HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Քաղաքապետարանը պատգամավորի ընկերությանը թույլատրել է օրենքով արգելված գովազդ իրականացնել

Տևական ժամանակ է` «Պրես ստենդ» ընկերությանը պատկանող կրպակների լուսամուտների ներսում տեղադրված են «Գրանդ Տոբակո» ընկերությանը պատկանող ծխախոտի տուփեր։

«Գովազդի մասին» օրենքն արգելում է ծխախոտի արտաքին գովազդը պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների և այլ միջոցների ձևով։

Թե ինչպես է ընկերությանը տրվել 200-ից ավել կրպակների միջոցով արգելված գովազդ իրականացնելու թույլտվություն, անհայտ է։ Սակայն հայտնի պատճառներից մեկը կարել է համարել այն, որ «Պրեսս Ստենդ» ընկերության սեփականատերը ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյան է։ Ստացվում է՝ պատգամավորի ընկերությունն արտոնյալ է օրենքի և քաղաքապետարանի համար։

Մայրաքաղաքի արտաքին տեսքի, գովազդի պատասխանատուն և հսկող մարմինը Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունն է։ Այս վարչությունն է որոշում քաղաքի տարածքում արտաքին ձևավորման և գովազդի վահանակների տեղադրման, տեղափոխման, ապամոնտաժման, վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման ժամկետները, կանոնակարգում արտաքին ձևավորման և գովազդի միջոցառումները։

Արտաքին ձևավորման և գովազդի վարչությունից, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ «Պրես Ստենդ» ընկերության կրպակների լուսամուտների ներսում տեղադրված են կրպակում վաճառվող ապրանքների նմուշներ, ինչը չի կարգավորվում «Գովազդի մասին» օրենքով, հետևաբար գովազդի թույլտվություն չի տրամադրվել։

Տարօրինակ է քաղաքապետարանի այս պատասխանը, քանի որ ծխախոտը գովազդող պաստառների վրա էլ փակցված չեն իրական ծխախոտներ, միայն դրանց լուսանկարներն են, սակայն օրենքը արգելում է դրա գովազդը։ Քաղաքապետարանի կողմից մեզ ուղարկված պատասխանը «Գովազդի մասին» օրենքի յուրօրինակ մեկնաբանում է, որը ենթադրելու առիթ է տալիս, որ քաղաքային իշխանությունը խուսափում է մեկնաբանել, թե ինչպես է թույլատրել օրենքով արգելված գովազդ իրականացնել։

Կրպակների միջոցով «Գրանդ Տոբակո» ընկերության ծխախոտները գովազդելու մասին հարցում էինք ուղարկել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով։

Մասնավորապես ՏՄՊՊՀ-ից հետաքրքրվել էինք՝ արդյոք հանձնաժողովն ուսումնասիրել է այս գովազդի թույլտվության ձևաչափը, եթե այո, ապա ի՞նչ աշխատանքներ են տարվել, և արդյոք  հանձնաժողովն այդ գովազդը չի համարում «Գովազդի մասին» օրենքի խախտում։

Մեր հարցմանն ի պատասխան` տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից հայտնել են, որ հիմք ընդունելով մեր կողմից ներկայացված գրությունը` հանձնաժողովը սկսել է ուսումնասիրություն իրականացնել։

Հիշեցնենք, որ մինչ այդ կրպակների միջոցով գովազդվում էին հեռահաղորդակցության օպերատորներ «VivaCell-MTS» և «Ucom» ընկերությունների ծառայությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter