
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը շրջում է Հայաստանի մարզերում
Զարուհի Փոստանջյանի գլխավորած «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որն առանց փոփոխման ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը համահայկական ընդվզման օր է հայտարարել, որն իրագործելու համար կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ շարունակում է իրականացնել քարոզարշավ: Շրջելով Հայաստանի Հանրապետության մարզերով՝ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը քաղաքացիներին է ներկայացնում կուսակցության ծրագիրը՝ համահայկական մեծ ընդվզման օրվա, Գլոբալ հայկական համազգային համաժողովի և ժամանակավոր կառավարության վերաբերյալ:
Ծրագրի նպատակն է՝ համախմբել Հայաստանի և Սփյուռքի ողջ հայությանը նախատեսված նույն օրը և նույն ժամին դուրս գալ կենտրոնական փողոցներ՝ անվստահություն հայտնելով ու հիմնահատակ քանդելով ներկայիս ապօրինի իշխանությունն ու այն սպասարկող ավտորիտար համակարգը՝ հիմնելով նոր համակարգ, որը զերծ կլինի քաղաքական ու տնտեսական մենաշնորհներից և պայմաններ կստեղծի ողջ հայության համար մասնակցություն ունենալու հայոց պետականության քաղաքական կյանքին:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը առաջնորդվում է քաղաքական փիլիսոփայության այն սկզբունքով, որ հայ հասարակությունը, անկախ նրանից, թե աշխարհի որ մասում է ապրում, գործոն է և ուժ, երբ մասնակցում է իր ազգային քաղաքականության բոլոր գործընթացներին` ազգային քաղաքական հայեցակարգի կենսակոչմանը, քաղաքական ընտրախավի ստեղծմանը, կառավարման մարմինների ձևավորմանը և քաղաքական որոշումների կայացմանը:
Համահայկական մեծ ընդվզման միջոցառմանը հաջորդելու է Գլոբալ հայկական համազգային համաժողովի գումարումը, որին պետք է մասնակցեն այն պատվիրակները, ում կառաջադրի հանրությունը՝ անկախ նրանից, թե նա աշխարհի որ մասում է գտնվում։ Գլոբալ հայկական համազգային համաժողովի պատվիրակները պետք է ընտրեն ժամանակավոր կառավարության ներկայացուցիչներ, որոնք կսպասարկեն օրենսդիր և գործադիր իշխանության ձևավորման նախապատրաստական փուլը` ազատ, անկախ, հավասար պայմաններ ստեղծելով նոր կայանալիք ընտրություններում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների (անկախ նրանից, թե որտեղ են նրանք բնակվում), այդ թվում նաև արցախահայության համար:
Հայաստանի ներկայիս ծանր իրավիճակի լուծումը Հայաստանի ժողովրդի և աշխարհասփյուռ հայության խնդիրն է: Համայն հայությունը պետք է հավատա ինքն իրեն և իր ուժին: Միայն ինքնաազատագրման, ինքնակազմակերպման և ինքնահամախմբման միջոցով է հնարավոր հաղթահարել աղետը և արձանագրել հաղթանակ»,- ասվում է հայտարարությունում:
Մեկնաբանել