Վարչապետը հանձնարարական է տվել հակակոռուպցիոն ոլորտում միջազգային պարտավորությունների կատարման վերաբերյալ
Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Առաջինը վերաբերում էր Հակակոռուպցիոն ոլորտում միջազգային պարտավորությունների կատարմանը:
«Բազմիցս հայտարարել ենք կոռուպցիայի դեմ պայքարում մեր վճռականության մասին և վերջին մեկ տարվա ընթացքում այդ ոլորտում մեր կողմից նախաձեռնվել և իրականացվել են մի շարք առարկայական օրենսդրական և գործնական փոփոխություններ: 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարում իրականացված միջոցառումները գնահատվելու են մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից: Մասնավորապես, գնահատվելու են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն գործողությունների և ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի շրջանակներում կատարված աշխատանքները»,-նշել է վարչապետը:
Հաշվի առնելով վերոնշյալի կարևորությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նշված փաստաթղթերում ամրագրված առաջարկությունները միջգերատեսչական բնույթ ունեն՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է արդարադատության նախարարին ամփոփել և իրեն ներկայացնել առաջարկություն համապատասխան պետական մարմինների կողմից կատարման ենթակա գործողությունների ապահովման վերաբերյալ:
Կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարվել է արդարադատության նախարարի ներկայացրած տեղեկատվության հիման վրա նախապատրաստել վարչապետի հանձնարարականի նախագիծ՝ բոլոր շահագրգիռ մարմինների կողմից հստակ ժամկետներում իրենց իրավասության ներքո գտնվող գործողությունների կատարման վերաբերյալ: Վարչապետը հորդորել է գործողությունների կատարման ընթացքի նկատմամբ սահմանել խիստ հսկողություն և պարբերաբար զեկուցել իրեն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել