Ուսանողներն արյուն են հանձնել
Դեկտեմբերի 21-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էին կամավոր արյունատվության ակցիա։ Ոչ պետական բուհերի շուրջ 60 ուսանողներ այցելեցին ՀՀ առողջապահության նախարարության պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն: Ակցիայի մասնակիցները նախապես լրացրին դոնորի համար նախատեսված հարցաթերթիկները, ստուգվեցին բժշկական տարբեր չափորոշիչներով, այնուհետև հանձնեցին անհրաժեշտ չափաքանակով արյուն:
«Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմինե Բարսեղյանը, որ արդեն երրորդ անգամ էր արյուն հանձնում, նշեց, որ Ամանորից առաջ անվարձահատույց արյունատվության այս ակցիան իրենց ամանորյա նվերն է բոլոր նրանց, ովքեր այս օրերին հիվանդանոցում են և արյան կարիք ունեն։ «Ես ուրախ կլինեմ, եթե իմ արյունն ինչ-որ մեկին օգտակար լինի։ Ես ու իմ ընկերները հուսով ենք, որ այս նախաձեռնությունը կունենա շոշափելի արդյունքներ, կառողջանան շատ մարդիկ»,- ասում է Արմինե Բարսեղյանը։
Նշենք, որ դոնորությունն առողջ ապրելակերպի բաղկացուցիչ է և դրական ազդեցություն է թողնում դոնորի առողջության վրա: Անվարձահատույց կամավոր դոնորների թվի աճին հասնելու համար պետք է հասարակության լայն շրջանակներում, մասնավորապես երիտասարնդերի շրջանում իրականացնել հետևողական քարոզչական աշխատանքներ:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել