
Աղբի տեսակավորման գործարան` Գյումրիում
2009թ.-ին ստեղծված «Քլինլենդ» ընկերության նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ աղբը տեսակավորվում է, իսկ օգտահանված նյութերը` վերամշակվում: Այս նպատակով Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում կառուցվել են աղբի տեսակավորման, իսկ Երեւանում` վերամշակման գործարաններ: Ընկերության գործադիր տնօրեն Տիգրան Գաբրիելյանի փոխանցմամբ, կենցաղային աղբի կառավարման միջոցով Հայաստանի որոշ մարզերում շուտով հնարավոր կլինի լուծել բնապահպանական մի շարք խնդիրներ, ինչը կնպաստի աղբավայրեր ուղղվող աղբի ծավալների կտրուկ նվազմանը, դրանց որակական ցուցանիշների փոփոխմանը, բնապահպանական և առողջապահական խնդիրների բարելավմանը, կենցաղային աղբահանության որակի բարելավմանն ու, բնականաբար, նոր աշխատատեղերի ստեղծմանը:
«Քլինլենդի» մասնագետների դիտարկմամբ Հայաստանում գոյություն ունեցող աղբավայրերը և չարտոնագրված աղբակույտերը չեն համապատասխանում բնապահպանական նորմերին: Կենցաղային աղբի մեջ գտնվող տարբեր ոչ օրգանական նյութերը ոչ միայն չեն լուծվում (լուծվում են հարյուրավոր տարիների ընթացքում), այլ նաև տարբեր բնակլիմայական ազդեցությունների ներքո արտադրում են թունավոր նյութեր, որոնք անցնում են մթնոլորտի և ստորգետնյա ջրերի մեջ` վտանգելով հարակից բնակավայրերի բնակիչների առողջությունը:
Բնակչության առողջության և էկոհամակարգի պահպանության, ինչպես նաև արդյունավետ աղբահանության կազմակերպման նպատակով Վանաձորի, Գյումրու, Հրազդանի, Դիլիջանի և Սևանի քաղաքային համայնքների ավագանիների որոշումներով «Քլինլենդ» ընկերությանը տրամադրվել է աղբի տեսակավորման բացառիկության իրավունք` 25 տարի ժամկետով: Վանաձորում աղբի տեսակավորման գործընթացը սկսվել է 2011 թ. փետրվարից`30 անձի ապահովելով կայուն աշխատատեղով: Գյումրու տեսակավորման գործարանը գործարկվել է սեպտեմբերից`աշխատանքով ապահովելով 40 մարդու: Մյուս համայնքներում, ինչպես նաեւ երկրի հարավում, աղբի տեսակավորման կայաններ կկառուցվեն հաջորդ տարի:
Օգտահանվող նյութերի տեսականին մեծ չէ` պլասմասե շշեր, պոլիէթիլենից պարկեր, ապակի, թուղթ, մետաղ: Տեսակավորման կայանից քաղաքային աղբավայր տեղափոխվում են ոչ վտանգավոր նյութերը: Վերամշակումից հետո ստացվում է երկրորդային նյութ գրանուլային տեսքով, որ արտահանվում Ռուսաստան, Չինաստան եւ օգտագործվում արդյունաբերության մեջ: Տիգրան Գաբրիելյանի պնդմամբ քաղաքային աղբավայրի աղբն իրենց կողմից չի օգտահանվում, որովհետեւ այն արդեն ծերացած է եւ բավական թունավոր: Բացի դրանից, գաղտնիք չէ, որ քաղաքային աղբավայրերն ունեն իրենց ոչ ֆորմալ տերերը, ովքեր ապրում, աշխատում եւ գոյատեւում են հենց այդ նույն աղբի հաշվին: Անցած 3 ամիսների վերլուծությունը ցույց է տվել, որ Գյումրիի աղբամաններից բացակայում է թուղթը: Դա էլ ունի իր պարզ բացատրությունը: Տնակներում ապրող սոցիալապես անապահով շատ ընտանիքներ հենց այդ աղբամաններից են հայթայթում օրվա վառելիքը:
«Մենք պարզել ենք, որ երկու քաղաքներում էլ աղբահանությունն ամբողջ ծավալով չի կատարվում: Այսինքն` արտադրվում է շատ ավելին, սակայն դրա մի մասը նետվում է բնության մեջ` աղտոտելով շրջակա միջավայրը, լցնում են ջրի մեջ եւ ամբողջ ծավալը չէ, որ հասցվում է աղբավայր: Հիմա Վանաձորում եւ Գյումրիում աղբը մեքենաներով նախ բերվում է մեր տեսակավորման գործարան, դրանից հետո նոր, ինչ մնում է, տեղափոխվում է աղբադաշտ»,-նշեց Տիգրան Գաբրիելյանը:
Գյումրիում աղբահանության գործընթացը կազմակերպելու համար «Քլինդլենդ» ընկերությունը առաջիկա մեկ տարին քաղաքապետարանին ամսական 300 հազար դրամ է վճարելու, թեպետ նախնական պայմանավորվածությունը եղել է 3 մլն դրամի շուրջ: «Բիոսոֆիա» բնապահպանական ՀԿ-ի ղեկավար Գեւորգ Պետրոսյանին այս հանգամանքը տարօրինակ թվաց: Վերջինիս կարծիքով, գումարներ տալ ՏԻՄ-ին մի բանի համար, որ իր գործառույթների շրաջանակում է, մեղմ ասած, այնքան էլ ճիշտ չէ:
«Զարգացած երկրներում այդ գումարները ոչ թե տալիս են տեղական ինքնակառավարման մարմիններին, այլ ստեղծում են հիմնադրամ, որի բաժնետերերը քաղաքի բնակիչներն են: Ճիշտ է, դրանք չնչին գումարներ են, բայց էդ գումարները, տարիների հետ կուտակվելով, կարող են լուրջ սոցիալական ծրագրեր իրականացնելու հնարավորություն տալ,-նկատեց Գեւորգ Պետրոսյանը,-ինչո՞ւ այդ ուղղությամբ չեք գնում, չեք փորձում ոչ թե կենտրոնացնել, այլ ապակենտրոնացնել այդ գումարները: Ասեմ, որ քաղաքացիներն այդ դեպքում ավելի շահագրգիռ կլինեն աղբը ձեզ տալ, երբ կտեսնեն թե ինչպես է հիմնադրամում գումարներ կուտակվում, երբ կհասկանան, որ հնարավոր է այդ գումարներով լուրջ գործեր ձեռնարկել: Իսկ ՏԻՄ-ին տալու դեպքում դա չի երեւա: Մեր քաղաքապետարանում 4 մլրդ-ն է կորել, դուք ուզում եք, որ ձեր 300 հազարը կամ 3 մլն դրամն երեւա՞»:
«Քլինդլենդ» ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Գաբրիելյանի համոզմամբ, քանի դեռ աղբը չի նետվել աղբաման, այն քաղաքացու սեփականությունն է, իսկ աղբամանից մինչեւ աղբավայր տեղափոխումը քաղաքային իշխանությունների: Եվ այս պարագայում միակ կառույցն, ում հետ իրենք կարող էին պայմանավորվածություն ձեռք բերել, քաղաքապետարանն էր:
Գյումրու աղբի տեսակավորման գործարանը կառուցվել է Բուլվարային թաղամասի ծայրամասում ձեռք բերված 2 հա տարածքի վրա: Տեսակավորման բաժնի աշխատակիցներն հիմնականում կանայք են, տղամարդիկ ընդգրկված են ձեռքի ուժ պահանջող գործընթացներում: Աշխատավարձը միջինը կազմում է 80 հազար դրամ: Նրանց հետ, ովքեր մեկ ամսվա փորձաշրջանի ընթացքում հարմարվում են պայմաններին, մեկ տարով կնքվում են աշխատանքային պայմանագրեր: Ընկերությունը համագործակցում է նաեւ «Փյունիկ» հաշմանդամների միության հետ` հնարավորություն տալով առաջնահերթության կարգով հաշմանդամ մարդկանց ներգրավվել աշխատանքային գործունեության մեջ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել