Տավուշցի պատգամավորը մեղադրում է մարզպետին համայնքների միջև խտրական վերաբերմունքի համար
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սուրեն Մանուկյանը ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց, թե Տավուշի մարզպետը խտրական վերաբերմունք է ցուցաբերում մարզի տարբեր համայնքների նկատմամբ։ Պատգամավորը խոսեց 2016 թվականի ՀՀ պետբյուջեով սոցիալական անապահով խավին տրամադրվող գումարների և Տավուշի մարզպետի որոշումների մասին։
Ըստ ՀՅԴ-ական պատգամավորի՝ բնակիչների մտահոգությունն իրենք ուսումնասիրել են և պարզել, որ միջպետական ճանապարհի վրա գտնվող Կողբ համայնքին մարզպետի որոշմամբ սոցիալապես անապահով օգնության ֆոնդից 2016թ-ին ուղղվել է 3մլն 930 հազար դրամ: Մանուկյանն ասաց, որ Կողբը մարզպետի հարազատ գյուղն է, և, ամենայն հավանականությամբ, դրանով է պայմանավորված նման որոշումը, իսկ օրինակ Արծվաբերդ համայնքին նույն ֆոնդից հատկացվել է ընդամենը 20 հազար դրամ։ Պատգամավորը հստակեցրեց՝ երկու համայնքում էլ բնակչության թիվը նույնն է:
«Նույն տրամաբանությամբ է հատկացվել նաև մարզի սահմանամերձ համայնքներին. Այգեպարին՝ 150 հազար, Չինարիին՝ 200 հազար, Մովսեսին՝ 250 հազար, Այգեձորին՝ 60 հազար: Ի՞նչ վերահսկողական մեխանիզմներ են գործում նման դեպքերում, երբ ակնհայտ է, որ մարզպետի կողմից խտրական վերաբերումունք կա մարզի տարբեր համայնքների նկատմամբ»,- հարցրեց նա:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը պատասխանեց՝ քանի որ բազմաթիվ համայնքներին է խնդիրը վերաբերում, ուստի պետք է ուսումնասիրվեն հատկացումները, ուստի խնդրեց հարցը գրավոր ուղարկել, որ գրավոր պատասխան լինի։
«Ուղղակի զամանալի է, որ կան մարդիկ, ովքեր հաշվառված են Կողբ համայնքում, փաստացի գտնվել են Երևանում, բայց օգտվել են այդ օգնության միջոցներից»,- եզրափակեց պատգամավորը։
«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ բարձրացրեց «Նաիրիտ» գործարանի՝ վերագործարկման պահանջով նաիրիտցիների խնդիրը, սակայն այս հարցին ևս պատասխան չհնչեց։ Բաբլոյանը կրկին խնդրեց գրավոր հարցով դիմել։
«Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը խոսեց գյուղական համայնքների ջրազրկման խնդրի մասին, որի մասին բարձրաձայնել էր դեռ երեկ՝ ԱԺ հայտարարությունների ժամին։ Պատգամավորի խոսքով, երբ Կառավարության կողմից հայտնաբերվում է ապօրինի ջրագիծ, այն փակվում է, սակայն նոր ջրագծի կառուցման աշխատանքները տևում են 60-ից 120 աշխատանքային օր։
«Դուք 60-ից 120 աշխատանքային օր կարո՞ղ եք մնալ առանց ջրի»,- հետաքրքրվեց պատգամավորը՝ դիմելով Կառավարության ներկայացուցիչներին, սակայն հարցն այդպես էլ անպատասխան մնաց։
Այս հարցին ևս գրավոր պատասխան կլինի, ինչպես վստահեցրեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել