HY RU EN

Ափօ Սահակեան. «Մեր երգերը արաբերեն են, բայց արաբական չեն»

Աստղիկ Գաուդյան

«Երևի քսաներորդ անգամն է՝ գալիս եմ Հայաստան, տաքսի քշողները նույնն են, հեչ չփոխվեցան, հիպպիներն ավելի ուրախ են, սփյուռքահայերն ավելի շատ են, նոր գույներ, նոր ճաշեր բերել են»,- ասում է արաբական Apo & the Apostles խմբի հայ երաժիշտ Ափօ Սահակեանը։

Ափօ Սահակեանը ծնվել և մեծացել է Երուսաղեմի հայկական թաղամասում։ Հաճախել է հայ-ամերիկյան դպրոց։

«Երուսաղեմի հայոց թաղամասը կարծես առանձին լինի քաղաքեն, ազատ-անկախ քաղաքին նման։ Հարաբերությունները ընկերային առումով լավ են հրեաների հետ էլ, պաղեստինցիների հետ էլ»,- ասում է Ափօն։

Նա մասնագիտությամբ քաղաքագետ է, սակայն վաղ տարիքից նվագում և երգում է հայկական երգեր։ Արդեն հինգերորդ տարին է` հանդես է գալիս Apo & the Apostles խմբում որպես վոկալիստ և կիթառահար։ Խմբի երգերն արաբերեն են, սակայն դրանցում առկա են հայկական երաժշտության շունչն ու երանգները։

Բացի խմբում հանդես գալը, Ափօն դեռ վաղուց մշակում և երգում է հայկական ֆոլկ երգեր։ Նրա մշակմամբ հայկական երգերը չափազանց նուրբ, անուշ հնչողություն և երանգներ ունեն։ Նա երգում է թե՛ Կոմիտաս, թե՛ ժողովրդական այլ երգեր: Նաեւ` ինքն է երգեր գրում։

«Մինչև 14 ըլլալս օտար երաժշտության մեջ էի`ռոք’ն ռոլլ, ռոք։ Փօլ Պաղտատլեան, Հարութ Փամբուկչեան մտիկ չէի ընեի, ինձի համար դրանք արաբական, ավելի շատ` թուրքական էին։ 2006-ին առաջին անգամ եկա Հայաստան, շատ կապվեցա հայկական ավանդական երաժշտության հետ։ Շատ կ’սիրեմ էդ սթայլը, որ իրավ կզգաս հայ մշակույթը»։

Apo & the Apostles խումբը ստեղծվել է 2013 թվականի հոկտեմբերին, երբ Ափօն և իր ընկերները մասնակցեցին Taybeh Beer ամենամյա փառատոնին (գարեջրի փառատոն- հեղ.), որն անցկացվում է Պաղեստինում։

«Որոշեցինք միանալ, music jam անենք, մեզ հրավիրեցին Beer ֆեստիվալին։ Շատ լավ արձագանք եղավ և դրանից հետո հասանք՝ ուր որ հասել ենք։ Ծրագրված չէր։ Չորս EP (մինի ալբոմ) ունենք»,- խմբի ստեղծման պատմությունն է ներկայացնում Ափօն։

Խմբի անվանման մասին ծիծաղելով պատմում է. «Ամենը դժբախտություն է, սխալ անուն։ Տեղացիները չեն կ’րնար ասել Apostles, կ’ըսեն Apo and… Apo and …  ինչ որ է։ Միշտ պայքարի մեջ ենք, որ իրենց սովորեցնենք անունը։ Լեզվական պայքար է»։

Խումբը համերգներ է տալիս Պաղեստինում, Իսրայելում և այլ երկրներում։ Քանի որ խմբի մի քանի անդամներ Բեթղեհեմից  են, նրանց համար երբեմն դժվար է Իսրայելի տարածք մուտք գործել և համերգ տալ, սակայն Ափօն ասում է, որ կարողանում են հաղթահարել այդ խոչընդոտները։

«Մենք քաղաքական չենք, վտանգ չենք։ Կհաղթահարենք։ Մեր քարոզը ավելի տակից է, բացահայտ չէ։ Դժվարություններ կան, սակայն մինչև հիմա մեզ չեն կանգնեցնում»։

Apo and Apostles-ի երգերը յուրահատուկ են նաև իրենց ռիթմիկ, աշխույժ, թեթև ոճով և հայկական երաժշտական մոտիվներով։ 

«Հայկական, կովկասյան, բալկանական  էլեմենտները կմտնեն մեր երգերի մեջ։ Մենք կարանք ասենք, որ մեր երգերը արաբերեն են, բայց արաբական չեն։ Դրանք ավելի բալկանյան, կովկասյան, հայկական են, բայց դե middle east-ի բիթը կա։ Մեզ համար ծրագրված չէ՝ ինչ ոճ է։ Մենք միշտ ասել ենք` անել այնպես, որ քեֆին մթնոլորտ ստեղծի և մարդոց շարժեցնե, պարեցնե»,- ասում է Ափօն։

Թեմաները նույնպես շատ թեթև են, խենթ, երիտասարդական:

«Մեր բառերը թեթև են, քանի որ արաբերենից ես լավ չեմ։ Երբ ընկերներս կամ ես կգրենք բառերը, կասեմ` կամաց-կամաց, թեթև գրեք, քանի որ ես եմ, որ պետք է  երգեմ։ Բայց մի լավ բան կա դրա մեջ. երբ եվրոպացիներու, հրեաներու կճանաչենք,  մեզ ասում են` “We learned arabic through your songs” (Մենք արաբերեն ենք սովորել ձեր երգերի միջոցով)»,- հավելում է Ափօն։

Երաժշտականից զատԱփօ Սահակեանը նաև հրապարակախոսական գործունեություն է ծավալում. Հայաստանի և սփյուռքի մասին հոդվածներ է հրապարակում տարբեր կայքերում։

«Սփյուռքի մեջ ես շատ պրովոկատոր եմ։ Սփյուռքն, իհարկե, նույնը չէ, ամեն բան կփոխվե։ Սփյուռքը մեկը չէ»,-ասում է նա ու հավելում, որ Երուսաղեմի համայնքը ամենազատամիտ, բաց համայնքն է, բայց միևնույն ժամանակ պահպանում է հայկական մշակույթը, լեզուն, սովորույթները։

«Լեզուն շատ կարևոր է, իրավ կհավատամ դրան։ Լեզվի մեջ հասարակական հասկացությունները կան, հիշողությունը, ինքնությունը։ Լեզուն որ իմանում ես, քեզ ավել բան կարծես տա»,- եզրափակում է երաժիշտը։ 

Խմբի լուսանկարը` նրա ֆեյսբուքյան էջից