2018-ին ընդառաջ․ կուտակայինի դեմ կրկին փողոցային պայքար կծավալվի՞
Հայաստանի կառավարությունն առաջարկում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում ներառել նաև ՀՀ-ում գործող միջազգային կազմակերպությունների այն աշխատակիցներին, որոնք հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ։ Այս առաջարկությունն ընդգրկված է խորհրդարանի նիստերի օրակարգում։
«Գործատու է համարվում նաև այն միջազգային կազմակերպությունը, որը միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում` այդ միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող (պաշտոնեական պարտականությունները կատարող) Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն կատարում է կենսաթոշակի իրավունք տվող վճարներ»,-ասված է նախագծի առաջարկության տեքստում։
Նորանկախ Հայաստանի պատմության մեջ թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում թերևս ամենահամառ դիմադրությանն արժանացած այս բարեփոխումն ըստ օրենքի հեղինակների՝ պետք է հանրային շահերը բավարարող կենսաթոշակային համակարգ ապահովեր, սակայն ընդդիմախոսները մատնանշում էին երաշխիքների բացակայությունը, հատկապես այն հանգամանքը, թե ինչպես են կառավարվելու այդ գումարները։
Հիշեցնենք, որ գործող օրենքով կուտակայինի պարտադիր բաղադրիչը կիրարկվում է պետական համակարգի՝ 1974 թվականից հետո ծնված բոլոր աշխատակիցների և մասնավոր աշխատաշուկայի այն մասնակիցների համար, որոնք համակարգից հրաժարվելու դիմում չեն գրել։
Այս տարվա հուլիսի 1-ից օրենքի պարտադիր բաղադրիչը պետք է տարածվեր 1974 թվականից հետո ծնված և աշխատաշուկայում գործող ՀՀ բոլոր քաղաքացիների նկատմամբ, սակայն Հարկային օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված, այն հետաձգվեց մինչև 2018-ի հուլիսի 1-ը։
Համակարգի ներդրման դեմ առաջին ընդվզողները ծրագրավորողների նեղ շրջանակն էր, որոնց շարքերն աստիճանաբար համալրեցին տարբեր մասնագիտությունների տեր երիտասարդներ, իսկ շարժումն էլ ստացավ «Դ!ԵՄ ԵՄ պարտադիրին» անվանումը: Հեծանվաերթեր, ավտոերթեր, մարզային ու մայրաքաղաքային հանրահավաքներ, քարտային հաշիվների սառեցում և քաղաքացիական անհնազանդության այլ դրսևորումներ, ինչպես օրենքի սահմանադրականության վիճարկումը Սահմանադրական դատարանում։
2018 թվականը սարերի հետևում չէ, և արդիական է հարցադրումը, թե պայքարի ինչ մեթոդ են ընտրելու և արդյոք առհասարակ պայքարելո՞ւ են օրենքից դժգոհող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։
ՍԴ-ում դիմող կողմի ներկայացուցիչներից Արտակ Զեյնալյանը, որն այլևս ԱԺ պատգամավոր է, օրենքի՝ առաջարկվող փոփոխությանը դեռ չի ծանոթացել, սակայն նկատեց՝ օրենքի պարտադիր բաղադրիչը, միևնույն է, հակասահմանադրական է։
«Անկախ նրանից այն կիրառվելու է միջազգային, թե տեղական ընկերությունների աշխատակիցների նկատմամբ, պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է»,-մեզ հետ զրույցում ասաց նա։
Դ!ԵՄ ԵՄ շարժման ներկայացուցիչներից երկուսն այլևս օրենսդիրի անդամ են։ Նախկին Դ!ԵՄ ԵՄ-ական, այժմ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը «Հետքի» հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ են պատրաստվում նախաձեռնել 2018-ին ընդառաջ։
«Ես և Մանե Թանդիլյանը(Դ!ԵՄ ԵՄ նախկին անդամ․ հեղ․) մի քանի անգամ նախագծի հեղինակներին հանդիպել ենք, մեր մտահոգությունները հայտնել ենք, իրենք էլ խոստացել են փոփոխություններ առաջարկել։ Մենք ինքներս նախատեսում ենք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, իրավիճակը գիտենք՝ խորհրդարանում փոքրամասնություն ենք, բայց ամեն դեպքում մեր մոտեցումներն ի ցույց ենք դնելու»,-ասաց նա՝ հավելելով, որ միգուցե ինչ-որ պահի հասարակական ճնշում ապահովելու համար ընկերների օգնության կարիքն ունենան։
Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է շարժումը կրկին փողոցային պայքարի վերածվի, Գորգիսյանը չբացառեց․«Եթե կարիք ու անհրաժեշտություն լինի, անպայման կկազմակերպենք, բայց ներկայումս մտածում ենք օրենսդրական նախաձեռնություն ստեղծելու մասին, որովհետև օրենքն ամբողջությամբ պետք է փոխվի։ Այն պետք է լինի կամավորության սկզբունքով, բայց պարունակի այնպիսի շահագրգռող նորմեր, որ քաղաքացին ցանկանա իր աշխատավարձից զգալի մասը փոխանցել։ Նաև երաշխիքներ են անհրաժեշտ, որոնք բացակայում են օրենքի գործող տարբերակում։ Ինչևէ, քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել»։
Շարժման ակտիվիստներից Դավիթ Մանուկյանը մեզ հետ զրույցում հայտարարեց՝ չի պատրաստվում որևէ քայլ ձեռնարկել, եթե շարժում լինի միգուցե միանա։ Ասաց, որ իր նախկին կարծիքին է՝ օրենքը ներկա տարբերակով հակասահմանադրական է, ապա կոչ արեց դիմել երբեմնի պայքարի գործընկերներին։
«Նրանք խորհրդարանում են և ունեն քաղաքական լծակներ»,-ասաց Մանուկյանը։
Գ․Գորգիսյանը համաձայնեց՝ քաղաքական լծակներ ունեն, սակայն որպես խորհրդարանական ընդդիմություն փոքրամասնություն են։
Պատգամավորի գնահատմամբ Դ!ԵՄ ԵՄ շարժումը պետք է թափ ստանար այն ժամանակ, երբ օրենքի պարտադիր բաղադրիչը տարածվեց պետական համակարգի աշխատողների վրա, սակայն վերջիններս հնազանդվեցին։
«Արդյունքում ստացվեց, որ նրանք, ովքեր փողոց էին դուրս եկել իրենց համար խնդիրը լուծվեց, և այլևս իմաստ չկար պայքարը շարունակելու»,-նշեց Գևորգ Գորգիսյանը։
Տեղեկացնենք, որ կուտակային կենսաթոշակային համակարգը շուրջ 160 հազար մասնակից ունի, ֆոնդերի կառավարումը իրականացվում է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» միջազգային ընկերությունների կողմից։
Օրենքի փոփոխությանը խորհրդարանում կողմ են քվեարկել միայն իշխող ուժի՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչները․ այն երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է 66 կողմ ձայներով, ընդդիմությունն ու ոչ իշխանական խմբակցությունները բոյկոտել էին օրենքի քվեարկությունը՝ պարտադիր բաղադրիչը համարելով հակասահմանադրական։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել