2015-2016 թթ․ Հայաստանում վավերացվել են 83 ամուսնական պայմանագրեր
Անուշ Թորոսյան
Հայաստանում ամուսնական պայմանագիր կնքողները շատ չեն, իսկ ամուսնական պայմանագրի ինստիտուտն ընդամենը 13 տարվա պատմություն ունի: Պայմանագիր չկնքելու պատճառները բազմաթիվ են՝ իրազեկվածության պակասից սնահավատություն, շատերն էլ այն պարզապես անընդունելի են համարում:
Սառան առաջիկայում պատրաստվում է ամուսնանալ: Ամուսնական պայմանագրի կնքումը Սառայի և իր ընտրյալի համատեղ որոշումն է: Նրանք նշում են՝ պայմանագիրը, այն էլ՝ մեր օրերում, պարտադիր է: «Այս որոշմանն ինձ դրդեցին որոշ հանգամանքներ: Նախ՝ կանանց վիճակը Հայաստանում. շատերը բռնության են ենթարկվում և ստիպված ապրում են այդ պայմաններում, որովհետև գիտեն, կոպիտ ասած, իրենց կարող են պարզապես դուրս շպրտել տնից, և իրենք իրավունքներ չունեն, երեխային էլ չաշխատող և անտուն մոր հետ չեն թողնի: Երկրորդ պատճառն ընկերուհիս էր, ով եկել էր Ամերիկայից, նա նույնպես ամուսնացել է ամուսնական պայմանագրով»,- ասում է Սառան:
Ծնողներին Սառայի որոշումը զարմացրել էր, նրանք, լինելով ավանդապաշտ, այդ քայլը «նոնսենս» էին համարում, սակայն երբ Սառան մանրամասնորեն բացատրել է ամեն ինչ, ծնողներն ընդունել են նրա որոշումը։
Սառան համոզված է՝ ամուսնական պայմանագիր կնքելու մեջ ամոթալի կամ սարսափելի ոչինչ չկա: Պայմանագիրը չի կարող լինել ամուսնությունն արհեստականորեն պահպանելու միջոց: Նրա կարծիքով՝ ԶԱԳՍ-ը, երեխաների առկայությունը, հասարակության կարծիքից վախը և շատ այլ գործոններ իսկապես կարող են դառնալ արհեստականորեն ամուսնությունը պահող օղակ: «Ամուսնական պայմանագրի առկայությունն այստեղ առանձնապես դեր չունի: Ի վերջո, ես ամուսնական պայմանագիր չկնքած այնքա՜ն արհեստական ընտանիքների գիտեմ»,- ասում է նա:
Արմանն ու Սյուզին արդեն հինգ տարի է՝ ամուսնացած են: Եթե Սյուզին ամուսնանալիս չի էլ իմացել պայմանագիր կնքելու հնարավորության մասին, Արմանն իմացել է, սակայն չի էլ մտածել այդ մասին: «Պայմանագիր են կնքում ամուսնալուծության դեպքում ինչ-որ բաներ ըստ պայմանավորվածության կիսելու, չկորցնելու համար, սակայն ամուսնալուծությամբ շատ ավելի կարևոր բան ես կորցնում՝ ընտանիքդ: Բացի այդ, պայմանագրի մասին մտածելով՝ արդեն ակամայից մտածում ես հնարավոր ամուսնալուծության մասին»,- ասում է նա:
Սյուզին ասում է՝ եթե ամուսինն առաջարկեր պայմանագիր կնքել, անչափ կզարմանար և կփորձեր նպատակը հասկանալ: Պայմանագիր կնքելու առաջարկը կզարմացներ ու մտածելու տեղիք կտար նաև Արմանին, հատկապես՝ այժմ, տարիներ անց: «Ես կողմ եմ տարբեր հարաբերությունների պայմանագրային կարգավորմանը, բայց ամուսնականը մի քիչ այլ է: Բիզնես չէ, որ մտածես՝ պայմանագիր կնքես, քիչ կորցնես: Եթե ընտանիքդ չես կարողանում պահպանել, գույքի բաժանումն արդեն երկրորդական հարց է»,- ասում է Արմանը:
Նա կատակում է՝ եթե ամուսնական պայմանագրով հնարավոր լիներ նաև ոչ գույքային հարցեր կարգավորել, ինքը մի կետ կավելացներ, այն է՝ ամուսնալուծությունից երեք ժամ հետո էլի ամուսնանալու են:
Փաստաբան Տիգրան Սարուխանյանը նշում է՝ պրակտիկայում հազվադեպ են հանդիպում զույգեր, ովքեր պայմանագրեր են կնքում, մանավանդ՝ ազգությամբ հայ ու Հայաստանում բնակվող զույգերը: Հիմնականում պայմանագրեր կնքում են, երբ զույգից մեկն արտերկրից է կամ հայ է, ով դրսում է ծնվել-մեծացել:
«Կարծում եմ՝ սա շատ լավ գործիք է. պրակտիկան ցույց է տալիս՝ յուրաքանչյուր ամուսնալուծության հաջորդում են գույքային պահանջներն ու վեճերը: Այն միջոց է հենց հետագա հնարավոր ռիսկերը նվազեցնելու, ամեն ինչ կարգավորելու՝ հենց ամուսնության պահից կամ հետո: Պայմանագիրը պարտադիր չէ հենց ամուսնության պահին կնքել: Պայմանագրի դրույթները, սակայն, ուժի մեջ են մտնում միայն ՔԿԱԳ-ում գրանցվելուց հետո»,- ասում է նա:
Պայմանագիրը կնքվում է նոտարական կարգով՝ գրավոր ձևով, այն կարող է հենց ամուսնական հարաբերություններ կարգավորել՝ նախատեսել, թե ամուսնության ընթացքում ինչպես են կառավարվելու գույքը, դրամական միջոցները, սակայն կարող է նաև կիրառելի չլինել, քանի դեռ ամուսնությունը չի լուծվել, հետո արդեն կարգավորել գույքային հարցեր: Լինում է նաև այս երկուսի միացյալ տարբերակը՝ պայմանագիր, որ կարգավորում է հարաբերությունները թե ամուսնական կյանքում, թե ամուսնալուծությունից հետո:
Ֆիլմերից մեզ ծանոթ օրինակների, թե ամուսնության ընթացքում, ըստ պայմանագրի, երեխային դպրոց ով է տանելու, խոհանոցում աշխատանքներն ինչպես են բաժանվելու, հայ իրականության մեջ չենք հանդիպի. ոչ գույքային հարաբերություններ մեր օրենսդրությունը թույլ չի տալիս:
Քաղաքացիական օրենսգիրքը թույլ է տալիս, որ, ասենք, հինգ տարի հետո կնքած պայմանագիրն իր իրավական դրույթներով տարածվի նաև նախկին հարաբերությունների վրա:
Այն դեպքերում, երբ ամուսիններից մեկն օտարերկրացի է, Հայաստանում պայմանագրի կնքումը ռիսկային չէ: Ըստ փաստաբանի՝ միջպետական տարբեր համաձայնագրեր կան, որոնք ապահովում են տարբեր երկրների դատական ակտերի կատարումը մի շարք երկրներում: Կողմերը նաև ազատ են՝ ընտրել այն օրենսդրությունը, որը կարգավորելու է իրենց հարաբերությունները, նաև այն դատական ատյանը կամ մարմինը, որը կարգավորելու է: Սարուխանյանը նշում է՝ մեր երկրում ամուսնական պայմանագիր հիմնականում կնքում են ավելի հասուն զույգերը՝ 30-40 տարեկանները, քանի որ զուտ հոգեբանորեն արդեն ավելի հավասարակշռված են, կյանքում շատ բան տեսած, լսած ու հարցին ավելի գիտակից են մոտենում:
Ամուսնական պայմանագրի ինստիտուտը Հայաստանում ներդրվել է 2004 թ. նոյեմբերի 9-ին ընդունված ընտանեկան օրենսգրքով: Ամուսնական պայմանագրի վերաբերյալ իրավակարգավորումները նախատեսված են ՀՀ ընտանեկան օրենսգրքի 27-31-րդ և այլ հոդվածներում: ՀՀ նոտարական պալատի տրամադրված տվյալներով՝ 2015 և 2016 թթ. ընթացքում վավերացվել են թվով 83 ամուսնական պայմանագրեր, մասնավորապես՝ 2015 թ. վավերացվել է թվով 41, իսկ 2016 թ.՝ 42 ամուսնական պայմանագիր:
Ընդ որում, առավել շատ ամուսնական պայմանագրեր են կնքվել Երևանում՝ թվով 58 պայմանագիր, ապա Շիրակի մարզում՝ մոտ 20 պայմանագիր: Հարկ է նաև նկատել, որ ՀՀ մի շարք մարզերում՝ Արագածոտն, Գեղարքունիք, Լոռի, Սյունիք, Վայոց Ձոր, Տավուշ, ամուսնական պայմանագրեր չեն կնքվել:
2015 և 2016 թթ. ընթացքում ամուսնական պայմանագրերի թվաքանակի էական աճ կամ նվազում չի նկատվել:
Հարկ է նշել, որ ամուսնական պայմանագրերը Հայաստանում կնքվում են ամուսինների հայեցողությամբ, իսկ արտասահմանյան երկրներում` ամուսնության ակտի գրանցման պահին, և կնքվում են ոչ միայն նյութական, այլև կողմերի անձնական հարաբերությունների վերաբերյալ: Արտասահմանյան երկրներում կնքվող ամուսնական պայմանագրերը պարտադիր կերպով ներկայացվում են պետական գրանցման: Հայաստանում ամուսնական պայմանագիրը կնքվում է պարտադիր գրավոր նոտարական վավերացմամբ` ի տարբերություն այլ երկրների, որտեղ այն կնքվում է հասարակ գրավոր ձևով: Պայմանագրում փոփոխություններ կատարելու համար Հայաստանում պահանջվում է կողմերի փոխադարձ համաձայնությունը, իսկ արտասահմանյան երկրներում այդ գործընթացը շատ բարդ է, ընդհուպ՝ դատական կարգով (անչափահաս երեխաների առկայության դեպքում):
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել