HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Վարդան Արամյան. «Մինչև տարեվերջ ՀՀ պետական պարտքը 430 մլն դոլարով կաճի»

Այս տարվա վերջում Հայաստանի պետական պարտքն, ըստ Ֆինանսների նախարարության կանխատեսումների, ընդհանուր կկազմի ավելի քան 6.6 մլրդ դոլար, որից  շուրջ 5.4 մլրդ դոլարը կկազմի արտաքին պարտքը, իսկ շուրջ 1.26 մլրդ դոլարը՝ ներքինը։

Ինչպես վկայում են Ազգային վիճծառայության (ՀՀ ԱՎԾ) ներկայացրած ցուցանիշները, ներկայումս Հայաստանի պետական պարտքը ավելի քան 6.2 մլրդ դոլար է, որից  արտաքին պարտքը շուրջ 5 մլրդ դոլարն է, իսկ ներքին պարտքը՝  1.22 մլրդ դոլար։ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ եկող ամիսներին՝ մինչև տարեվերջ, այն դեռ 430 մլն դոլարով էլ կավելանա։ Արտաքին պարտքը կաճի 400 մլն դոլարով, իսկ ներքին պարտքը՝ 30 մլն դոլարով։

«Այս անվանական մեծությունը մեզ որևէ բան չի ասում։ Պետք է նայենք հարաբերական ցուցանիշները։  Այսինքն՝ ՀՆԱ-ի համեմատությամբ։ Ամբողջ աշխարհում ընդունված կանոն է՝ հետևել հարաբերական ցուցանիշներին։ 2016 թվականի տարեվերջին ՀՀ ընդհանուր պարտքը կազմել է ՀՆԱ-ի 56.6%-ը։ Իսկ այս տարի, մեր ծրագրած բյուջեի սցենարով, այն կկազմի 58.8%։ Այստեղ կարևոր է փոխարժեքի նաև վարքագիծը, քանի որ արտաքին պարտքը արտարժույթով է»,- նշեց ֆինանսների նախարարը։

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության

Վարդան Արամյանի խոսքով՝ արտաքին աշխարհից ներգրավվող գումարները Հայաստանը հիմնականում ուղղում է ենթակառուցվածքների զարգացմանը, մեծամասամբ՝ ճանապարհների շինարարությանը, տրանսպորտային ծրագրերին և այլն։

Արամյանը կրկին ընդգծեց, որ Հայաստանը ցածր պարտքի շեմ ունեցող երկրների շարքում է՝ չնայած նրան, որ մոտ է միջին պարտքի ցուցանիշ ունեցողների շեմին։

Ասուլիսին Արամյանը ամփոփում էր նախարարության վերջին մեկ տարվա գործունեությունը։ Նշեց, որ պարտքի կառավարման ոլորտում զգալի ձեռքբերում կա։  «Նվազեցվել են գործառնական ծախսերը, իսկ գործարքները տեղափոխվել են բորսա։ Էլեկտրոնային հարթակում նաև ֆիզիկական անձինք կարող են ձեռք բերել պարտատոմսեր։ Այս առումով Հայաստանը տարածաշրջանում լիդեր է»,- ասաց ֆինանսների նախարարը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter