
«Պիտի գաս հաղթելու համար. հնարավոր չէ հաղթել առանց նպատակի»
Ամալյա Մարգարյան
«Դժվար էր այստեղ հասնելը, տաքսու վարորդները հրաժարվում էին Գյումրիից հեծանիվը Երևան տեղափոխել, հետո մեկին գտանք, ով համաձայնեց: Առավոտ շուտ հասանք Երևան»,- ասում է Անդրանիկ Ներսիսյանը, ով, 250 կմ ճանապարհ կտրելով, հասել է Նոյեմբերյան՝ մասնակցելու սիրողական հեծանվասպորտի մարզային 7-րդ գավաթին:
Սիրողական հեծանվասպորտի մարզային գավաթի մրցաշարն այս տարի անցակցվում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի Սրբասար (տեղացիների լեզվով՝ Գոգդաղ) կոչվող վայրում: Անդրանիկի ընկերը՝ Կառլենը, ասում է, որ մրցաշարին ներկայանալու համար Գյումրիի օրվան նվիրված միջոցառումներին հրաժարվել է մասնակցել և ընտրել է Սրբասարի ճանապարհը:
«Մեր նպատակն է Նոյեմբերյանում առկա տեսարժան վայրերը, բնությունը հասանելի դարձնել, ցույց տալ ոչ միայն հայերին, այլ նաև արտասահմանցի հյուրերին»,- ասում է «Նոյեմբերյանի տուրիզմի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նունե Ազիզյանը, ով միջոցառման կազմակերպիչներից է:
Նունեն նշում է, որ հետագայում էլ միջոցառումներ կկազմակերպեն. «Սա միջոց է, որ երեխաները, երիտասարդները մնան Նոյեմբերյանում, այլ ոչ թե գլուխներն ազատեն սահմանամերձ բնակավայրից»:
Իսկ Նոյեմբերյանի համայնքապետի օգնական Արմեն Ամիրաղյանը նշում է, որ մրցաշարը հաջողված սկիզբ է տուրիզմի զարգացման համար.
«Թեև եղանակն անձրևոտ էր, բայց, ամեն դեպքում, միջոցառումը կայացավ: Նոյեմբերյանը գտնվում է ճանապարհային խաչմերուկում, և այսպիսի միջոցառումները շատ կարևոր են: «Սրբասար 2017»-ը հենց այդպիսի միջոցառումների սկիզբն էր»:
Հեծանվորդները պատմում են, որ հասցրել են մասնակցել Դիլիջանում, Արտավանում, Ենոքավանում, Ղարաբաղում ընթացող մրցաշարերին: Նրանք կատակում են և իրար մեջ բաժանում մրցույթային տեղերը:
Արդեն 7-րդ անգամ գավաթը նվաճած Արա Սարգսյանը ասում է, որ մասնակիցները սիրողական մակարդակում են զբաղվում հեծանվասպորտով, ունեն տարբեր մասնագիտություններ.
«Էստեղ հեծանիվից է կախված հաղթանակը»,- կատակում է Արան, հետո ավելացնում, որ ում հեծանիվն ավելի թանկարժեք է, նա էլ կհաղթի: Արան ասում է, որ մրցելու համար նաև պետք է փորձ ունենալ. «Պիտի գաս հաղթելու համար. հնարավոր չէ հաղթել առանց նպատակի: Չես կարող ուղղակի գալ ու հաղթել, մարզվելը ևս կարևոր է»:
Իսկ ընկերներն էլ կատակում են, որ երբ տեսնում են՝ Արան մասնակցում է, առաջին տեղի համար էլ չեն պայքարում:
«Մրցույթից դուրս էլ մենք հանդիպում ենք, մինչև այստեղ գալը Վրաստան ենք գնացել, սահմանը հեծանիվներով հատել, հետո մեր վրացի ընկերների հետ վերադարձել Հայաստան»,- ասում է Յուրա Առաքելյանը, հետո ավելացնում, որ հեծանվային սպորտն իրենց համար արդեն ապրելակերպ է դարձել:
Մասնակիցներն անգամ եղանակային վատ պայմանների մասին են կատակում. «Ասում են՝ ցեխը նպաստում է առողջությանը, մենք հեծանիվ քշելու համար չենք եկել, ցեխի համար ենք եկել»,- ասում է մասնակիցներից Արման Հակոբյանը:
Միջոցառման վերջում «Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության» ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը, հաղթողներին հանձնելով մրցանակներն ու պատվոգրերը, նշում է, որ հեռավոր մարզեր գալու և մրցումներ անցկացնելու նպատակը համայնքների տեսարժան վայրերը ցույց տալն է և առողջ ապրելակերպը տարածելը.
«Մրցաշարում տարիքային սահմանափակում չկա: Այս տարի մասնակցում էին 14-50 տարեկան հեծանվորդներ: Ողջունելի է, որ 5 մասնակից ունեինք Նոյեմբերյանից: Հույս ունենք ամեն տարի այստեղ կրկնել մրցաշարը և ունենալ ավելի շատ մասնակիցներ»:
Մեկնաբանել