HY RU EN

Արաքս Մամուլյան

Սամվել Բաբայանը հայտարարեց, որ իրեն պետք է դատարանի դահլիճից ազատեն

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների վերաբերյալ դատական նիստին այսօր հետազոտվեցին քրեական գործի «ներքին դիտում» օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակներում Սամվել Բաբայանի սենյակում գաղտնի արված ձայնագրություններ, ինչպես նաև իգլայի գործով անցնող ամբաստանյալների որոշ հեռախոսային խոսակցություններ, որոնք, մեղադրական կողմի գնահատմամբ, առնչվում են այս գործով ամբաստանյալների մեղադրանքին:
Այդ խոսակցությունները լսելիս թեև պարզ է դառնում, որ գործով անցնող ամբաստանյալները Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը իգլայի խողովակը ԱԱԾ-ին հանձնած Հրաչյա Մայիլյանի հետ ինչ- որ ապրանք ստանալու վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերում, բայց դրանցում որևէ կերպ չի նշվում «իգլա», «զենք»  կամ նմանատիպ այլ բառեր, որոնք ուղղակի առնչություն ունեն իրեղեն ապացույց ճանաչված իգլայի խողովակի հետ:
Մինչև ամբաստանյալների ձերբակալվելու պահը՝ 2017-ի մարտի 22-ը,  տարբեր օրերի արված ձայնագրություններում խոսակցություններ են, օրինակ, կոշիկ, մեքենա, լիմոնադ ձեռք բերելու, հեռուստացույց պատվիրելու, լոլիկ բերելու վերաբերյալ, որոնք, ամենայն հավանականությամբ, մեղադրանքի կողմը համարում է կոդավորված բառեր, որոնք առնչվում են գործով իրեղեն ապացույց ճանաչված իգլայի խողովակին:
Խոսակցություններից մեկից կարելի է ենթադրել, որ այն, ինչի մասին խոսում ու պայմանավորվածություն են ձեռք բերում ամբաստանյալները, յոթ ամիս առաջ է պատվիրվեր:
«Յոթ ամիս ա՝ ավարիա ենք տվել` սեպտեմբերին. էսպես չի լինի... մեկն  ասում ա՝ չորս սվեչա, մյուսը՝ վեց պորշին»,- Հրաչյա Մայիլյանի հետ խոսակցություններից մեկի ժամանակ բարկանում է Սանասար Գաբրիելյանը:
Հեռախոսային խոսակցություններից մեկում էլ Սամվել Բաբայանը Սանասար Կարապետյանին ասում է, որ մի նկար նկարի:
Հետագա խոսակցություններում քննարկվում է նաև հարցը, որ համապատասխան ապրանքի վրայից ինչ-որ բան պակաս է, որ այդ դեպքում այն «38-ով պետք է տալ, 100 չարժե»:
Սամվել Բաբայանի աշխատասենյակի գաղտնալսումները դահլիճում ներկա գտնվողների համար, կարելի է ասել, այդպես էլ գաղտնի մնացին: Ձայնային կրիչների վրա առկա խոսակցությունները  դատարանում հետազոտվում էին համակարգչի միջոցով և ձայնում խշշոց կար, որը թույլ չէր տալիս լսել, թե ինչ են խոսում զրուցակիցները:
Դրանց հետազոտման ընթացքում Սամվել Բաբայանը հայտարարեց, որ այս ամենը լսելուց հետո պետք է իրեն ազատեն դատարանի դահլիճից` նկատի ունենալով, որ գործին առնչվող որևէ խոսակցություն դատարանում չի հետազոտվել:
Ապացույցների հետազոտումն ավարտվեց: Հաջորդ նիստին դատարանում ցուցմունք կտան ամբաստանյալները: