HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Չախալյան․ Կոչ անդորրի

Սույնով հայտնում ենք մեր մտահոգությունը 2017 թ. սեպտեմբերի 30-ին հայաբնակ Ջավախքում՝ Ախալքալաքի շրջանի Գումբուրդո համայնքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ:

Գումբուրդոյի եկեղեցու հարևանությամբ հայտնաբերված նախնիների ոսկորների վերաթաղման և այդ աճյունների վրա խաչքարի տեղադրման խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը մի անգամ ևս բացահայտում է երկու երևույթ:

Առաջինը՝ Վրաստանի իշխանությունները Վրաստանի հայության ազգային-մշակութային և կրոնական իրավունքների նկատմամբ շարունակում են վերաբերվել անհասկանալի վերապահությամբ՝ տուրք տալով թուրք-ադրբեջանական տնտեսական և քաղաքական ճնշումներին:

Երկրորդը՝ խնդիրների չլուծված մնալու կամ դանդաղ լուծում ստանալու վիճակից շարունակում են օգտվել տարբեր պատեհապաշտ և անպատասխանատու տարրեր, որոնք ձգտում են տարածաշրջանի ապակայունացման հաշվին հասնելու իրենց նեղ տնտեսական և քաղաքական նպատակներին:

Արդ կոչ ենք ուղղում Վրաստանի իշխանություններին անհապաղ տրամաբանական և կառուցողական լուծում տալ Գումբուրդո համայնքում խաչքարի տեղադրման հարցին և չհրահրել ջավախքահայ բնակչության դժգոհությունը: Դրա հետ մեկտեղ, կոչ ենք ուղում ջավախքահայությանը տուրք չտալ խառնակիչ և պատեհապաշտ տարրերի վտանգավոր և անհեռանկար սադրանքներին:

Վերջին ամիսներին Վրաստանում հայության իրավունքների ոլորտում ինչպես նաև Վրաստան-Հայաստան հարաբերությունների շրջանակներում արձանագրվել է զգալի առաջընթաց: Հակառակ տեսանելի դրական ընթացքին, առիթ ենք ունեցել հայտարարելու, որ ջավախքահայության և ընդհանրապես վրացահայության իրավունքների գծով բարեփոխումները դանդաղ են ընթանում և չեն համապատասխանում հայ բնակչության ակնկալիքներին:

Արդ, Վրաստանի իշխանություններին կոչ ենք ուղղում հավասարակշռված գործողություններով անմիջապես անդորր հաստատել Ջավախքում, սկսել կառուցողական երկխոսություն տարածաշրջանի հայ ղեկավարների հետ հանուն խաղաղության, հանուն մարդու և ազգային իրավունքների իրացման երաշխիքների ամրապնդման:

Իրավիճակն ապակայունացնող տարրերին խորհուրդ ենք տալիս չդառնալ թուրք-ադրբեջանական ծրագրերի գործիք և սեփական մանր շահերով չտարվել: Հակառակ դեպքում համապատասխան քայլեր կձեռնարկվեն նրանց մեքենայությունները բացահայտելու և անդորրը վերականգնելու ուղղությամբ:

Հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունները Թուրքիա-Ադրբեջան տնտեսական և քաղաքական միությանը, նրանց պանթուրքիստական նկրտումներին դիմակայելու գլխավոր ասպարներից է, և մենք իրավունք չունենք թույլ տալու, որ դրանց վտանգ սպառնա: Ինչպես երեկ, նաև այսօր և վաղը մենք շարունակելու ենք պայքարել հանուն օրենքի, իրավունքի և խաղաղության, հանուն տարածաշրջանում անկախ և ուժեղ հայկական ու վրացական պետականությունների հարատևման գերագույն նպատակի:

Վահագն Չախալյան
30.09. 2017 թ., ք. Ախալքալաք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter