
Նոր բրենդ հայկական շուկայում՝ «Քյավառա կարտոլ» (ֆոտոռեպորտաժ)
Ազատուհի Խաչատրյան
Գոմաղբի մոխրի մեջ պատրաստվող «Քյավառա կարտոլը» արդեն երրորդ տարին իր մոտ է բերում հարյուրավոր կարտոֆիլասերների: Սարուխան և Կարմիր գյուղերի միջև ընկած Ծաղկավանք կոչվող տարածքում հեռվից նկատելի են գունավոր տաղավարները և փռից ելնող թանձր ծուխը:
«Մեծ փուռ» փառատոնի գաղափարը տեղացիներինն է, աջակիցը՝ «Վորլդ Վիժն Հայաստան» (ՎՎՀ) բարեգործական կազմակերպությունը: Փառատոնի նպատակն է, որ խմբերը առանց միջնորդ հանդիպեն սպառողին, ներկայացնեն իրենց արտադրատեսակները, կապեր հաստատեն և հետագայում վաճառք իրականացնեն:
Միջոցառման կազմակերպիչ, Գեղարքունիքի մարզի ՎՎՀ տնտեսական ծրագրերի համակարգող Աստղիկ Հովեյանն ասում է, որ այս տարի մասնակցում են Գանձակի, Սարուխանի և Կարմիր գյուղերի կարտոֆիլագործները և մարզում գործող 24 արտադրողների խմբեր ու անհատ մարդիկ: Ներկայացված է նաև տաղավար Ջավախքից:
Փառատոնի մասնակիցները ներկայացնում են ուտեստներ կարտոֆիլից և այլ տեղական մթերքներից պատրաստված՝ չիչխան, կտավատ, բռոկոլի, մեղր, չրեր, դեղաբույսեր և այլն: «Այսօր այստեղ ներկայացվում են միայն ու միայն գյուղացիների ձեռքով պատրաստված մթերքներ: Այս տարի նախորդ տարվա համեմատ հինգ անգամ ավել այցելուներ ունենք. դա նշանակում է, որ փառատոնը սիրված է».-ուրախությամբ նշում է Աստղիկը:
Անվանակարգերը նույնպես տիպիկ էին տեղի մշակույթին՝ «Լավագույն փռնչի» «Ամենահյուրասեր փռնչի», «Ամենաքեֆչի փռնչի», «Ամենաընտանեկան փուռ»:
Հատուկ անվանակարգ էր «Կարտոֆիլից պատրաստված ամենանորարար ուտեստը», որը ժյուրիի գնահատմամբ ճանաչվեց կարտոֆիլի մուրաբան: Ներկայացված էին նաև կարտոֆիլի չիր, օղի, կոնյակ, կարտոֆիլի ալյուրից հաց:
Նախորդ տարվա լավագույն փռնչի 2-րդ հորիզոնական զբաղեցրած Վիգենը այս տարի արժանացավ ամենահյուրասերի կոչմանը: Իր տաղավարում ուտելիքներից բացի նաև պատվոգրեր են շարված. 2016-ին նա աճեցրել է ամենախոշոր կարտոֆիլը, որը կշռել 1,680 գ: Ախթալայի խորովածի փառատոնին նույնպես մասնակցել ու ճանաչվել է «Խորովածի վարպետ»:
Վիգենը հեշտությամբ բացում է փռի մեջ համեղ կարտոֆիլ խորովելու իր գաղտնիքը. «Պետք ա սկզբում աթարը վառել, հետո մոխիրի մեջ շարել կարտոլն ու ծածկել, բայց ուրիշները հենց սկզբից են դնում, կարտոլը վառում ա, լավ չի եփում»: Վիգենը նաև պատմում է ավանդույթի մասին, թե ինչպես են դաշտում կարտոֆիլը հողից հանելիս մարդիկ հավաքել գոմաղբը, կրակ արել ու մեջը եփել կարտոֆիլը. սա էլ հենց փուռն է:
Փառատոնի վերջում Աստղիկը հրավիրում է.- «Հոկտեմբերի 15-ից սկսած կարտոֆիլագործ խմբերը Կասյան շուկայում կիրակի օրերին կարտոֆիլ կվաճառեն: Ովքեր որ հավանեցին մեր կարտոֆիլը, հրավիրում ենք Կասյան շուկա՝ «Քյավառա կարտոլ» տաղավար»:
Մեկնաբանել