HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գյուղական համայնքների ջրազրկման խնդրից մինչև ապրանքների թանկացում․ պատգամավորական հայտարարություններ

ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ երեքշաբթի վերջին նիստին պատգամավորները հայտարարություններով են հանդես գալիս։ Օրենսդիրներն անդրադարձան տարբեր հարցերի՝ «Հայաստան-Սփյուռք» համաժողովից մինչև ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն, ներքին սոցիալական կյանքին առնչվող և այլն։ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը բարձրացրեց մի շարք գյուղական բնակավայրերի ջրազրկումների հարցը։

«Կառավարության ընդունած որոշման համաձայն՝ եթե հայտնաբերվում է ապօրինի ջրագիծ, ջրագիծը փակվում է, ինչի հետևանքով ամբողջ ընտանիքը ջրազրկվում է։ Հետո դիմում են համապատասխան կառույցներին նոր ջրագծի կառուցման համար, իսկ այդ ամենը կարող է տևել 60-ից 120 աշխատանքային օր։ Այսինքն՝ 60-ից 120 աշխատանքային օր տվյալ ընտանիքը մնում է ջրազրկված»,- հայտարարեց պատգամավորը։

Գորգիսյանի ներկայացմամբ՝ այդ ծախսերը կատարվում են քաղաքացու միջոցների հաշվին, իսկ այն դեպքերում, երբ բնակիչները չեն կարողանում անհրաժեշտ գումարը վճարել, որը շատ դեպքերում կարող է հասնել մինչև մեկ միլիոն դրամի, մնում են առանց ջրի։

Պատգամավորի գնահատմամբ՝ անհամաչափ բեռ է քաղաքացիների համար, ինչի հետևանքով վերջիններս  մինչև վեց ամիս ժամկետով կարող են մնալ առանց ջրի։

«Ես դիմել եմ Կառավարությանը` առաջարկելով հանել պատժի մեխանիզմը, բայց պատասխանել են, որ այդ կերպ ապօրինությունների մեխանիզմը կարող է խրախուսվել, քաղաքացուն վեց ամսով ջրից զրկե՞լն է ապօրինությունը կանխող, մենք հո աֆրիկյան երկիր չե՞նք»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ պատիժ կարող է լինել տուգանքը, վարչական տույժը։

«Ծառուկյան դաշինք» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն  էլ խոսեց տնտեսական վիճակի մասին։ Պատգամավորը խոսեց վիճակագրական ցուցանիշների լեզվով՝ 2016թ.-ի տվյալներով 47 276 կենսաթոշակառու կա, աղքատության 30% ցուցանիշ, ակտիվ բնակչության 5-ից մեկը գործազուրկ է։

«Վստահաբար պետք է բարձրաձայնել, որ կառավարման արդյունավետության բարձրացման խնդիր կա»,-ասաց նա։

Էնֆիաջյանի խոսքով՝ ՀՀ-ում քաղաքացիների աշխատավարձերը ոչ միայն չեն բարձրանում, այլև արձանագրվում է շեշտակի գնաճ առաջնային անհրաժեշտության ապրանքների հարցում, ինչպես՝ կարագի գնի գնաճ 40%, խոզի միս՝ 20-25 տոկոս, տավարի միս՝ 10%, բենզին՝ 30 դրամով:

«Իսկ պատկան մարմինների կողմից որևէ պարզաբանում այս թվերի հետ կապված չկա»,- եզրափակեց ԲՀԿ-ական պատգամավորը։

Ներքին հասարակական կյանքից բացի անդրադարձ եղավ նաև արտաքին քաղաքականությանը․ «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանն էլ խոսեց Հայաստանի ռազմավարական դաշնակից ՌԴ-ի նկատմամբ գործող իշխանությունների վերաբերմունքի մասին։

«Տղերք, ձե՞ռ եք առնում, դուք ռուսական խրամատներում նստել եք, մե՞զ եք ասում՝ խրամատներ մի՛ ստեղծեք, որևէ պարագայում երբևէ հակադրվե՞լ եք Ռուսաստանին, եղե՞լ է ինչ-որ բան, որ իրենց ոչ ասեք, չի եղել նման բան»,- իր համոզմունքը հայտնեց պատգամավորը։

Հակադարձելով ՀՀԿ-ականների այն դիտարկումներին, թե ՀՀ-ն ՌԴ-ից մատչելի պայմաններով ռազմամթերք է ձեռք բերում, Արամ Սարգսյանն ասաց, թե ավելի լավ է էժան զենքերի փոխարեն ռուսական 102-րդ ռազմաբազայի գումարը վճարեն

«Բազայի փողը թող մեզ տան, մենք էդ փողով ռազմամթերք առնենք»,-ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter