Հստակորեն պետք է արձանագրել, որ հոկտեմբերի 27-ի հետ կապված մահապատժի վերացում չի լինելու»,- հարցազրույցներից մեկում հայտարարում է Աժ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: Փոխխոսնակի վկայությամբ մահապատիժն ընդհանրապես վերացնելու հարց չի քննարկվում: Փոխխոսնակը ¢աեւ այն տեսակետն է հայտնում, թե մահապատժի վերացման հոդվածը կարելի է ուժի մեջ մտցնել 2005 թվականից:

Իրավագիտության դոկտոր Վլադիմիր Նազարյանի վկայությամբ' «մահապատժի խնդիրը սահմանադրական նորմ է եւ այն պետք է կարգավորվի Սահմանադրությամբ, ապա նոր օրենքի տեսքով»: Պարոն Նազարյանը կողմնակից է մահապատժին, թեեւ նախկինում (մինչեւ հոկտեմբերի 27-ը) հակառակ տեսակետն է ունեցել: ԱԺ իրավաբանական վարչության նախկին պետը կարծում է, որ «մահապատիժը վերացնելու կամ թողնելու հարցը հոգեկերտվածքի հարց է, ընդ որում, ըստ նրա, հայերիս ավելի հոգեհարազատ է մահապատիժը պահպանելը:

Մահապարտները

Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանում այսօր պահվում են 30-ից ավելի մահվան դատապարտվածներ: Ի՞նչ է սպասվում նրանց, ովքեր տարիներ շարունակ սպասում են... Պրն Նազարյանի գնահատմամբ մահապատժի սպասող դատապարտյալների վիճակը ողբերգական է: «Ամենայն հավանականությամբ նրանք պետք է ներման դիմում գրեն Հանրապետության նախագահին»,- ասում է նա: Ներում ստանալուց հետո նրանց պատիժը շատ հնարավոր է փոխվի 15 տարվա ազատազրկմամբ: Կան նաեւ այլ տեսակետներ, այն է' մահապատժի դատավճիռը փոխարինել ցմահ բանտարկությամբ: «Իսկ եթե նախագահը չների՞» հարցի պատասխանը Վլադիմիր Նազարյանից չստացանք: Չստացանք նաեւ այն հարցի պատասխանը, թե վերանայվելո՞ւ են, արդյոք, այն մահապարտների գործերը, որոնք համաձայն չլինելով իրենց նկատմամբ կայացված դատավճիռներին' պարբերաբար բողոքներ են հղում դատական իշխանություններին, ՀՀ դատախազությանն ու իրավապաշտպան կազմակերպություններին եւ որոնց կա՜մ պատասխաններ չեն տրվում, կա՜մ ստացվում է «դատավճիռն օրինական է, բողոքարկելու հիմքեր չկան» հերթապահ պատասխանը: Հնարավո՞ր է, արդյոք, բացառել դատական սխալը, այն էլ նախկին, չբարեփոխված դատական համակարգում: Ակնհայտ է, որ արդարադատության համակարգը, որքան էլ կատարյալ լինի, ապահովագրված չէ ողբերգական սխալներից, քանի որ այդ որակի գործերի քննումը չի կարող անսխալ լինել: Ինչպես հայտնի է, դատական սխալի հավանականությունը մահապատժի դեմ պայքարողների ամենակարեւոր փաստարկներից մեկն է: Ոչ ոք չի կարող ուղղել դատական սխալը, երբ մարդն արդեն մեռած է: Բազմաթիվ հետազոտություններով ապացուցված է նաեւ, որ մահապատժի կիրառումը չի նվազեցնում ծանր հանցագործությունների թիվը:

Մահապատժին կո՞ղմ, թե՞ դեմ կամ Հայաստանը «հոկտեմբերի 27»-ից հետո

Հայաստանում այս կարեւոր հանգամանքը նկատի ունենալով' դեռ մի քանի տարի առաջ քննարկում էին բացառիկ պատժամիջոցը վերացնելու հարցը, որի կողմնակիցները, թերեւս, մեծամասնություն էին կազմում: «1991-ից մորատորիում է հայտարարվել մահապատժի նկատմամբ, եւ այդ ընթացքում որեւէ մեկը դեմ չի արտահայտվել դրան: Ինչ-որ առումով կարելի է ասել, որ հանրությունը ընդունել է մահապատժի վերացումը: Մորատորիումն, ըստ էության, մահապատժի վերացում է»,- ասում է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Այս տարիների ընթացքում մահապատժի խնդրի շուրջ քննարկումներ չեն եղել, քիչ են եղել հրապարակումները մամուլում: Այսինքն հասարակությունը դեռ այնքան հասունացած չէ, որ այդ հարցը Եվրախորհրդր պահանջներից անկախ, ինքնուրույն քննարկման առարկա դարձնի: Ա.Իշխանյանը կարեւորում է 1991-ից հետո մահվան դատապարտվածների ճակատագիրը. «Որեւէ մեկը պատկերացնու՞մ Է. մարդը, որը մահապատժի Է դատապարտված, ինչ հոգեվիճակի մեջ է այս տարիների ընթացքում: Ես կարծում եմ, որ պետությունը հանցանք Է գործել' նրանց տարիներ թողնելով այդ վիճակում: Ավելի մեծ հանցագործություն եմ համարում, որ մահապատժի դատապարտվածները գտնվում են այդ ծանր հոգեվիճակում»,- ասում է իրավապաշտպանը: Նրա համար անհասկանալի է մահապատժի շուրջ այսօր առաջացած աղմուկը. «Հանկարծ, կոնկրետ մի դեպքի հետ կապված մահապատիժը պետք Է կիրառվի: Քաղաքական գործիչների այս կեցվածքը համարում եմ ձեւական: Ամեն մեկն ուզում է ցույց տալ, թե ինչ ողբերգության մեջ է ինքը 27-ից հետո: Շատերը նույնիսկ կարծիք են հայտնում' այս դեպքով մահապատժի դատապարտել, ապա նոր այն վերացնել: Այս մոտեցումը ես անբարոյականություն եմ համարում: Յուրաքանչյուր մարդու համար իր հարազատի նկատմամբ կատարված հանցագործությունն ավելի ահավոր Է, քան մյուսներինը: Ինչո՞ւ հանկարծ մահապատժի վերացումը կապել 27-ի դեպքերի հետ եւ վերականգնել այն»:

Աժ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի հավաստմամբ' կա պատգամավորական նախաձեռնություն եւ հավանաբար շատ շուտով, որպես արտահերթ հարց քննարկման կդրվի մահապատիժը ի կատար ածելու հարցը, որը հիմնականում պայմանավորված է հոկտեմբերի 27-ի դատավարությամբ: Այսօր «մահապատժին կո՞ղմ, թե՞ դեմ» հարցը առայժմ քննարկվում է քաղաքական շրջանակներում: Հասարակությունը, կարծես, մեկուսացված է: Հասարակությանը չեն ներգրավում այս թեմայի քննարկումներում եւ դժվար է ասել, թե իրականում հասարակության մեջ ինչ տեսակետներ կան:

Քրիստոնեությունը եւ մահապատիժը

Այս տարի մեծ շուքով նշվում է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակը եւ «այս կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումն արդեն օրենքի ուժ է ստացել: Արդեն իրավական ուժ ստացած այս փաստաթուղթը չարդարացրեց խորհրդարանի մեծամասնության սպասելիքները: Շատերի համոզմամբ սա եկավ լրացնելու հերթական համաներումների շարքը եւ, ըստ էության, այնքան էլ չկապվեց Քրիստոնեության հետ: «Քրիստոնեության ընդունման 1700-ամյակը ոչ թե առիթը պետք է լիներ այս համաներման, այլ բուն պատճառը, որով մեկ անգամ եւս կընդգծվեր մեր կրոնի մարդասիրական էությունը»,- ասում է ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը: Մասնավորապես' ՀՅԴ խմբակցությունն էր առաջարկել /քրիստոնեության 1700 ամյակի առթիվ համաներում հայտարարելու քննարկումների առիթով/ մահապատժի ենթարկված շուրջ 30 անձանց նկատմամբ մասնակի համաներում կատարելու անհրաժեշտությունը: Այն է' նրանց նկատմամբ մահապատիժը փոխարինել 15 տարվա ազւստազրկմամբ, ինչը սակայն մերժվել էր:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի կողմից վերջերս արված հայտարարության համաձայն` մեկուսարանում պահվող մահապարտների նկատմամբ մահապատիժը պետք է փոխարինել ցմահ բանտարկությամբ: Նախարարի մեկնաբանությամբ «դատավորը հոգեկան ծանր ապրումներ է ունենում բացառիկ պատժամիջոց նշանակելիս»: Նշենք, որ դատարանը պատիժներ նշանակելիս առաջնորդվում է ոչ թե դատավորի հոգեկան կեցությամբ, այլ հիմք է ընդունում արարքի ծանրությունն ու բացառիկությունը: Դատավորի սուբյեկտիվ զգացմունքներն օրենքով չեն կարեւորվում:

«Ավելի քան 30 անձի նկատմամբ բացառիկ պատժամիջոց է նշանակված, եւ նրանք օրենքով չսահմանված ինչ-որ անորոշ պատիժներ են կրում բանտերում, ինչն ավելի մեծ ապրումների եւ զգացմունքների տեղիք պետք է տար իշխանությունը կրող սուբյեկտի մոտ, քան խորհրդակցական սենյակում մահապատժի գաղափարին հանգելը: Մահապատիժ նշանակելուց հետո այդ մարդիկ տարիներ շարունակ անմարդկային պայմաններում են եւ օրենքով չնախատեսված պատիժ են շարունակում կրել, որն անհասկանալի է եւ՜ իրենց, եւ՜ ադմինիստրացիայի, եւ՜ հանրության համար: Սա դուրս է ոչ միայն իրավական մոտեցումների շրջանակից, այլեւ տարրական հումանիզմի, անգամ քրիստոնեության շրջանակից»,- ասում է փաստաբան Տիգրան Ջանոյանը: Նուբարաշենի մեկուսարանում գտնվող մահապարտները եւ նրանց հարազատները ուշադրությամբ հետեւում են պաշտոնատար անձանց կողմից մահապատժի վերաբերյալ ասված յուրաքանչյուր խոսքին ու հայտարարությանը եւ ամեն առիթով հոգեկան ցնցումներ են ունենում:

Վիճակագրություն

Այսօրվա դրությամբ գերակշռում է այն երկրների թիվը, որոնք վերացրել են մահապատիժը: Ակնհայտ է, որ համաշխարհային հանրությունը հակված է մահապատիժը վերացնելուն: Միջին հաշվով տարեկան 2 երկիր հրաժարվում է բացառիկ պատժամիջոցից: Մահապատժից ամբողջությամբ հրաժարվել է 67 երկիր: Ավելի քան 23 երկրներում մահապատիժը գոյություն ունի զուտ իրավաբանական առումով, իսկ պրակտիկորեն այն չի կիրառվում: «Միջազգային ներում» կազմակերպությունը 1997 թվականին 40 երկրներում գրանցել է 2607 մահապատժի դեպք: 4364 մարդ մահապատժի է դատապարտվել 69 երկրում: Մահվան դատապարտելու դեպքերի մեծ թվի առաջնությունը Չինաստանինն է' 1876, ապա Իրանինը' 143, Սաուդյան Արաբիայում' 122, Միացյալ Նահանգներում' 74: ԱՄՆ-ում մահապատիժը կիրառվում է 38 նահանգներում: Հայտնի չէ, թե որքան մարդ է մահվան դատապարտվել Իրաքում: Անչափահասներին մահվան դատապարտելու թիվը գլխավորում է Միացյալ Նահանգները' 10: Այս առումով ԱՄՆ-ը հայտնվել է այնպիսի հետամնաց երկրների թվում, ինչպիսիք են Նիգերիան, Պակիստանը եւ այլն: Մահապատժի վերացման գլխավոր փաստարկներից մեկը' դատական սխալի արդյունքում անմեղ մարդուն մահվան դատապարտելն է: 85 տարիների ընթացքում Միացյալ Նահանգներում մահվան դատավճիռներ են կայացվել 350 անմեղ մարդկանց նկատմամբ, որոնցից 23-ի նկատմամբ մահապատիժը ի կատար է ածվել:

