
Ծովակում կարտոֆիլի բերքահավաք է
Գրիշա Բալասանյան
Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի գրեթե յուրաքանչյուր տան բակից ծուխ է դուրս գալիս, և լսվում են գյուղատնտեսական երկաթյա գործիքների ձայները: Կարտոֆիլի հավաքի սեզոնն է: Գյուղացիները շտապում են բերքը դուրս բերել հողից, որպեսզի անձրևները չխանգարեն աշխատանքներին:
8 տարեկան Մանվելը իրենց տնամերձ հողամասի վերջնամասում աթարի կույտ էր հավաքել և մեծ ոգևորությամբ վառում էր: Նա «փռի» պատասխանատուն էր և պատրաստվում էր աթարից առաջացած կրակի մեջ կարտոֆիլ խորովել: Ասում է, որ իրեն դուր է գալիս կարտոֆիլի քանդելու աշխատանքները և ընդհանրապես՝ սիրում է հողի հետ աշխատել: Թեև չի ցանկանում դպրոց հաճախել, սակայն դասերից էլ չի բացակայում բերքահավաքի պատճառով:
Մանվելի պատրաստված փռից քիչ հեռու աշխատում էին նրա Նադյա տատն ու մայրը՝ Հերմինեն: Կանայք էին կարտոֆիլը քանդում, մանրն ու խոշորն առանձնացնում և տեղավորում պարկերի մեջ:
Գյուղերում դժվար է ասել, թե որն է կնոջ աշխատանքը, որը՝ տղամարդու: Բոլորը հավասար աշխատում են, և այդ առումով նորություն չէ կնոջ համար ծանր ֆիզիկական աշխատանք կատարելը: Ծովակից մոտ 200 տղամարդ էլ արտագնա աշխատում է Ռուսաստանում և նրանց փոխարեն գյուղում աշխատում են կանայք:
Յուրաքանչյուր անգամ կարտոֆիլով բեռնված դույլը հողից կտրելուց տիկին Նադյան խուլ ձայն էր հանում, ծանր էր իր համար, սակայն չէր տրտնջում:
«Ընտանիքիս համար եմ անում»,-ասում էր նա և գլխաշորի տակ դեմքը թաքցնելով՝ շարունակում աշխատել:
Կանայք հրաժարվեցին խոսելուց՝ պատճառաբանելով, թե «ամոթ» է: Հետո նկատեցինք, որ մնացել ենք միայն երեխաների հետ: Կանայք նախընտրել էին չմնալ տղամարդկանց կողքին և գնացել էին տուն:
3-րդ դասարանում սովորող Մանվելը մեզ պատմեց, որ տան տղամարդիկ հոգնել են, գնացել են մի քիչ քնեն: Տղամարդկանց փոխարինում են «տան կնանիք»:
Նրանց հողամասից քիչ հեռու դարձյալ բերքահավաք էր: Ռուդիկ Հովհաննիսյանը կնոջ հետ քանդում էր 1300քմ ցանքատարածության վրա աճեցրած իր կարտոֆիլը: Նա դժգոհ էր այս տարվա բերքից, ասում էր՝ քիչ է: «Համ հողն է սպառվել, համ՝ ժողովուրդը»,-կատակում է նա:
Դրան զուգահեռ կարտոֆիլն էժան է: «Հիմա ջոկած, ընտիր կարտոշկեն 80 դրամով են տանում: Դա ի՞նչ ծախս պիտի հանի: Եթե ստաբիլ 100 դրամ լիներ, որոշ չափով ծախսերը կփակեինք»,-ասում է Ռուդիկը:
Նրա խոսքով, գյուղացու աշխատանքն այսօր արժեք չունի: Հիշում է, որ նախորդ տարիներին կարտոֆիլը թափել են, կամ՝ տարվա իրենց ապրուստի միջոցով կերակրել անասուններին: Ամեն տարի այդ վախը ուղեկցում է գյուղացուն, քանի որ իրացման հարցը չի լուծվել:
«Փոխադրամիջոց չունեմ, բերքս եթե չգան գյուղից առնեն, ուրեմն կմնա, կփչանա, մյուսը ունի՝ ինչ-որ ձևով հարցերը լուծում է»,-ասում է Ռուդիկը և շարունակում քանդել կարտոֆիլի հողե թմբերը:
Նրա խոսքով՝ վերջին տարիների ընթացքում սերմերի որակը լրիվ փոխվել է, դարձել են «միանգամվա օգտագործելի»: Նույն կարտոֆիլից ստացած սերմացուն 2-րդ տարում էլ բերք չի տալիս: Իսկ բերք ստանալու համար պետք է լավ որակի կարտոֆիլի սերմ գնեն, որի կիլոգրամն արժե 400-500 դրամ, սակայն ստացած բերքն էլ վաճառում են 80 դրամով, ինչը ձեռնտու չէ:
Ծովակ գյուղը սակավահող է: Գյուղացին փոքր հողաբաժիններով չի կարողանում իր կարիքները բավարարող եկամուտ ստանալ: Հողերի միավորման մասին չեն էլ ցանկանում լսել: Համայնքապետարանից ասացին, որ 3000 բնակիչ ունեցող գյուղն ունի մոտ 2000 հողօգտագործող, ինչը գրեթե անհնար է դարձնում միավորումը:
Գյուղում կարտոֆիլի ցանքատարածությունները կազմում են 218 հեկտար: Ծովակի համայնքապետ Գարիկ Հակոբյանի խոսքերով՝ գյուղացիները միայն վերցնում են հողից, ցանքաշրջանառություն տեղի չի ունենում, ինչը վատ է անդրադառնում սպասվող բերքի վրա: Հողը պարարտացնում են միայն ազոտական պարարտանյութով, որը բավարար չէ սնուցելու համար: Նաև այդ է պատճառը, որ քիչ բերք են ստանում:
Բայց այսօր գյուղում լուրջ հարց է եղած բերքն իրացնելը:
«Մեկ ամիս առաջ գյուղնախարարն այցելել է տարածաշրջան, խոստացել է աջակցել կարտոֆիլի իրացման հարցում: Մենք առաջարկեցինք, որ թույլ տան ժողովուրդը հարևան Վրաստանի հետ առևտուրը զարգացնի: Մի 15 տարի առաջ, երբ այդ առևտուրը ակտիվ կար, կարտոֆիլը գին ուներ, ժողովուրդը կարողանում էր իր բերքը իրացնել: Համենայնդեպս, նախարարը խոստացավ ընթացք տալ»,-ասում է Ծովակի համայնքապետ Գարիկ Հակոբյանը:
Նա պատմեց, որ գյուղում շատ քիչ մարդ կա, որ վարկ չունի: Իսկ նրանց կեսից ավելին բանկերի ու վարկային կազմակերպությունների «սև ցուցակում» են: Ոմանք հենց իրենց համար են վարկ վերցրել, մյուսները երաշխավոր են եղել, կամ՝ վարկ են վերցրել ու տվել համագյուղացուն և այդպես հայտնվել անելանելի դրության մեջ:
Գյուղում դեռ ոչ ոք չի զրկվել իր գրավադրված գույքից, բայց համայնքապետը մոտ ապագայում չի բացառում դա:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել