
Ավստրիական ընկերության ներկայացուցչի հետ քննարկվել է Երևանում նոր ճոպանուղու կառուցման հարցը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է քաղաքապետարանի հրավերով Երևանում գտնվող ավստրիական «Դոպելմայեր Սեյլբահենեն» ընկերության ծրագրերի ղեկավար Վալերի Յաշինին:
Ինչպես հայտնում է քաղաքապետարանը` հանդիպման ընթացքում քննարկվել է մայրաքաղաքում նոր ճոպանուղու կառուցման ներդրումային ծրագրի իրականացման հնարավորությունները:
Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանում նոր ճոպանողու կառուցումը էական նշանակություն կունենա նաև հասարակական տրանսպորտի բարեփոխումների համատեքստում:
«Երևանի քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունն է՝ զարգացնել զբոսաշրջային ենթակառուցվածքները, ինչն իր հերթին կնպաստի Երևանը՝ զբոսաշրջային կենտրոն դարձնելու գաղափարի կյանքի կոչմանը: Ճոպանուղու կառուցումն այս տեսանկյունից, վստա՛հ եմ, էականորեն կխթանի ոլորտի զարգացումը: Երևանի քաղաքապետարանն էլ պատրաստակամ է հնարավորին աջակցելու ներդրումային նմանօրինակ ծրագրերի իրականացմանը», - ասել է Մարգարյանը:
Վալերի Յաշինը հերթին նշել է, որ ընկերության կողմից աշխատանքներ են իրականացվել աշխարհի ավելի քան 2700 քաղաքներում: Նա նկատել է, որ հաշվի առնելով Երևանի ռելիեֆային պայմաններն ու տրանսպորտային հոսքերի հետզհետե աճով պայմանավորված խցանումները` նոր ճոպանուղու կառուցումը կարող է որոշակիորեն բեռնաթափել մայրաքաղաքի փողոցների երթևեկությունը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել ձևավորվելու համատեղ աշխատանքային խումբ, որը կիրականացնի մայրաքաղաքի ենթակառուցվածքների, ծրագրի իրագործման հնարավորությունների և տարբերակների մասնագիտական ուսումնասիրություն:
Մեկնաբանել