Մահապատի՞ժ, թե՞ Եվրախորհուրդ

Պետք է արձանագրել, որ հայ հասարակությունը երբեք չի ընդվզել մահապատժի վերացման դեմ: Այս հարցը բարձրացավ հոկտեմբերի 27-ին Աժ-ում տեղի ունեցած ոճրագործությունից հետո: Անվանել դրանք քննարկում' դժվար է, քանի որ խոսքը ոչ թե մահապատժի բարոյահոգեբանական էության մասին է, այլ միայն դրա կիրառման: Հարցն ավելի որոշակի դարձավ այս տարվա հուլիսի սկզբին, երբ Հայաստան ժամանեց Եվրոպական խորհրդի նախարարների կոմիտեի շրջանակներում գործող Եվրախորհրդի նկատմամբ Հայաստանի պարտավորությունների վերահսկման խումբը' Պիետրո էրկոլե Ագոյի գլխավորությամբ: Հայաստանն արդեն 6 ամիս է' Եվրոպական խորհրդի անդամ է եւ ստանձնել է որոշակի պարտավորություններ, այդ թվում նաեւ մահապատժի վերացումը: Պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել մեր երկրի իշխանությունների, Աժ խմբերի-խմբակցությունների ղեկավարների հետ: Ի թիվս բազում այլ հարցերի' քննարկվել է նաեւ մահապատժի վերացման հարցը:

Եվրոպացիները կտրուկ կերպով Հայաստանից պահանջում են հրաժարվել մահապատժից: Նրանք բացառում են մահապատժի կիրառումը Հայաստանում: Աժ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը համակարծիք է նրանց հետ: Պրն Հովհաննիսյանը պարզաբանել է, որ Աժ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը ժամանակին իրենց ստորագրությունները դրել են պարտավորությունների ընդունման փաստաթղթի տակ: Պարտավորությունների շարքում նշված էր նաեւ, որ Եվրախորհրդին անդամակցելուց հետո, մեկ տարվա ընթացքում, Հայաստանը պարտավորվում է ընդունել Քրեական օրենսգրքի 2-րդ' հատուկ մասը, ինչը նշանակում է' մահապատժի դե յուրե վերացում: Նույն ժամկետում, մինչեւ հունվարի 25-ը Աժ-ում վավերացման է ենթակա նաեւ Մարդու իրավունքների կոնվենցիայի 6-րդ արձանագրությունը մահապատժի վերաբերյալ: Եվրոպային ինտեգրվելու ճանապարհը միակն է. ընդունել այն կանոններն ու պարտավորությունները, որոնք սկզբունքային եւ արմատական են համարվում: «Մեր հասարակության մեջ այս հարցն առաջացավ հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո: Եթե հոկտեմբերի 27-ի դեպքերը չլինեին, ես կարծում եմ, հասարակության եւ հատկապես քաղաքական որոշ ուժերի մեջ նման կարծիք չէր լինի: Երկիրը կամ պետությունը պետք է ընդունի կամ մերժի մահապատժի կիրառման հարցը: Փորձել որոշ դեպքեր առանձնացնել, մի դեպքում կարելի է, իսկ մյուս դեպքում' ոչ: Կարծում եմ' սա լուրջ մոտեցում չէ»,- ասել է Հ. Հովհաննիսյանը:

Մահապատժի վերացման վերաբերյալ հստակ դիրքորոշում է արտահայտել նաեւ ԱԺՄ խմբակցության ղեկավար Վազգեն Մանուկյանը. «Չի կարելի պետական օրենքների ֆունդամենտալ փոփոխությունը կապել այս կամ այն կոնկրետ դեպքի հետ, որքան էլ որ սարսափելի լինի այն»,- ասել է Վ.Մանուկյանը:

Թերեւս վերը նշված այս երկու տեսակետները կտրուկ տարբերվում են մյուսներից: Մյուս բոլոր քաղաքական կուսակցություններն ու խմբերը դեմ չեն մահապատիժը վերացնելուն, բայց մի վերապահումով, առանձնացնել եւ բացառություն համարել 1999 թ. Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործությունը' կիրառելով մահապատիժ: «Եթե այս ոճրագործությունը չի ավարտվելու մահապատժով, պատմությունը մեզ դատապարտելու է անպայմանորեն: Մեր ազգը չի կարոդ ներել այս հանցագործությունը»,-ասում է «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Աահակյանը: Եվրախորհրդի պատվիրակության հետ հանդիպումներից վերջինս այն տպավորությունն է ստացել, որ նրանց անհանգստացնում է այն հարցը, թե Հայաստանը ըստ ժամանակացույցի կհասցնի կատարել իր ստանձնած պարտավորությունները: Ըստ էության, հանդիպումները պատվիրակության անդամների հետ հարթ չեն ընթացել: Եվրախորհրդի կողմից Հայաստան ժամանած պատվիրակությունը ընդգծել է, թե անընդունելի է «հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալների նկատմամբ մահապատժի կիրառումը, քանի որ Հայաստանը պարտավորություն է ստանձնել մեկ տարվա ընթացքում ընդհանրապես վերացնել մահապատիժը: Պատվիրակությունը գլխավորող էրկոլե Ագոն անթաքույց ակնարկել է, որ մահապատժի կիրառումը բացասական ազդեցություն կունենա Եվրախորհրդի եւ Հայաստանի հարաբերությունների վրա' չբացառելով նույնիսկ Հայաստանին Եվրոպական այդ կառույցի անդամակցությունից զրկելու հեռանկարը:

«Եվրոպական համայնքի մեր գործընկերները միաժամանակ պետք է հաշվի առնեն, որ «հոկտեմբերի 27»-ի դեպքը բացառիկ ոճրագործություն է, որը բերեց լուրջ հետեւանքներ ողջ պետության համար: Եթե դատարանը կորոշի, որ Հունանյանն ու իր խումբն արժանի են առավելագույն պատժի, ուրեմն մահապատիժը պետք էի կատար ածվի),-ստ «Կայունություն» պատգամավորական խմբի ղեկավար Վարդան Այվազյանի տեսակետն է:

«Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը մահապատժի վերացման հարցը համարում է քաղաքական եւ հասարակական խնդիր: Նա կարծում է, որ պետք է այս ուղղությամբ աշխատանք տանել եւ փորձել եվրոպացիներին համոզել, որ 27-ի ոճրագործությունը պետք է բացառություն համարվի:

Կոմունիստական խմբակցության ղեկավար Գագիկ Թադեւոսյանը արձանագրում է, որ Եվրախորհրդին անդամակցող ոչ բոլոր երկրներն են միանշանակ եւ սահմանված ժամկետներում կատարում ստանձնած պարտավորությունները: Եւ փորձը ցույց է տալիս, որ նրանց նկատմամբ սանկցիաներ չեն կիրառվում: «Հայաստանի նկատմամբ հատուկ այս հարցում ճնշում գործադրելու փորձը ես ճիշտ չեմ համարում: Մանավանդ որ մենք սկզբունքորեն չենք հրաժարվում Եվրախորհրդի հետ համագործակցության քաղաքականությունից: Հետեւապես «27»-ի դեպքում կարելի է եւ պետք է բացառություն անել, որպեսզի ոճրագործները ստանան իրենց արժանի պատիժը»:

Ինչպես տեսնում ենք' վերը շարադրված քաղաքական գործիչների գերակշռող մասի տեսակետները մահապատժին կողմ են եւ ոչ թե դեմ: Պետք է արձանագրենք, որ հարցին նման մոտեցումն ավելի շուտ քաղաքական անհրաժեշտություն է: Դրանք չեն կարող հարցի լուծման հիմքում դրվել, քանի դեռ հարցի քննարկմանը չի մասնակցել հանրությունը: Մի բան հստակ է, որ մահապատժի ճակատագիրը Հայաստանում կախված է նրանից, թե որքանով է մեզանից յուրաքանչյուրը իր դիրքորոշմամբ լուրջ մոտենում այս հարցին: Սպասում ենք մահապատժի խնդրի առնչությամբ քննարկումների շարունակությանը:

Հ.Գ. Ի դեպ, օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված է Քրեական օրենսգրքի երկու նախագիծ, որոնց հեղինակներն առաջարկում են վերացնել մահապատիժը: Նշենք, որ այս առումով որոշակի փոփոխություններ են սպասվում նաեւ Սահմանադրության 17-րդ հոդվածում: Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հետ տարվող աշխատանքներն արդեն ավարտվել են եւ աշնանը կսկսվեն խորհրդարանական քննարկումները:

«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter