
«Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախկին նախագահն ուզում է, որ իրեն անմեղ ճանաչեն
Փողերի լվացման գործով 13 տարի ազատազրկման դատապարտված «Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանը բողոքարկել է իր դատավճիռը:
Հիշեցնենք՝ Արա Կիրակոսյանը մեղավոր էր ճանաչվել իրեն առաջադրված բոլոր մեղադրանքներում և դատապարտվել 13 տարվա ազատազրկման: Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, նրան այս ամառ դատապարտել է ազատազրկման ամբողջ գույքի բռնագրավմամբ, սակայն 1 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամ գումարից ոչ ավելի:
Բացի դրանից, Արա Կիրակոսյանի դեմ քաղհայց էր ներկայացրել «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն, և դատարանը դատավճռով պարտավորեցրել է նրանից բռնագանձել 8,3 մլն եվրոյին համարժեք դրամ` որպես, հանցագործության հետևանքով, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին պատճառված վնասի հատուցում։
Արա Կիրակոսյանի փաստաբան Հայկ Ալումյանը Վերաքննիչ քրեական դատարանին խնդրել է ամբողջությամբ բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը, Արա Կիրակոսյանին առաջադրված մեղադրանքներում ճանաչել անմեղ և արդարացնել` ճանաչելով և հռչակելով նրա անմեղությունը: Առաջադրված մեղադրանքներից մեկում կամ մի քանիսում չարդարացնելու դեպքում` այդ հոդվածներով դատավճռով սահմանված պատիժը մեղմացնել:
Սեպտեմբերի 26-ին Քրեական վերաքննիչը, նախագահությամբ դատավոր Մանուշակ Պետրոսյանի, բողոքն ընդունել է վարույթ: Գործով դատական քննությունը նշանակվել է հոկտեմբերի 13-ին:
Հիշեցնենք նաև, որ Արա Կիրակոսյանը մեղադրվում է նաև այլ դրվագով, որով նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ լինելով «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահը` նույն բանկում իր անվամբ ձևակերպված 344.000 ԱՄՆ դոլար գումարի վարկը մարելու, բացի այդ, իր քրոջ ամուսնուն` Արմեն Հովհաննիսյանին պատկանող ՌԴ Մոսկվա քաղաքում գրանցված «Էրմանո» ՍՊԸ-ի ունեցած 101.000 ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային պարտավորությունների կատարումը հետաձգելու նպատակով, իր կարգադրիչ և այլ լիազորություններն ընկերության շահերին հակառակ, իր և վերը նշված անձի օգտին օգտագործելով, 01.02.2013թ. հրավիրել է վարչության արտահերթ նիստ, որում ձայների մեծամասնությամբ ընդունվել է որոշում` «Էրմանո» ՍՊԸ-ին 445.000 ԱՄՆ դոլար վարկի տրամադրումը հաստատելու վերաբերյալ, ինչի արդյունքում կազմվել է վարկային պայմանագիր:
Այս գործով դատաքննությունը կշարունակվի հոկտեմբերի 26-ին՝ դատավոր Գագիկ Պողոսյանի վարույթում:
Մեկնաբանել