
Պարզաբանումներ՝ Վերահսկիչ պալատի ստուգումների վերաբերյալ
Հարցարզույց «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վիկտոր Մարտիրոսյանի հետ
ՀՀ Վերահսկիչ պալատը ստուգումներ է կատարել և հաշվետվության մեջ նշել, որ բնապահպանության նախարարության համակարգում գտնվող «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի կատարած գործարքի հետևանքով «Նաիրիի բերրիություն» ՍՊԸ-ն մենաշնորհային դիրք է գրավել: Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման նպատակով ընկերությունը պետական բյուջեի միջոցներով ձեռք է բերել ֆիննական «Վաթերմաստեր կլասիկ 3» հատուկ էքսկավատոր, ինչպես նաև ստացել է Սևանա լճի մաքրման աշխատանքների կատարման մենաշնորհ: Ինչպե՞ս է այդ ընկերությունն այդպիսի մենաշնորհ ստացել:
Կառավարության 886 N որոշումը կա, որոշման մեջ սահմանված է, թե ինչպես պիտի իրականացվեն այս գնումները: Խոսքը «Վաթերմաստեր կլասիկ 3» էքսկավատորի գնման և տեղափոխման մասին է: Այդ մեքենան լողացող հողահան էքսկավատոր-տրակտոր է: Որոշման մեջ նույնիսկ ֆիրման է նշված` «Ակվամեկ» (Ֆինլանդիա) ընկերությունը, սահմանված է գինը` 603 հազար եվրո:
Կառավարությունը նույն որոշման երրորդ կետով, ելնելով ժամանակի սղությունից, թույլատրվել է գնման և տեղափոխման գործառույթներն իրականացնել մեկ անձից գնման միջոցով: Ինչո՞ւ է դա արված: Որովհետև արդեն օգոստոս ամիսն էր: Տեղափոխող կազմակերպությունը պետք է նաև գործարանային փորձարկում անցկացներ: Հրապարակման մեջ նշված է, որ ՊՈԱԿ-ը, ունենալով 75-օրյա ժամկետ, մրցույթ չի հայտարարել, այլ իրականացրել է մեկ աղբյուրից գնում:
Իրականում, օգոստոսին կնքվել է պայմանագիրը, իսկ սեպտեմբերի 19-ին արդեն նախարարության ներկայացուցիչը և տեղափոխող կազմակերպության ներկայացուցիչները եղել են ֆիննական այդ գործարանում, որպեսզի տեղում տեստային փորձարկում անցկացնեն մեքենան, որից հետո միայն կարող էր իրականացվել բեռնաբարձում: Այսինքն` դա արված է ժամկետների սղության պատճառով:
Իսկ ինչպե՞ս է ընտրվել ընկերությունը`«Նաիրիի բերրիություն» ՍՊԸ-ն:
Պետք է ընտրվեր մի ընկերություն, որը առաջին հերթին պետք է ունենար այդ գործարանային տեստավորման մասնագիտացում: Մենք վերցրինք մի կազմակերպություն, որը ուներ տեղում գործող ֆիրմայի հետ սպասարկման պայմանագիր, այսինքն՝ այդ բնույթի տրակտորներ և այլ տեխնիկա: Եվ երկրորդը, որ ընկերությունը ունենա տեղափոխման հնարավորություն: Այդ նույն կազմակերպությունը` «Նաիրիի բերրիությունը», իմ ունեցած տվյալներով, այս տարի տեղափոխել է մոտ հիսուն գյուղատնտեսական կոմբայն:
Ինչպե՞ս եք գտել այդ ընկերությանը. այդ մրցույթի մասին հայտարարություն չի եղել:
Այդ ընկերության գտել ենք, երբ գործարանային տվյալների ուսումնասիրության խնդիրներ առաջացան: Աբովյանում տեղակայված է «Կատելպիլեր» ֆիրմայի տեղական ներկայացուցիչ «Ցեպելինա» ֆիրման, որտեղից ճշտվել է, թե այդ տիպի գյուղատնտեսական մեքենաների հետ կապված ովքեր են աշխատում, որովհետև հետագայում մենք ապահովագրելու խնդիր ունենք: Այդտեղից տվեցին մի քանի կազմակերպությունների անուններ, այդ թվում նաև «Նաիրիի բերրիություն» ՍՊԸ-ի անունը:
Ընկերությունը գրանցված է Եղվարդում: Բնապահպանության նախարարի հետ կապ չունի՞:
Կարող եմ հավաստիացնել, որ բացարձակապես կապ չունի: Երկրորդ խնդիրը սա է. ինչու վերապատրաստվեցին միայն այդ կազմակերպության ներկայացուցիչները: Նախ, չորս հոգի է վերապատրաստվել: Չորսից մեկը եղել է ոչ այդ կազմակերպության ներկայացուցիչ, նրան ընդգրկել են այդ աշխատանքների մեջ, որովհետև մեքենան հավաքվել է տեղում:
Երկրորդը` խոսքը տրակտորիստի վերապատրաստման մասին է, տրակտորիստը ֆիրմայի սեփականությունը չէ: Վաղը, եթե պետք լինի, այդ մարդկանց իր մոտ կհրավիրի ցանկացած ֆիրմա կամ կդիմի երկու-երեք օրվա ընթացքում իր մասնագետներին վերապատրաստելու խնդրանքով: Հայտարարում եմ, որ մենք այս տարվա կեսից այս ընկերությանը համոզելով ենք պահել, որպեսզի կարողանաք 2011թ. աշխատանքներն ավարտել: Ինքն արդեն իսկ հայտարարել է, որ ինքը նոր մրցույթի չի մասնակցելու, որովհետև այս պայմանները և գնային այն առաջարկը, որ մենք տալիս ենք, ըստ իր հաշվարկների, համարվում է ոչ շահավետ, ինքը համարում է, որ աշխատել է վնասով:
Ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտը ներկայացվել է խոշորացված ցուցանիշների հիման վրա՝ առանց նշելու մաքրման ենթակա որոշակի տարածքները: Ինչո՞ւ դրանք չեն նշվել:
Դա ոչ ճիշտ ինֆորմացիա է:
Բայց Վերահսկիչն իր հաշվետվության մեջ է դա գրել:
Մրցույթի ժամանակ հայտարարվում են մաքրվող տարածքների քանակը և տեղանքը: Երբ հայտող կազմակերպությունը գալիս է հայտը վերցնելու, որպեսզի լրացնի, այդ ժամանակ նրան տրամադրվում է նաև քարտեզը: Մենք բոլոր ծրագրերի տակ ունենք քարտեզներ: Ավելին, արդեն իսկ իրականացրել ենք մի աշխատանք, որը ներառում է երկու բան. Սևանի մաքրումը մինչև 1903, 5 մետր նիշի բարձրացում, և մաքրելուց հետո նոր անտառաշերտի վերականգնում: Նույնիսկ դա է արված:
Վերադառնալով մաքրման աշխատանքներին՝ ուզում եմ ավելացնել, որ որպեսզի «Վոտերմաստեր կլասիկ 3» տեխնիկան աշխատի, նրան պետք է սպասարկի առնվազն այլ տասը միավոր տեխնիկա, այսինքն` «Նաիրիի բերրիությունը» կցել է ճահճի մեջ աշխատող բուլդոզերներ, որոնք մինչև 1-1,5 մ խորությամբ ջրի մեջ են աշխատում, երկու բուլդոզերներ, որոնք արմատներն են հանում, երկու Կամազ բեռնատարներ, երկու էքսկավատորներ, որոնցից մեկը լաստն է սպասարկում, մյուսը բարձում է բեռնատարները:
Ես մեծ մտավախություն ունեմ՝ արդյոք եկող տարվա մրցույթին կհայտնվի այդպիսի կազմակերպություն, որը նման տեխնիկա ունենա: Մենաշնորհի մասով Վերահսկիչ պալատը գրել է: Սակայն պարզ է ևս մեկ իրողություն. 600 հազար եվրո արժեցող տեխնիկան մենք պատահական մարդկանց ձեռքը չենք տա. տալու դեպքում պիտի ունենանք երաշխիք` դրա անվտանգ աշխատանքի, անվնաս վերադարձնելու և այլնի վերաբերյալ:
Պալատի հաշվետվության մեջ գրած էր նաև բեռնափոխադրումների մասին: 7,5 մլն դրամ էր հատկացված Փոթիից տեղափոխելու համար, բայց ըստ իրենց մոնիտորինգի՝ նման բեռ փոխադրելն արժե 1 400 մլն դրամ: Ինչո՞ւ է ընտրվել նորից նույն կազմակերպությունը:
Ձևակերպումը այն է, որ, փաստորեն, զուտ տրանսպորտի համար մաքսատանը ներկայացվել է 1 400 մլն դրամ: Նախ, ինչ է տեղափոխումը: Պայմանագրերով տեղափոխումը բաժանված է երկու մասի: Առաջին խոշոր կտորը` նավաբարձումը և մինչև Փոթի հասցնելը, վաճառող կազմակերպության վրա էր: Դրանից հետո ընկերություն էր պետք, որ Փոթիից տեխնիկան հասցներ Սևան: Նավահանգստի այդ ամբողջ աշխատանքները, այսինքն՝ բեռնաբարձում, նավահանգստում մնացած օրերի համար վճարումներ, ուղեկցող ավտոմեքենաներ, ոստիկանական մեքենաներ, երկու տրայլերով էքսկավատորը և կից սարքավորումները տեղ հասցնել. կազմակերպությունն այդ ամբողջի դիմաց կատարել է վճարումներ: «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի և կապալառուի միջև հարաբերությունները կարգավորել են պատվերը՝ պայմանագրային պարտականությունը ամբողջությամբ կատարելու արդյունքում:
Եթե, ըստ ձեզ, ամեն ինչ նորմալ է, ինչո՞ւ են Վերահսկիչ պալատի մասնագետներն այդ ամենը գրում իրենց հաշվետվության մեջ:
Վերահսկիչ պալատը փոխադարձ ստուգում չի բացել, որպես էդպիսին, ինչ փաստաթղթեր մենք ունեցել ենք, տրամադրել ենք:
Ինչո՞ւ է բեռնափոխադրում իրականացնելու համար ընտրվել նույն ընկերությունը. բեռնափոխադրող բազմաթիվ ընկերություններ կան:
Մենք բեռնափոխադրումն էլ ենք դրել նույն ընկերության վրա: Ինքը բազմաթիվ տեխնիկաներ ունի, այդ տեխնիկայից թանկ տեխնիկա ունի: Էդ առումով մեզ մարդ էր պետք, որ տեխնիկայից հասկանար: Արդեն ասացի, որ նա իր մասնագետների միջոցով պետք է անցկացներ նաև գործարանային փորձարկում: Դրա արդյունքում նրանք հուշեցին նախարարությանը, որ կարիք կա ունենալու ևս մի սարքավորում, որը մենք խնդրեցինք վաճառող կազմակերպությունից և ստացանք որպես նվեր: Դա 11 հազար եվրո արժեքով շերեփ է:
Վերահսկիչի ստուգումներով քրեական գործ հարուցվե՞լ է:
Ոչ, հիմքեր չկան բացարձակապես:
Դուք նաև խնդիրներ եք ունեցել ԵԱՀԿ-ի գրասենյակի հետ` օրհուս կենտրոնների ֆինանսավորելու հետ կապված: Ինչպե՞ս է հանգուցալուծվել այդ խնդիրը:
Օրհուս կենտրոնները ստեղծվել են Օրհուսի կոնվենցիայի տակ: Կոնվենցիայի պատասխանատուն կառավարության կողմից լիազորված մարմինն է` բնապահպանության նախարարությունը: Եվ կենտրոններ ստեղծելու նպատակը նախարարությանը օժանդակելն է, որպեսզի նախարարությունը իրականացնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները:
Վրաստանը ունի մեկ օրհուս կենտրոն, որն ունի հասարակական կազմակերպության կարգավիճակ: Ադրբեջանը ունի մեկ օրհուս կենտրոն, որը նախարարության կազմում է, ասենք` ինչպես մեր «Տեղեկատվական- վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ն է: Կովկասյան երկու երկրներում, փաստորեն, կան երկու օրհուս կենտրոններ: Հայաստանն ունի տասնհինգ օրհուս կենտրոն, փառք ու պատիվ: Ի՞նչ պետք է անեն այս կենտրոնները: Այս կենտրոնների խնդիրը հասարակական կազմակերպությունների գործառույթը վերցնելը չէ: Սրանց խնդիրը պետք է լինի բնապահպանական ինֆորմացիայի տեղափոխումը: Այսինքն՝ թե ինչ է կատարվում համակարգում, ուր են գնում զարգացումները, ինչպես պիտի բնակչությանը պատրաստել այդ զարգացումներին:
Եվ եթե ազգաբնակչությունն ունի ինֆորմացիա ստանալու, բնապահպանական խնդիրներում արդարադատության հասնելու ցանկություն, սրանք պիտի այս հարցերով զբաղվեն: Այսօր օրհուս կենտրոնները իրենց վրա վերցրել են հասարակական կազմակերպությունների դերակատարում: Որն է եղել ԵԱՀԿ-ի և նախարարության միջև համաձայնությունը: ԵԱՀԿ-ն 3 տարի պետք է ֆինանսավորեր այս կենտրոնները, որից հետո ֆինանսավորման խնդիրը պիտի լուծի նախարարությունը:
Այդ նպատակով ԵԱՀԿ-ի հետ դեռևս անցյալ տարի մենք ունեցանք մի աշխատանքային ծրագիր: Երեք տարվա կտրվածքով ԵԱՀԿ-ն աստիճանաբար այդ ամբողջը փոխանցում է նախարարությանը, այսինքն՝ 2010 թվականին մենք պահում էին ԵԱՀԿ ֆինանսավորումը, բայց սպասարկման ամբողջ գործառույթները վերցնում է նախարարությունը: Դա պետք է աներ մեր նախկին հիմնարկը՝ «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ը: Եվ ԵԱՀԿ-ն մեկ տարվա ֆինանսավորման գումարը փոխանցեց մեզ` իր կողմից հաստատված բյուջեով վճարելու պայմանով: ՊՈԱԿ-ը, կոպիտ ասած, հաշվապահության դեր է կատարել. որևէ մեկի աշխատավարձը ոչ ավելացվել, ոչ պակասեցվել: Բայց քանի որ ՊՈԱԿ-ը պետական հիմնարկ էր, այդ ամենը հաշվապահություն միջոցով պետք է իրականացներ:
Օրհուսների մի մասը չէր կարողանում կամ չէր ուզում հաշվետու լինել այն գումարների համար, որոնք փաստորեն իրենք ծախսում էին: Եվ առաջին եռամսյակից հետո առաջացավ խնդիր. մի շարք կենտրոններ չէին փակում հատկապես իրենց գործուղումների, հեռախոսի, հոսանքի հետ կապված ծախսերը: Ես հարց բարձրացրի ԵԱՀԿ-ի առջև, որ էսպես չի լինի, կամ չափաբաժիններ պիտի հաստատենք, կամ էս մարդիկ իրենք պետք է այդ գումարները ծախսելու թղթեր տան:
Սա դարձավ առիթ, սկսեցին, այսպես կոչված, չարախոսել, թե ես չեմ վճարում էդ կենտրոններին, որովհետև այդ գումարները ծախսվել են այլ նպատակով և այլն: Ստիպված եղանք բանկից հանել տեղեկանք, որ այդ գումարները նստած են առանձին հաշվեհամարի վրա: Հունիսին ես առաջարկեցի այդ գումարները վերադարձնել ԵԱՀԿ, որովհետև այլապես ՊՈԱԿ-ն ընկնում էր հաշվապահական առումով ոչ նորմալ վիճակի մեջ: Ստացվում էր՝ ես կենտրոնների վրա գումարները էի ծախսում, բայց հաշվապահորեն դրանք չէին ծածկվում:
Մինչ այդ եղել էր առաջարկություն, որը քննարկվել էր այն ժամանակվա դեսպան Կապինոսի մոտ. ստեղծել օրհուսների կառավարման խորհուրդ, խորհրդի մեջ մտցնել շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցիչների: Միակ առաջարկությունը, որ եղել է խորհրդի հետ կապված, այն էր, որ Կապինոսը համարում էր, որ օրհուսների աշխատանքը համակարգող մարդը պետք է լինի ոլորտում ազդեցություն ունեցող:
Դրանից հետո եղել է հիմնադրամ ստեղծելու գաղափարը: Հիմա այդ փուլում է: Հիմնադրամի հիմնադիր անդամներ կլինեն այն նախարարությունները, որոնք ուղղակիորեն առնչվում են կոնվենցիայի հետ` բնապահպանություն, տարածքային կառավարում, գյուղատնտեսություն, արդարադատություն, առողջապահություն, կրթություն և այլն: Ինչպես նաև սրա մեջ կմտնեն հասարակական կազմակերպությունների, ակադեմիական թևի ներկայացուցիչներ:
Նախագիծը փաստորեն այս փուլում է և շրջանառվում է կառավարությունում, որպեսզի ստեղծվի հիմնադրամ: Ովքեր ներդրում կանեն հիմնադրամում, դժվարանում եմ ասել: Բայց կա մի առանցքային խնդիր. եթե դու ուզում ես պետբյուջեից ֆինանսավորում ստանալ, պետք է այդ ամբողջը հիմնավորես և հաշվետու լինես: Հիմա առաջանում է նաև այս խնդիրը. արդյոք Հայաստանի նման փոքր երկրին պե՞տք են տասնհինգ օրհուս կենտրոններ, մարզ ունենք, որտեղ երեք կենտրոններ կան, արդյոք դրա անհրաժեշտությունը կա՞: Եվ հաջորդ խնդիրը. օրհուս կենտրոնները ինչո՞վ պիտի զբաղվեն, ի վերջո, ո՞րն է օրհուսների դերը:
Հիմա խոսենք «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար հայտարարված վերջին մրցույթից: Մրցույթին երկու հայտ է ներկայացվել, որից մեկը դուք եք ներկայացրել, սակայն ոչ ոք չի անցել հաջորդ փուլ:
Խնդրել եմ, որ ինձ տան պատճառը: Կանոնակարգը տալիս է հնարավորություն նաև առանց բացատրության մերժելու: Կանոնակարգը ասում է, որ կարող է չհրավիրվել հարցազրույցի: Ես կարող եմ ենթադրություն անել, որ գուցե փորձել են նախապատվությունը տալ բազային բնապահպանական կրթության մասնագետի: Եթե այսպես է, ապա այս մոտեցման հետ ես էդքան էլ համաձայն չեմ մի պարզ պատճառաբանությամբ, որ նախ` ես այս ոլորտում եմ շուրջ 4 տարի, աշխատում եմ որպես մենեջեր:
Եթե ես կարողացել եմ հաջողությամբ ավարտել մի շատ ծանր ծրագիր, որը ուղղակի ռիսկային գոտում էր գտնվում իմ գալուց առաջ, եթե ես կարողացել եմ այս հաստատության պրոֆեսիոնալ կազմը պահել և ԾԻԳ-ից հետո համոզել կառավարությանը, որ այս հիմնարկը գոյատևելու հնարավորություն պիտի ունենա, և դրանից հետո հիմնարկը ամբողջովին վերակազմակերպվել է, ստեղծվել է ՊՈԱԿ, եթե այսօր նախարարության կողմից կոորդինացնում եմ այնպիսի մի ծանր գործառույթ, ինչպիսին Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի խորհրդում Հայաստանը ներկայացնելը և ծրագրային առաջարկների համակարգումն է, ինձ վրա դրված է «Շրջակա միջավայր և անվտանգության», Անդրսահմանային միացյալ քարտուղարության աշխատանքների համակարգումը, Շիկահողի բաց ներդրումային ծրագրի բանակցային գործընթացների իրականացումը, ես կարող եմ ինձ այս ոլորտի մասնագետ համարել, չնայած իմ բազային կրթությունը բնապահպանական կամ գյուղատնտեսական չէ:
Իսկ նոր մրցույթ հայտարարվե՞լ է:
Ոչ, և մինչ հայտարարվելը ես գոնե պետք է իմանամ, թե ինչի համար եմ մերժվել, որպեսզի ճշտեմ իմ դիրքորոշումը՝ նորից մասնակցելու հետ կապված:
Մեկնաբանություններ (16)
Մեկնաբանել