
Հայոց վարկերի պատմություն
Վարկերը վերցնելիս շատերն համոզված էին, որ վարկատու կազմակերպությունները եւ պետությունները վարկերը ետ չէին պահանջի: Այժմ բոլորն էլ համոզվել են, որ պանիրն անվճար է միայն թակարդում:
Առաջին կամ ռոմանտիկ շրջան
Հայաստանի հանրապետության արտաքին պարտքը սկսել է ձեւավորվել 1992 թվականից: Անցած տարիների ընթացքում միջազգային ֆինանսական կազմակերպությունների եւ օտարերկրյա պետությունների հետ կնքվել է 50-ից ավելի վարկային պայմանագիր: Վարկերի նկատմամբ մեր երկրի ֆինանսական ղեկավարության վերաբերմունքը միշտ էլ կարելի է գնահատել ոչ իրատեսկան (կամ` ռոմանտիկ): Հենց սկզբից համարյա ցնծությամբ էր ընդունվում յուրաքանչյուր վարկային պայմանագրի կնքում: Միջոցներ ներգրավվում էին տնտեսության ամենատարբեր ոլորտների համար` գյուղատնտեսություն, տրանսպորտ, կրթություն, առողջապահություն, սոցիալական ոլորտ եւ այլն: 1990-ականների առաջին կեսին ճգնաժամի պատճառով քայքայվեց երկրի արտադրական համակարգը, բյուջեի եկամտային մասը տարեկան կազմում էր 250-300 մլն դոլար: Այս պարագայում Հայաստանի կառավարությունը շարունակում էր վարկային պայմանգրեր կնքել: Միաժամանակ խորհրդարանը անխափան հոսքագծի նման հաստատում էր դրանք մեծացնելով երկրի արտաքին պարտքը: 1994-95 թթ Կենտրոնական բանկն էլ իր հերթին մոտ 242 մլն դոլարի վարկային պայմանագիր կնքեց: Առանձին հետաքրքրություն է ներկայացնում Կենտրոնական բանկի պարքերի պատմությունը: ՀՀ օրենսդրությամբ երկրի անունից կնքված բոլոր վարկային պայմանգրերը պետք է վավերացնի Ազգային ժողովը: ՀՀ ԿԲ-ի կնքած բոլոր վարկային երեք պայմանագրերը, որոնք կնքվել են 1995 եւ 1996 թթ , առայսօր խորհրդարանի վավերացմանը չեն ներկայացվել: Այս տարօրինակ փաստի քիչ թե շատ պաշտոնական միակ բացատրությունը կարելի է համարել ԱԺ Վերահսկիչ պալատի 1997 թ տարեկան հաշվետվությունը: Այնտեղ արձանագրված է հետեւյալը` «համաձայնագրերը չեն վավերացվել ՀՀ Արտաքին գործերի նախարարության բնօրինակների բացակայության պատճառով»:
Նույնիսկ այդ` վարկային ռոմանտիկ շրջանում ակնհայտ էր, որ երկրի տնտեսությունը ի վիճակի չի լինելու ժամանակին վերադարձնել արտաքին պարտքը: Այդ ժամանակշրջանում վերցվեցին մի քանի վարկեր, որոնք տնտեսական իմաստով անիմաստ էին: 1993 թ Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կառուցման համար 57 մլն 400 հազար դոլար արժողությամբ վարկային պայմանգիր կնքվեց: Եւ միայն 1997-ին, երբ արդեն ծախսվել էր մոտ 46 մլն դոլար, պարզվեց, որ գումարը բավարար չէ շինարարությունն ավարտին հասցնելու համար: Անհրաժեշտ էին նոր գումարներ կիսակառույց էներգաբլոկի բարդ ինժեներատեխնիկական կառույցը կոնսերվացնելու համար: Մյուս կողմից` հենց 97-ի գարնանն ավարտվեց վարկի արտոնյալ ժամկետը եւ առաջիկա 10 տարիների ընթացքում հարկավոր էր վերադարձնել տնտեսական իմաստով անարդյունավետ ծախսված 46 մլն դոլարի պարտքը, որին պետք գումարել յուրաքանչյուր տարի ավելացող տոկոսը:
Նշենք, որ այդ տարիներին (ինչպես նաեւ այսօր) արտաքին պարտքի աճից զգուշացնող մասնագետներին երկրի ֆինանսական ղեկավարները պատասխանում էին, որ վարկերը ներգրավվում էին արտոնյալ պայմաններով: Իսկապես արտաքին վարկերի 74 տոկոսը, տրվել են արտոնյալ պայմաններով: Այսինքն` վարկային միջոցների տրամադրումից հետո որոշակի ժամանակահատված (ասենք 2, 3, կամ 10 տարի) վարկատու կողմը չի ակնկալում ոչ բուն գումարի, ոչ էլ տոկոսադրույքի վճարումներ: Բայց միեւնույնն է, այդ արտոնյալ ժամկետները սահմանափակ են: Երկրի տնտեսության անգամ պաշտոնպես գրանցվող աճը ի վիճակի չի «հասնել» արտաքին պարտքի ետեւից: Ձախողված (կամ` ռոմանտիկ) վարկի օրինակ կարելի է համարել Զվարթնոց օդանավակայանի բեռնահամալիրի վարկը: Մոտ 23 մլն արժեցած այդ համալիրն այսօր աշխատում է վնասով: Փոխարենը պետությունը միայն այս վարկի դիմաց վճարել է 4 մլն 200 հազար դոլար' որպես տոկոսավճար, եւ 8 մլն 400 հազար դոլար հիմնական գումարի մարման համար:
Այս եւ այլ ձախողված (օրինակ` նաեւ գյուղատնտեսական մեծածախ շուկայի) ու ինչպես նաեւ տնտեսական իմաստով արդարացված վարկերը այսօր ահռելի չափերի են հասցրել արտաքին պարտքը: 2001 թվականի սկզբին ՀՀ արտաքին պարտքը մոտ 860 մլն դոլար էր: Գումար, որը 2,1 անգամ գերազանցում է երկրի բյուջեի եկամուտները:
Երկրորդ կամ հետռոմանտիկ շրջան
Համաշխարհային տնտեսության մեջ ընդունված չափանիշներով երկրի արտաքին պարտքը չպետք է գերազանցի տվյալ երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 50 տոկոսի սահմանը: Գերազանցելու դեպքում այդ երկրի տնտեսական ու ֆինանսական համակարգերը գնահատվում են որպես կործանվող: Հայաստանի ֆինանսատնտեսական ցուցանիշները մոտ են այս պատկերին: Պաշտոնական տվյալներով` երկրի արտաքին պարտքը 98 թվականին կազմել է ՀՆԱ-ի 41 տոկոսը, 99-ին` 47 տոկոսը, իսկ 2000-ին` 45 տոկոսը: Այս նույն տարիներին արտաքին պարտքի սպասարկման (հիմնական գումարների եւ տոկոսավճարների մարման) համար հատկացվել է բյուջեի եկամուտների 15-30 տոկոսը:
Վարկերը վերցնելու ռոմանտիկ շրջանում քաղաքական ու տնտեսական ոլորտի շատ ղեկավարներ վստահ էին, որ վարկատու միջազգային կազմակերպությունները եւ պետությունները ժամկետները լրանալիս պարտքերը ետ չեն պահանջի: Այսօր արդեն նման պնդումներ ու կարծիքներ չկան: Բոլորն էլ համոզվեցին, որ պանիրն անվճար է միայն թալակում:
2000 թվականին նախորդ տարիներին վերցված պարտքերի դիմաց պետությունը վճարել է 35 մլն դոլար: 2001-2002 թվականներին Հայաստանը պարտավոր է վճարել մոտ 95 մլն դոլար: Այս պարտավորությունը Հայաստանի տնտեսական ղեկավարությանը ստիպեց վերանայել վարկային քաղաքականությունը: Արդեն 99-ին այդ տարիների ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանը Ազգային Ժողովում նշեց, որ այլեւս հնարավոր է վերցնել միայն խիստ նպատակային ու ատոնյալ երկար ժամկետ ունեցող վարկեր: Արտաքնապես այս պատկերը կարծես պահպանվում է: 95-99 թվականներին կնքվել է 39 վարկային պայմանագիր, իսկ 2000-2001 թվականներին` ընդամենը 5-ը: Մյուս կողմից, հնարավոր է` վարկատուներն իրենք էլ են զգուշանում նոր պարտքեր տրամադրել, քանի որ Հայաստանին չի հաջողվում ժամանակին կատարել պարտքերի մարման գրաֆիկը: Հայաստանի կառավարությանն առայժմ հաջողվում է բանակցությունների միջոցով հետաձգել որոշ ծրագրերի մարումը: Ի դեպ, մեր ամենաանհանդուրժող պարտատերը Ռուսաստանն է: Բոլոր վարկատուներից միայն ՌԴ-ն է տույժեր գանձել պարտքերի մարման գրաֆիկը խախտելու համար (մոտ 3,5 մլն դոլար):
Ներկայացվող գրաֆիկից ակնհայտ է, որ մինչեւ 2005 թվականը յուրաքանչյուր տարի արտաքին պարտքի սպասարկման համար անհրաժեշտ է հատկացնել 40 մլն դոլարից ավել գումար: Տնտեսության այսօրվա վիճակից երեւում է, որ դա հնարավոր չի լինի: Ավելացնենք, որ անցած տարիների ընթացքում Հայաստանը արդեն վերադարձրել է մոտ 126 մլն դոլար: Սրա մեջ չի մտնում Կենտրոնական բանկի արտաքին պարտավորությունների գծով մարումը (ինչը ոչ պաշտոնական տվյալներով կազմում է մոտ 30 մլն դոլար): Ընդ որում' գումարի կեսից ավելին` 69 մլն դոլարը մուծվել է որպես տոկոսավճար: Նման մեծ թիվն ապացուցում է, որ թե վարկ վերցնելիս, թե պարտքերը վերադարձնելիս միջազգային ֆինանսական կազմակերպություններն ու պարտապան երկրները առանձնահատուկ վերաբերմունք չունեն Հայաստանի նկատմամբ: Ինչը միանգամայն բնական է ֆինանսատնտեսական հարբերություններում: Մինչդեռ մեր երկրի ղեկավարությունը վարկ վերցնելու փաստը սովորաբար ներկայացնում է որպես բարեհաճ վերաբերմունքի արդյունք:
Թաքցնելու տրամաբանությունը
Հայաստանում ֆինանսատնտեսական գործառույթները տրամաբանական իմաստով անբացատրելի են: Կամ խիստ առանձնահատուկ տրամաբանություն ունեն: Բոլոր լուրջ տնտեսական գործարքները (սեփականաշնորհում, վարկերի ներգրավում) տեղի են ունենում հասարակության համար գաղտնիության պայմաններում: Համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանը կարելի է համարել եզակի օրինակ: Այսօր Հայաստանի բնակչությունը որեւէ չափով տեղեկացված չէ, թե ինչ պայմաններով է իրականացվել խոշոր (եւ ոչ միայն) օբյեկտներիսեփականաշնորհումը: Համաշխարհային տնտեսության պատմության մեջ հնարավոր չէ գտնել նման այլ օրինակ անհնար է, երբ սեփականատերը (ժողովրուրդը) չգիտի թե ի՞նչ պայմաններով են օտարել նրա սեփականությունը:
Արտաքին պարտքի պարագայում էլ նույն գաղտնիությունն է: Պարտքի իրական տերը (ժողովուրդը` ով վերադարձնելու է պարտքը) իրազեկված չէ թե ինչպես են ծախսվում վարկային միջոցները: 1998 թ. Արմեն Դարբինյանի կառավարությունը առաջին էր, որ խորհրդարանին ներկայացրեց վարկային ծրագրերը սպասարկող գրասենյակների հաշվետվությունները: Սակայն այդ հաշվետվություններն ընդհանուր վերլուծության ենթարկելն ահնար է: Գրասենյակները հաշվետվությունները ներկայացրել էին ոչ թե միասնական ձեւով (ստանդարտով ), այլ ով ինչպես ցանկացել էր: Այդ հաշվետվությունները ժամկետի առումով էլ միասնական չեն, ներկայացված են տարբեր ամսաթվերի դրությամբ (օրինակ` հուլիսի 1, մարտի 1, հունվարի 1):
Մոտ երեք տարի անց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը հրապարակեց նոր հաշվետվություն, որն ամփոփում է վարկերի միայն մակրո (ընդհանուր) թվերը: Միասնականությունն այստեղ եւս խախտված է, վարկերը ներկայացված են տարբեր տարադրամներով (ռուսական ռուբլի, ճապոնական իեն եւ այլն): Որոշ վարկերի մասին տեղեկատվությունը բացակայում է, ինչն անհնար է դարձնում արտաքին պարտքի ընդհանուր վերլուծությունը: Եվ նորից պարտքի իրական տիրոջը՝ ժողովրդին անհայտ է մնում, թե իր անունից որքա՞ն, ի՞նչ նպատակով են պարտք վերցրել եւ, որ ամենակարեւորն է, ինչպե՞ս են ծախսվել ու ծախսվում այդ գումարները:
«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպություն
Մեկնաբանել