HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշին՝ լուսաբացից մինչև մայրամուտ, ծննդից մինչև մահ. «Շուշի. 48 ժամ» պատկերագրքի շնորհանդեսը Երևանում

Ամալյա Մարգարյան

«Շուշիի մասին շատ գրքեր են տպագրվել, որոնց մեջ կարծես թե փորձում են ապացուցել, որ Շուշին մերն է: Այս գրքով ոչ մի բան չենք փորձում ապացուցել: Հիմա ապրելու ժամանակն է, ապացուցելու ժամանակն անցել է»,- ասում է «Շուշի. 48 ժամ» նախագծի հեղինակ  լուսանկարիչ-վավերագրող Գերման Ավագյանը, հետո ավելացնում,  որ նախագծի նպատակը  մարդուն ներկայացնելն է. «Մենք ցույց ենք տալիս, թե Շուշիում ովքեր են ապրում, ինչ են անում. ինչպես են հաց ուտում, ինչպես են եկեղեցի գնում, ինչպես են ամուսնանում: Ամեն մի լուսանկար մի փոքրիկ նովել է»:

Երևանում կայացած շնորհանդեսի ժամանակ  Գերման Ավագյանը պատմում է, որ «Շուշի.48 ժամ» պատկերագրքում 10 լուսանկարիչների աշխատանքներ են: Եռալեզու  պատկերագիրքը նվիրված  է Շուշիի ազատագրման 25-ամյակին:

Լուսանկարներում Շուշիի երկու օրվա կյանքն է: Հերոսները տարբեր մարդիկ են ՝ զինվորից մինչև հողագործ, հոգևորականից մինչև մեղվապահ, շինարար, բժիշկ... Պատկերագրքում շուշեցի մանուկներ են, երիտասարդներն ու մեծահասակները: «Մենք ժամերով ենք դրել նկարները, ամեն վայրկյանը ցույց ենք տվել, ոչ մի բան չենք հնարել: Մեզ պետք չի եղել գլուխգործոցներ անող թիմ ունենալ, մենք արել ենք մի ընդհանուր աշխատանք»,- ասում է լուսանկարիչ Գերման Ավագյանը:

Լուսանկարչական  նախագիծն իրականացվել է «Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի  նախաձեռնությամբ», որի նախագահ Սպարտակ Ղարաբաղցյանը էլ պնդում է, որ Շուշին սովորական քաղաք չէ, այն Արցախի հոգևոր քաղաքն է, և յուրաքանչյուր հայ «պետք է գոնե 48 ժամ ապրի այնտեղ»:

«Շուշին  ներկայացրել ենք որպես Արցախի հոգևոր մայրաքաղաք, ցույց ենք տվել այդ մայրաքաղաքի վերընձյուղումը, այնտեղ ապրող մարդուն: Եթե ուշադիր նայենք, նկարների հերոսները հասարակ մարդիկ են: Լավ կլիներ, որ 365 օր լիներ, բայց 48 ժամն էլ խորհրդանշանական է. Շուշին է ՝ լուսաբացից մինչև մայրամուտ, ծննդից մինչև մահ»,-ասում է Ս. Ղարաբաղցյանը հետո ավելացնում, որ պատկերագրքի շնորհանդեսից հետո յուրաքանչյուր շուշեցի գրքի էջերում փնտրելու է իրեն:

Պատկերագրքում ներկայացված են լուսանկարիչ-վավերագրողներ Սոնա Ադամյանի, Նարեկ Ալեքսանյանի, Արևիկ Ծատրյանի, Սարո Բաղդասարյանի, Անի Գևորգյանի, Մաիկո Դեյսաձեի, Յուրի Մեչիտովի, Նոնա Մինասյանի, Արթուր Մելիքյանի, Արմեն Ճենտերջյանի լուսանկարները:

«Պատկերագրքի ձևաչափը տարբերվող է՝ ոչ թե էջերով ու հեղինակներով է, այլև ժամերով՝ առավոտից մինչև երեկո: Շուշիում յուրաքանչյուր մարդ ունի իր տարբերվող պատմությունը, գրքում ներկայացված յուրաքանչյուր հերոսի հետ կարելի էր առանձին նախագիծ անել» ,- պատմում է ֆոտոլրագրող Սոնա Ադամյանը:

Իսկ նախագծի հեղինակ Գերման Ավագյանն էլ շեշտում է, որ պատկերագիրքը ժամանակակից արվեստի նմուշ է. «Ժամանակակից արվեստի հետ երբ մարդիկ առնչվում են, ասում են՝ մենք էլ կարող ենք այսպես անել, բայց կարևորը գաղափարն է, այս գրքի գաղափարն էլ հենց նրանում է, որ մարդ նայի ու ասի՝ ես էլ կարող եմ»:

Գրքում ներառված են նաև լուսանկարիչ Լևոն Աթոյանցի 1962-ին արված լուսանկարները: Պատկերագրքի էջերը համարակալումներ չունեն, յուրաքանչյուր լուսանկարի մոտ գրված է այն պատկերելու ժամանակահատվածը: Լուսանկարներն արվել են հունիսի 30-ին և հուլիսի 1-ին:

«Ինձ համար ամենակարևորը ազատությունն էր, սա մեր գտած պատմություններն էին, որոնք մենք էինք պատմում, որոնք մեզ էին հուզում: Մենք շրջում էինք քաղաքում ու որոնում պատմություններ, իսկ Շուշիում ամեն մի պատահական անցորդ ունի իր պատմությունը»,- ասում է լուսանկարիչ Անի Գևորգյանը:

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter