HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Սեյրանյան

Լինսի հիմնադրամը Հայաստանում

Լինսի հիմնադրամից 6 տարի ժամանակով տրամադրված 100 մլն ԱՄՆ դոլար վարկից երեք տարվա ընթացքում Հայաստանը կարողացել է օգտագործել միայն 17-20 միլիոն դոլարը:

Լինսի հիմնադրամ

Հիմնադրամի անվանումը կազմված է հայտնի ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի դուստրերի անվան ակզբնատառերից` Լինդա եւ Սինդի: Այս անվանումը Հայաստանում հայտնի դարձավ, երբ Լինսի հիմնադրամի (The Lincy Foundation), ՀՀ կառավարության եւ ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) մինչեւ 1998թ. հուլիսի 15-ին համաձայնագիր կնքվեց` Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ծրագիր իրականացնելու նպատակով 100 միլիոն ԱՄՆ դոլար վարկ տրամադրելու վերաբերյալ: 1998թ. անցել է շուրջ երեք տարի, սակայն Հայաստանի տնտեսության մեջ Լինսի հիմնադրամի նշանակությունն աննշմար է եւ որեւէ լուրջ կամ նկատելի տեղաշարժ Հայաստանի տնտեսական կյանքում դեռեւս չի արձանագրվել: Չկա որեւէ պաշտոնական կամ այլ բնույթի հաշվետվություն կամ փաստաթուղթ, որը գոնե մոտավոր պատկերացում կտար, թե անցած երեք տարիների ընթացքում ինչով է զբաղվել Լինսի հիմնադրամը Հայաստանում եւ ինչպես են ծախսվել ստացված դրամական միջոցները: Որոշ պաշտոնական տեղեկագրերում (ՀՀ ԱԺ Վերահսկիչ հանձնաժողովի 1999թ., 2000թ. հաշվետվություններում եւ ՀՀ կառավարության համապատասխան փաստաթղթում) արտացոլված են ընդամենը Լինսի հիմնադրամից ստացված միջոցների ֆիզիկական արժեքը, չափը, որն, ընդ որում, նույնպես հակասական է, ինչին կանդրադառնանք մեր հաջորդ հոդվածում:

«Լինսի հիմնադրամի գործունեությունը փակ է»,- ասում է Ա.Զարգարյանը

«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը, պաշտոնական տեղեկատվություն ստանալու ակնկալիքով, 2001թ. օգոստոսին դիմել է Լինսի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենին եւ Ծրագիրն իրականացնող գործակալություններին («Ճանապարհաշինություն ԾԻԳ» ՊՀ, «Աղետի գոտի ԾԻԳ» ՊՀ), սակայն մինչ օրս վերջիններս որեւէ կերպ չեն արձագանքել: Ըստ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Զարգարյանի, համաձայն Լինսի հիմնադրամի եւ ՀՀ կառավարության միջեւ կնքված հուշագրի ցանկացած ինֆորմացիայի տրամադրում պետք է համաձայնեցվի Լինսի հիմնադրամի Վաշինգտոնի գրասենյակի հետ: Ավելին, ըստ նրանց (նաեւ ԾԻԳ-երի տնօրենների) պնդումների Լինսի հիմնադրամը փակ համակարգ է, եւ այն շահագրգռված չէ հրապարակայնությամբ: Սա թերեւս արդեն իսկ լուրջ մտորումների տեղիք է տալիս: Ինչո՞ւ չhրապարակել իրականացված (եթե, իհարկե, կան այդպիսիք) կամ իրականացվելիք աշխատանքների մասին, եթե դրանք ծախսվել են ըստ իրենց նպատակների: Եթե ծրագիրը նպատակ ունի խթանելու փոքր եւ միջին բիզնեսը, ապա այն պետք է առավելագույն չափով թափանցիկ եւ հրապարակային լինի, որպեսզի տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն ունենան հնարավորինս դյուրին ընթացակարգերով օգտվել Լինսի հիմնադրամի ընձեռած հնարավորություններից:

Համաձայնագրի պայմանները

Այնուամենայնիվ, «Լինսի հիմնադրամ» հոդվածաշարի ներքո մենք առանձին-առանձին կներկայացնենք եւ կանդրադառնանք Լինսի հիմնադրամի եւ ՀՀ կառավարության միջեւ 1998թ. կնքված վարկային համաձայնագրի շրջանակներում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման իրականացման ծրագրին, որն, ի դեպ, արդեն 2000թ. վերանվանվել է «Լինսի հիմնադրամի ձեռնարկությունների վարկավորման ծրագիր», Հայաստանում Լինսի հիմնադրամի գործունեությանը,Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հիմնադրամի վարկերի ոչ արդյունավետ օգտագործմանն ու ծրագրի անարդյունավետ մեխանիզմի ընտրությանը, չինովնիկական ավանտյուրաներին եւ թե ինչու է ծրագրի համար սահմանված ժամկետի (6 տարի)կեսը լրանալուց հետո Հայաստանը կարողացել տրամադրված 100 մլն ԱՄՆ դոլար վարկից օգտագործել ընդամենը 17-20 միլիոն դոլարը միայն:

Սակայն, նախ անդրադառնանք համաձայնագրի այն բազմաթիվ պայմաններին, որով Լինսի հիմնադրամը համաձայնվել է ՀՀ կառավարությանը տրամադրել 100մլն ԱՄՆ դոլար: Ըստ համաձայնագրի, Լինսի վարկի միջոցները ՀՀ կառավարության եւ ծրագրի մասնակից բանկերի կողմից պետք է տրամադրվեն Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսներին, որոնք չեն կարող ընդունելի առեւտրային պայմաններով վարկեր ստանալ սովորական վարկատուներից: Ի դեպ, վարկային ծրագիրը ՀՀ կառավարությանը տրամադրվել է առանց տոկոսադրույքի: Ծրագրի հիմնական նպատակներն են' ընդունելի բիզնեսին վարկերի տրամադրման միջոցով նպաստել աղքատության նվազեցմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ Հայաստանում ապրանքների ծավալների ավելացմանն ու ծառայությունների զարգացմանը: Այն նաեւ նախատեսում է մասնավոր սեկտորի համար մասնավոր բիզնեսը զարգացնելու հնարավորությունների ընձեռում: Ըստ համաձայնագրի ծրագիրը պետք է նպաստեր արտադրողականության եւ ապրանքների արտահանման ծավալների մեծացմանն ու որակի բարձրացմանը, հետեւաբար, ներքին եւ արտաքին շուկաների, ինչպես նաեւ մասնակից բանկերի զարգացմանը:

Հայաստանում Լինսի հիմնադրամի վարկային ծրագրի գործունեության ժամկետը 6 տարի է'սկսած 1998թ. հուլիսի 15-ից: Ինչպես արդեն նշեցինք, Լինսի վարկը ՀՀ կառավարությանը տրամադրվել է առանց տոկոսի, իսկ կառավարությունն այն Հայաստանի տեղական բանկերին է տրամադրում երեք տոկոսը չգերազանցող տարեկան տոկոսադրույքով: Տեղական բանկերն էլ իրենց հերթին, համաձայն պայմանագրի, ընդունելի բիզնեսին ենթավարկ պետք է տրամադրեն մինչեւ 15%-ը չգերազանցող տարեկան տոկոսադրույքով: Ենթավարկը տնտեսավարող սուբյեկտներին տրվում է երեք տարի ժամկետով: Եվ յուրաքանչյուր ենթավարկի շրջանակներում ընդունելի բիզնեսի կողմից ժամանակ առ ժամանակ մարվող գումարներն ստանալուց անմիջապես հետո տեղական բանկերը պետք է կառավարությանը վերադարձնեն վարկի համապատասխան գումարները, ներառյալ տոկոսներն ու տույժերը(եթե սահմանված են): Կառավարությունն էլ պետք է բանկերի կողմից մարվող գումարները ստանալուց անմիջապես հետո Լինսին մարի Լինսի վարկի համապատասխան հիմնական գումարները: Պայմանագրում ընդգծված է նաեւ, որ տեղական բանկերը պետք է կառավարությանը Լինսի վարկերը ամբողջովին վերադարձնեն, անկախ ենթավարկերի մարման գործընթացից, քանի որ ծրագիրը նախատեսում է, որ Լինսին վերադարձված միջոցները կարող են օգտագործվել լրացուցիչ Լինսի վարկերի տրամադրման նպատակով: Այսինքն'ստացվում է, որ Լինսի հիմնադրամը Հայաստանին տրամադրում է ընդհանուր թվով ոչ թե 100 մլն ԱՄՆ դոլար, այլ' շատ ավելի քիչ:

Մրցույթով ընտրված բանկերը

Լինսի հիմնադրամի եւ ՀՀ կառավարության ու ՀՀ ԿԲ-ի միջեւ կնքված վարկային համաձայնագրի շրջանակներում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ծրագրի մասնակից բանկերը ընտրվել են մրցույթով, որի մրցութային չափանիշները նույնպես ամրագրված են պայմանգրում: ՀՀ-ում գործող 33 տեղական բանկերից Լինսի վարկերից օգտվելու հնարավորություն ունեն ընդամենը 12 բանկ. Գլաձոր, Ագրոբանկ, Անելիք բանկ, Հայէկոնոմբանկ, Հայներարտբանկ, Լենդբանկ, Կոնվերսբանկ, Կրեդիտ-Երեւան, Արդշինբանկ, Ինեկոբանկ, Տրաստ բանկ, Կրեդիտ-սերվիս բանկ:

Սույն բանկերը փաստորեն ընդգրկվելով Լինսի վարկային ծրագրում հաղթահարել են սահմանված ընդունելության չափանիշները: Ընդունելության չափանիշները տեղական բանկերի համար հետեւյալն են. 1. ունենան եւ պահպանեն ԿԲ-ի կողմից տրված արտոնագիր եւ գործեն համաձայն ՀՀ բանկային օրենսդրության եւ կանոնակարգի, 2. ունենան նախորդ ֆինանսական տարվա համար աուդիտի ընդունելի հաշվետվություններ' միջազգային հաշվապահական ստանդարտների եւ ՀՀ համապատասխան օրենսդրությանը համաձայն, 3. գործեն եւ ունենան բանկային գործառնության առնվազն երկու տարվա փորձ, 4. գործեն ԿԲ-ի կողմից Հայաստանում գործող առեւտրային բանկերի համար սահմանված ընդհանուր պահանջների համաձայն, 5. ունենան պարտքի եւ կապիտալի առավելագույնը 2:1 հարաբերակցություն (պարտք նշանակում է սույն ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների ընդհանուր գումարը), 6. ունենան ընդհանուր կապիտալ' նվազագույնը 800.000 ԱՄՆ դոլարին համարժեք, ՀՀ դրամի չափով:

Վարկ ստանալու պահանջները

Ենթավարկ ստանալու նպատակով ընդունելի բիզնեսը պետք է մասնակից տեղական բանկին հայտ ներկայացնի, որը պետք է վկայի, որ դիմորդը եւ նրա դուստր ընկերությունները պահանջվող ենթավարկի առնչությամբ շահերի բախում չունեն: Այսինքն ոչ մի բիզնես, որը սեփականատիրական կամ գործառնական կապեր ունի կառավարության կամ տեղական բանկի կառուցվածքում գործող նման անձանց հետ, չի կարող որակավորվել կամ իրավունք ունենալ ուղղակի կամ անուղղակի ձեւով որեւէ տեղական բանկից ենթավարկ սատնալու: Վարկային հայտերը, այլ պայմանների հետ մեկտեղ պետք է տեղեկություններ պարունակեն պահանջվող վարկի գումարի պայմանների, ընդունելի բիզնեսի նպատակի, վարկի միջոցների օգտագործման, այդ միջոցների ստացման եւ մարման ժամանակացույցի, նախատեսվող մարման աղբյուրների, գրավի պայմանների, մարման եւ այլ տեսակի երաշխավորագրերի, ինչպես նաեւ գրավոր բիզնես-պլանի մասին: Իսկ երբ տեղական բանկը որոշում է, որ նախատեսվող ենթավարկը համապատասխանում է ծրագրով սահմանված պահանջներին, այն հաստատում է, ապա ներկայացնում է Հայաստանում Լինսի հիմնադրամի ծրագիրն իրականացնող գործակալությանը (ԾԻԳ): ԾԻԳ-ն էլ իր հերթին է ուսումնասիրում տեղական բանկի կողմից ներկայացված վարկային հայտը եւ ծրագրով սահմանված ընդունելության չափանիշները բավարարելու դեպքում, այն ներկայացնում է ծրագրի արդյունավետ կառավարումն ապահովելու նպատակով 1998թ. հուլիսի 23-ին ՀՀ վարչապետի թիվ 440 որոշմամբ ստեղծված հանձնաժողովին: Եվ եթե հանձնաժողովը որոշում է, որ տեղական բանկի պահանջագիրը համապատասխանում է կառավարության եւ Լինսի միջեւ կնքված համաձայնագրին, կառավարությունը Լինսի վարկի վճարման պահանջագիր է ներկայացնում, որը ներառում է համապատասխան վարկային հայտի պատճեն եւ այլ տեղեկություններ, որոնք կարող են պահանջվել Լինսի կողմից: Այսքան քաշքշուկից հետո, այսքան երկար ճանապարհ անցնելուց հետո եւ որն առավել ուշագրավ է ենթավարկի ֆինանսավորումն իրականացվում է Լինսի գրավոր հաստատումից եւ Լինսի վարկի ու կառավարության վարկի միջոցներից համապատասխան միջոցների հատկացումից հետո: Ի՞նչ է ստացվում. ՀՀ տեղական բանկերը ենթարկվում են 100% ռիսկի: Եթե վարկառուն սահմանված ժամկետում չի վերադարձնում գումարը Լինսի հիմնադրամին դա դույզն-ինչ չի մտահոգի, քանի որ բանկերը պարտավորված են լինելու այն սեփական միջոցներից վճարել Լինսին:

Այդ իսկ պատճառով, բանկերը ենթավարկի դիմաց ներկայացվող գրավաչափերն են ահռելի չափով սահմանել: Համաձայն պայմանագրի, ցանկացած տեղական բանկ ինքը պետք է սահմանի իր կողմից տրամադրվող ենթավարկի դիմաց պահանջվող գրավի, երաշխիքի եւ վճարման այլ հավաստագրի պայմանները: Իսկ ցանկացած ենթավարկի համաձայնագիր էլ պետք է նախատեսի այն, որ ընդունելի բիզնեսը գիտակցում է, որ այդ գրավը, երաշխիքը կամ վճարման հավաստագիրը Լինսի պահանջով կարող է վերագրվել որպես Լինսի գրավ, եւ եթե որեւէ վարկատու տեղական բանկ դառնա անվճարունակ, այդ գրավը կարող է կառավարության կողմից վերագրվել մի այլ մասնակցող բանկի: Ահա թե ինչու եւ ինչ մտահոգություններից ելնելով են տեղական բանկերն ինքնուրույն գրավաչափեր սահմանում, որոնք տրվող ենթավարկերի եռապատիկ թվով ավելին են կազմում: Իսկ ընդունելի բիզնեսին տրամադրվելիք յուրաքանչյուր ենթավարկի գումարը, համաձայն պայմանագրի, չպետք է ցածր լինի 100 հազար ԱՄՆ դոլարից կամ գերազանցի 1 միլիոն ԱՄՆ դոլարը' առանց Լինսի գրավոր համաձայնության: Իսկ Հայաստանի նման պետության համար հասկանալի է, որ նշված գումարաչափը փոքր կամ միջին բիզնես ստեղծելու համար չափից ավելի շատ է: Պայմանագրում նաեւ նշվում է, որ վարկառուն իրավունք ունի ենթավարկ ստանալու մի քանի մասնակցող բանկից տարբեր բիզնես պլանների եւ դրանցից բխող ծրագրերի հիման վրա, բայց կրկին հաշվի առնելով, որ ենթավարկը պետք է հավասար լինի նվազագույնը100 հազ ԱՄՆ դոլարին եւ առավելագույն 1 միլիոն ԱՄՆ դոլարին: Միեւնույն ժամանակ պայմանագրում ընդգծված է, որ վարկառուն իրավունք չունի ենթավարկ ստանալու մի քանի մասնակցող բանկից միայն մեկ բիզնես-պլանի եւ դրանից բխող ծրագրի հիման վրա: Սակայն մասնակցող բանկը կարող է նման վարկի մի մասը վաճառել մեկ այլ մասնակցող բանկի' Լինսի հիմնադրամի համաձայնությունը ստանալուց հետո:

Այսպիսին էին Լինսի հիմնադրամի եւ ՀՀ կառավարության միջեւ 1998թ.-ին կնքված համաձայնագրի պայմանները:

շարունակելի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter