ՔԿ քննիչը մեղադրվում է խոշոր չափերով ոսկյա զարդերի հափշտակության մեջ
Հատուկ քննչական ծառայությունը մեղադրական եզրակացությամբ ավարտել է քննիչի պաշտոնեական անփութության վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը:
ՀՔԾ լրատվական ծառայության հաղորդմամբ` իրեղեն ապացույց ճանաչված ոսկյա զարդերի հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը' ՀՀ քննչական կոմիտեի քննիչը անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ, որի հետևանքով տեղի է ունեցել առանձնապես խոշոր չափերով ոսկյա զարդերի հափշտակություն:
Մասնավորապես, պարզվել է, որ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի ավագ քննիչ Դավիթ Շահբազյանը որպես քննչական խմբի ղեկավար վարույթ է ընդունել նույն մարզի բնակիչ, անհատ ձեռնարկատեր Համբարձում Հարությունյանի վաճառասրահից ավազակային հարձակմամբ ոսկյա զարդերի հափշտակության փաստով հարուցված քրեական գործը: Նախաքննության ընթացքում հիշյալ քննիչը, համալիր փորձաքննություն կատարելու նպատակով, փորձագետներին է տրամադրել կասկածյալի անձնական խուզարկությամբ և դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված 203 հատ ոսկյա զարդերը:
Այնուհետև Դ. Շահբազյանն անձամբ ստացել է փորձաքննության եզրակացությունը և ընդհանուր' 9.005.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերը, որոնք ճանաչվել են քրեական գործով իրեղեն ապացույց: Հաշվի առնելով, որ զննման գործողությունների ավարտից հետո նշված իրեղեն ապացույցները քրեական գործի համար նշանակություն չեն ունեցել, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների, քննիչ Դ. Շահբազյանը պարտավոր էր դրանք ի պահ հանձնել պետական բանկի հիմնարկներին, ինչը չի կատարել: Ծառայության նկատմամբ քննիչի դրսևորած անփույթ վերաբերմունքի հետևանքով քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում վերը նշված 203 ոսկյա զարդերից 154-ը /7.232.000 ՀՀ դրամ արժողությամբ/ հափշտակվել են, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ. էական վնաս է պատճառվել հասարակության ու պետության օրինական շահերին' հեղինակազրկվել է իրավապահ համակարգը, առանձնապես խոշոր չափերով վնաս է պատճառվել ձեռնարկատեր Հ. Հարությունյանի իրավունքներին և օրինական շահերին:
Նշված արարքի համար Դավիթ Շահբազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով:
Դ. Շահբազյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին' այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել