HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Ֆրանսիայի որոշմանը Անկարան հակադրելու բան չունի՝ դիվանագիտական «դեմարշից» բացի

Նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ներքին պալատը) ձայների 106 կողմ 19 դեմ հարաբերակցությամբ կրկին հաստատեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Դեկտեմբերի 22-ին այն քվեարկության կդրվի Սենատում, և հաստատվելու դեպքում (ինչը գրեթե կասկածից դուրս է) կմնա նախագահ Սարկոզիի ստորագրությունը, որից հետո օրենքը ուժի մեջ կմտնի: Օրենքի կիրառման պահից սկսած Ֆրանսիայի տարածքում ցանկացած ոք, ով կասկածի տակ կդնի 1915-23 թթ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստը, հարկադրված կլինի վճարել 45000 եվրո տուգանք կամ դատապարտվել ազատազրկման նվազագույնը մեկ տարի ժամկետով:

Ըստ ամենայնի, պաշտոնական Անկարան կորցրել է նախագծի ընդունումը շրջափակելու բոլոր հնարավորությունները: Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուլօղլուն հայտարարել է, որ դեկտեմբերի 22-ի քվեարկության դրական արդյունքի դեպքում ինքը լքելու է Փարիզը: Միաժամանակ Թուրքիան որոշել է հանդես գալ, այսպես կոչված, «հականախաձեռնությամբ» և իբր ինչ-որ «կոնսուլտացիաներ» է անցկացնում Ալժիրի և այլ արաբական երկրների հետ, որպեսզի Ալժիրի անկախության պատերազմի ժամանակ (1945-ին) զոհված 45000 ալժիրցիների մահվան փաստը որակվի որպես Ֆրանսիայի կողմից իրականացված ցեղասպանություն:

«Ֆրանսիայի Սենատի կողմից հայերի ցեղասպանության քրեականացման օրինագծի հաստատման դեպքում Թուրքիան պատասխան քայլեր կձեռնարկի, և խորհրդարան կներկայացվի ալժիրցիների ցեղասպանության ճանաչման մասին օրենքի նախագիծ»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Իսկ Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմալ Չիչեկը իր հերթին կարծիք է հայտնել, թե Օսմանյան կայսրությունում 1915 թ. դեպքերի գնահատականը պետք է թողնել պատմաբաններին:

«Մեր հարաբերությունները Ֆրանսիայի հետ պատմական արմատներ ունեն դեռ սուլթան Սուլեյմանի ժամանակներից: Բայց եթե Փարիզը ցանկանում է փլուզել այդ բազմադարյա կապերը՝ ուրեմն այդպիսին է իր ընտրությունը: Ես հիմա չեմ սպառնում, բայց այդպիսի օրենք ընդունելու դեպքում Ֆրանսիան ապագայում լիուլի կհատուցի դրա համար»,- նշել է Չիչեկը:

Սակայն պաշտոնական Անկարայի սպառնալիքները, ըստ ամենայնի, այնքան էլ չեն մտահոգում Փարիզին: Թուրքիան չունի իրական հակաքայլեր, և այսպես կոչված «ալժիրցիների ցեղասպանության» թեման որևէ հեռանկար չի կարող ունենալ: Այն պարզ պատճառով, որ Ալժիրը երբևիցե այդպիսի մեղադրանք չի ներկայացրել Ֆրանսիային, նախկին մետրոպոլիայի և գաղութի միջև միջպետական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: Ավելին՝ Ֆրանսիայի միլիոնավոր քաղաքացիներ ալժիրյան ծագում ունեն, հազարավորներն էլ հերթ են կանգնում Ֆրանսիայում բնակության իրավունք ստանալու համար:

Պաշտոնական Փարիզի դիրքորոշումը պետք է դիտարկել ֆրանս-գերմանական «տանդեմի»՝ Թուրքիայի նկատմամբ ավանդական քաղաքականության համատեքստում: Այն է՝ ոչ մի դեպքում կանաչ լույս չվառել Թուրքիայի առջև Եվրամիությանն անդամակցելու համատեքստում: Պարզապես Գերմանիան հազիվ թե կարող է Հայոց Ցեղասպանության հարցում հանդիմանել Թուրքիային, քանզի 1915-ին Թուրքիայի դաշնակիցն էր, այդ պատճառով էլ Անկարային տեղը ցույց տալու գործառույթը իրականացնում է Ֆրանսիան:

Անշուշտ, Փարիզի դիրքորոշումը պետք է դիտարկել նաև Ֆրանսիայի տարածաշրջանային քաղաքականության համատեքստում: Ցեղասպանության ժխտումը քրեականացնելով Ֆրանսիան ընդգծում է իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ իբրև Հարավային Կովկասում առաջնային գործընկերոջ:

Եվ թերևս վերջին տեղում է նախընտրական գործոնը, սակայն միանգամայն տրամաբանական է, որ Նիկոլա Սարկոզին այս քայլով գրավելու է ֆրանսահայ համայնքի համակրանքը: Սակայն դրանում դատապարտելի բան չկա. այդպես կվարվեր վերընտրվելու ցանկություն ունեցող ցանկացած նախագահ:

Այլ խնդիր է, որ Ֆրանսիայի դիրքորոշումը որոշ իմաստով հակադրության մեջ է մտնում ԱՄՆ-ի նախաձեռնած հայ-թուրքական «հաշտեցման» գործընթացի և հայտնի արձանագրությունների տրամաբանության հետ: Դատելով մինչ այժմ հայ-թուրքական «հաշտեցումը» արձանագրությունների վավերացմամբ որոշակի հանգրվանի բերելու ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչների հայտարարություններից, «հաշտեցումը» զուտ տարածաշրջանային աշխարհաքաղաքական նպատակներից (Հարավային Կովկասում ռուսական ազդեցության չեզոքացում) բացի ունի նաև այլ ենթատեքստ՝ հնարավորություն տալ ԱՄՆ ներկայիս վարչակազմին դիմակայել հայկական լոբբիի ճնշմանը և խուսափել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից: Մանավանդ որ Թուրքիան բավական արագ և գործնականում առանց առարկությունների վերադառնում է ԱՄՆ ազդեցության ուղեծիր՝ կրտսեր դաշնակցի ավանդական կարգավիճակով:

Հետևապես Ֆրանսիայի քաղաքականությունը կամ որոշակիորեն համաձայնեցված է Վաշինգտոնի հետ՝ Թուրքիային զսպաշապիկ «հագցնելու» ամերիկյան քաղաքականության ուղեծրում, կամ էլ ճիշտ հակառակը: Այսինքն՝ պաշտոնական Փարիզը ցեղասպանության ժխտումը քրեականացնելով բավական ծանր հարված է հասցնում հայ-թուրքական «հաշտեցմանը»՝ դրանով իսկ ուղղակի կամ անուղղակի նպաստելով տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի պահպանմանը: Որովհետև Ֆրանսիայի որոշումից կատաղած Անկարան հազիվ թե տեսանելի հեռանկարում վերադառնա հայ-թուրքական արձանագրությունների վավերացման թեմային:

Ճիշտ հակառակը՝ Թուրքիան արդեն ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրում Հայաստանի հետ հարաբերություններում, և հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարը այսօր ավելի մոտ չէ, քան 10 տարի առաջ: Եթե սահմանը փակ է, ուրեմն չկան նաև նորմալ հարաբերություններ, հետևապես ռուսական ռազմական բազան շարունակելու է մնալ իբրև ակտուալ գործոն Հայաստանի անվտանգության ապահովման առումով: Իսկ բազան էլ տարածաշրջանում ռուսական ներկայության հիմնական երաշխիքներից մեկն է:

Հետադարձ հայացք նետելու դեպքում, դժվար չէ վերհիշել, որ Ցյուրիխում 2009-ի հոկտեմբերին հայտնի արձանագրությունների ստորագրման ժամանակ Ա. Դավութօղլուի և Է. Նալբանդյանի թիկունքում՝ Հ. Քլինթոնի կողքին կանգնած էին ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովը և Ֆրանսիայի նրա գործընկեր Բ. Կուշները: Այն ժամանակ սակավաթիվ, բայց թերևս Մոսկվա-Փարիզ հարաբերությունների բովանդակությունից քաջատեղյակ որոշ վերլուծաբաններ արձանագրեցին, որ պաշտոնական Մոսկվայի և Փարիզի ներկայությունը այդ «դարակազմիկ» իրադարձությանը ամենևին էլ հայ-թուրքական «հաշտեցման» գործընթացի խրախուսման նշան չէր, այլ ճիշտ հակառակը: Թերևս նրանք իրավացի էին:

Վահան Վարդանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter