HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կարագի և մսամթերքի շուկայում գերակա դիրք ունեցող ընկերություն չունենք․ ՀՀԿ-ական պատգամավորը՝ թանկացումների մասին

Չնայած վերջին օրերին առաջնային անհրաժեշտության սննդամթերքի, ինչպես՝ կարագի, տավարի, ոչխարի և խոզի մսի շուկայում կտրուկ՝ 20-30%-թանկացումներ են գրանցվել, սակայն օրենսդիրներից շատերն այս մասին տեղյակ չեն։ Պատգամավորներից շատերը խուսափում են թանկացումների մասին խոսել՝ ասելով, որ տեղյակ չեն թե՛ թանկացումներից, թե՛ պատճառներից։

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ թանկացումների խնդրով մտահոգված է

«Հանրության մի ստվար հատվածի համար առաջնային անհրաժեշտության այդ ապրանքները մասամբ կարող են դառնալ ոչ մատչելի, բայց ինձ հետաքրքրում է նաև մասնագիտական առումով, թե ինչ է տեղի ունեցել։ Դեռ չեմ հասցրել վերլուծել, բայց տնտեսագիտական վերլուծություններ կատարելով՝ կարող եմ ասել, որ մի քանի գործոնով կարող է պայմանավորված լինել։ Ակնհայտ է, որ խոսքը գնում է այնպիսի ապրանքների մասին, որոնց շուկայում որևէ տնտեսվարող գերակա դիրք չունի, հիմնականում այն ապրանքներն են, որոնք ներմուծվում են։ Հնարավոր տարբերակներից  է, որ այն շուկաներից, որտեղից այդ ապրանքները ներկրում ենք, կան գների բարձրացումներ»,-ասաց Հարությունյանը։

Հանրապետական պատգամավորը տեղյակ չէ, թե որ ընկերություններն են կարագի ներկրմամբ զբաղվում, և չի ցանկանում այդ հարցում քաղաքական հնչերանգ տեսնել։

«Շատ հավանական է, որ ներմուծողը, որի մասին խոսում ենք, ո´չ հանրապետական է, ո´չ «Բարգավաճ»-ից է, հնարավոր է սովորական ներմուծող է, պարզապես կարողանում է գերակա դիրք ունենալ։ Սակայն որքանով տեղյակ եմ, այս ապրանքատեսակների՝ կարագի և մսամթերքի շուկայում թե՛ մեծածախ, թե՛ մանրածախ գերակա դիրք ունեցող որևէ ընկերություն չունենք, այնպիսի ընկերություն, որը կարողանար թելադրեր գները»,-ասաց Հարությունյանը։

Մեր հիշեցմանը, որ ամեն անգամ, ընտրություններից հետո, շուկայում կտրուկ թանկացումներ են լինում, իսկ ընտրությունների ժամանակ ընտրակաշառքների մասին ահազանգեր են եղել, իր գնահատմամբ՝ թանկացումները կապ ունե՞ն նման ահազանգերի հետ, Հարությունյանը պատասխանեց։

«Ընտրություններն ավարտվել են 3-4 ամիս առաջ՝ ամառվա լավ շրջանում, երբ տուրիզմը զարգանում է, սպառումը մեծանում է, այն ժամանակ թող բարձրացնեին, ոչ թե հիմա, երբ սպառումը նվազել է»։

Հարությունյանի կարծիքով՝ բարձրացումն ավելի շատ կապված է արտաքին, քան ներքին գործոնների հետ, սակայն «դեռ ուսումնասիրել է պետք պատճառները»։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ թեմայի հետ կապված ասելիք չունի, սակայն խնդրի մասին բարձրաձայնվելու է Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, բայց թանկացումների առնչությամբ հարց այդպես էլ չհնչեց՝ ուղղված Կառավարության անդամներին։

Մինչ նիստը, սակայն, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե թանկացումները կարող են պայմանավորված լինել պահանջարկով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter