HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սամվել Բաբայանի և մյուսների գործով եվրոները գողացված են, դրանց վրա երեք նախագահի ստորագրություն կա. Ինտերպոլի գրությունը դատարանին

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով այսօր դատարանը հասցրեց հետազոտել տասը հատորից բաղկացած քրեական գործում առկա փաստացի ապացույցները, ինչպես նաև գործով իրեղեն ապացույցները:

Հաջորդ դատական նիստին կհետազոտվեն գործի շրջանակներում «արտաքին և ներքին» դիտում  օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրված և էական նշանակություն ունեցող հանգամանքներ:

Դատավարության կողմերը համաձայնության եկան հրապարակել «Ներքին դիտում»  միջոցառման ժամանակ արված գաղտնալսումներն ամբողջությամբ, իսկ հեռախոսային գաղտնալսումների միայն այն հատվածները, որոնք առնչվում են գործի հանգամանքներին:

Փողերի լցավման գործի շրջանակներում իրեղեն ապացույց ճանաչված 101 հատ`  50 և 2 հատ 20 եվրո ներկոտված թղթադրամների՝ Հայաստանում հայտնվելու, ինչպես նաև այլ հանգամանքներ պարզելու համար Հայաստանի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն (ԱԿԲ) պարբերական կապի մեջ է եղել միջազգային գործընկերների հետ, և գործում առկա են Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ Արա Ֆիդանյանի բազմաթիվ գրություններ՝ ուղղված այս գործի շրջանակներում նախաքննություն իրականացնող մարմնին:

Այդ գրություններից մեկում հղում կատարելով Իտալիայի գործընկերներին` Ինտերպոլի ԱԿԲ-ն հայտնում է, որ Հայաստանում հայտնաբերված  թղթադրամները գողացվել են պաշտպանիչ ներկանյութ պարունակող բանկոմատներից:  Նշենք, որ ըստ քրեական գործի` հայտնաբերված եվրոները ինկասացիոն և բանկոմատային անվտանգության նպատակներով օգտագործվող, հատուկ նյութով ներկված և օրինական շրջանառությունից հանված թղթադրամներ են:

Մեկ այլ գրության մեջ հղում կատարելով միջազգային գործընկերներից ստացված գրությանը` նշում է, որ  «հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստանում հայտնաբերված եվրոների վրա երեք տարբեր նախագահների ստորագրություններ են առկա` դրանք գողացվել են տարբեր ժամանակներում»:

Նախաքննական մարմնին ուղարկված գրություններից մեկում էլ նշվում է, որ կարմիր ներկը տրամադրող ընկերությունը հաստատում է` Հայաստանում հայտնաբերված և կարմիր ներկով ներկոտված եվրոյի վրա առկա ներկանյութն  իրենց համակարգից է ստացվել: Գրության մեջ նշում կա նաև այն մասին, որ 50 եվրո արժողությամբ թղթադրամը Հայաստանի իրավասու մարմինների թույլտվությամբ փորձաքննության է ենթարկվել, և արդյունքում պարզվել է, որ փորձ է արվել այն քիմիական մաքրման ենթարկել:

Ինչ վերաբերում է իգլայի արձակման խողովակի գործին, դրա շրջանակներում կատարված փորձաքննության եզրակացության համաձայն ՝ իգլայի խողովակը ռազմամթերք է, որը պիտանի է գործածության համար: Խողովակը գործարանային արտադրության է, արտադրվել է ԽՍՀՄ-ում՝ 1989 թվականին. խողովակի վրա առկա էին գործարանի ծածկագիրն ու արտադրման տարեթիվը:

Փորձաքննության եզրակացության մեջ նշվում է նաև, որ  հայտնաբերվածն օդային նշանակետերի ոչնչացման համար է նախատեսված, որ  իգլայի խողովակում առկա է հրթիռ, և նման պայմաններում, վերը նշված ռազմամթերքը մարտկոցին միացնելու դեպքում, պիտանի է օգտագործման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter