Լոռիում հատուկ դպրոցների աշակերտները ստիպված տեղափոխվել են հանրակրթական դպրոցներ. ծնողները բողոքում են
Գայանե Սարգսյան
«Գիշերօթիկում առաջինից իններորդ դասարանցիներով ճաշարան էինք գնում, մեր հիմիկվա դպրոցում՝ (Սպիտակի հանրակրթական թիվ 5 դպրոց) մինչև չորրորդները, գիշերօթիկում գրքերի փող չէին հավաքում, էնտեղ հավաքում են, էստեղ տետրերը իրենք էին տալիս, էնտեղ չեն տալիս»,- Սպիտակի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ ու հարեւանությամբ գտնվող հանրակրթական դպրոցի տարբերություններն է թվում 8-րդ դասարանցի Մարիամ Պառավյանը:
Վերջինս Սպիտակի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ դպրոցի 40 աշակերտների հետ այս ուսումնական տարվանից ստիպված է հաճախել հանրակրթական դպրոց: Պատճառը մարզում, այդ թվում և Սպիտակում գործող հատուկ դպրոցների գործունեության դադարեցումն ու գործառույթների փոփոխումն է. հատուկ դպրոցներն այսուհետ կծառայեն որպես մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ:
Սպիտակի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ դպրոցում մինչև վերջերս սովորում էին ոչ միայն մտավոր խնդիրներ ունեցող, այլև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները: Դպրոցի փակումը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել հատկապես այս ընտանիքներում:
Երեքանգամյա սննդով, դպրոցական հագուստով, գրենական պարագաներով ու գիշերակացով ապահովող դպրոցը անապահով ծնողների համար փրկություն էր:
10 երեխա ունեցող Լիլիթ Նիկողոսյանի 5 երեխաները դպրոցահասակ են: Թիվ 1 հատուկ դպրոցի փակվելուց հետո երեխաները տեղափոխվել են հանրակրթական դպրոց:
Լիլիթ Նիկողոսյան |
«Գիշերօթիկ որ էթըմ էին, շատ լավ էր: Ստեղան պահանջները շատ ա, չենք կարում: Երեխեքին գրքեր են տվել, փողը ուզըմ են: Տնօրենն ասեց՝ ամեքինը գոնե կեսը պարտադիր պտի տաս: Ամեքինը մոտ 6000 դրամ ա, կեսն էլ տալու էղնեմ, էլի ահագին գումար ա,-ասում է բազմազավակ մայրը:-Գիշերօթիկում հագուստն էլ են տվել, ոչ մի բան չեմ առել: Թեկուզ հագած էր ըլնում, բայց նորմալ վիճակում էր: Ստեղ ոչ մի բան...Որը նիսյով, որը պարտքով` անում ենք: Իրանց հին շորերով եմ ուղարկել դասի»:
Թիվ 1 հատուկ դպրոց հաճախող երեխաների մեծ մասը ամբողջ շաբաթ մնում էր գիշերօթիկում, հանգստյան օրերին՝ վերադառնում տուն: Հանրակրթական դպրոց տեղափոխվելուց հետո բազմանդամ ընտանիքների ծախսերը կտրուկ աճել են:
«Էղել ա, որ տանը ոչ մի բան չենք ունեցել, սոված մնացել ենք, սոված վեր կացել: Էն վախտ գիտեի, որ էն հինգը էնտեղ են, կուշտ են, արխեին էի, էլի»,- ասում է Լիլիթը:
Վերջինիս խոսքով` գիշերօթիկից հանրակրթական դպրոց տեղափոխումն ընտանիքի համար ավելի սահուն կլիներ, եթե որևէ աջակցություն ստանար: Ասում է՝ վանաձորյան ՀԿ-ներից մեկը դեռևս ամռանը տվյալները հավաքագրել ու խոստացել է օգնել: Մինչ այժմ, սակայն, որևէ նյութական աջակցություն չեն ստացել:
Երեխաների գրենական պիտույքների հարցը լուծվել է օգոստոսին` Գերմանական կոչվող տնակային ավանից Գլենդել Հիլզ թաղամասում նոր տուն տեղափոխվելու առիթով ստացած աջակցության շնորհիվ. բարերարները պայուսակներ ու գրենական պիտույքներ են նվիրել:
Ամալյա Մարյանի երկու երեխաները ևս այս ուստարին սկսել են նոր՝ հանրակրթական դպրոցում:
Ամալյա Մարյան |
«Երեխեքին գիշերօթիկ տալու իմ հիմնական պատճառը ֆինանսական էր, թե չէ իրանք շատ խելացի են: Հիմի, իրոք, ի վիճակի չեմ ֆինանսապես: Իմ համար հաճելի չի խոսալ իմ վիճակի մասին, բայց հնար չկա»,-ասում է նա:
Երեխաներին դպրոց ուղարկելու համար մայրն ապառիկով հագուստ է վերցրել: Պարտքը, սակայն, չգիտի` ինչպես է տալու:
37.000 դրամ նպաստ է ստանում եւ չգիտի` նպաստով ո՞ր ծախսը հոգալ: Ցրտերն ընկնելու հետ առաջացել է նաև երեխաներին տաք հագուստով ապահովելու հարցը:
«Գիշերօթիկի անցած տարվա տված կոշիկները հագավ երեխեն էս տարի, բայց մնացածը չգիտեմ ոնց եմ անելու»,- ասում է մայրը:
Ամալյայի խոսքով` երեխաների գրքերի գումարը Վանաձորում գործող «Առավոտ» ՀԿ-ն է փոխհատուցել: ՀԿ-ն պարբերաբար նաև մթերք է հատկացնում ընտանիքին:
10 տարուց ավելի թիվ 1 հատուկ դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Միքայել Դավթյանի կարծիքով` գիշերօթիկի փակումը սխալ որոշում էր:
Միքայել Դավթյան |
«Իմ ու կառավարության կարծիքները լրիվ տարբեր են: Իմ կարծիքով` սխալ էր, որ հատուկ դպրոցներն ընդհանրապես վերացվեցին: Դրանք երեխաների բոլոր խնդիրները լուծող դպրոցներ էին: Հատուկ դպրոցների փակվելուց հետո պոտենցիալ հանցագործների թիվը մեծացել է: Եթե երեխեն էստեղ չեկավ, մի կտոր հաց չկերավ, ընկավ փողոցները... Գնալու են զաբոռ գողանան, ալյումին գողանան, մի վատ բան անելու են: Երեխեն ամբողջ օրը դպրոցում չեղավ, ու ծնողն էլ ծնողանման չեղավ, էդ երեխեն դառնալու ա հանցագործ: Հատուկ դպրոցը էդ խնդիրը լուծում էր»,- ասում է նա:
Տնօրենի խոսքով` իր դիրքորոշումը բազմիցս է հայտնել, սակայն իր կարծիքը հաշվի առնողն ո՞վ է:
«Ասում են Եվրախորհուրդն ասել ա, Եվրախորհուրդն ասել ա: Միշտ էլ եկել են, քննարկել ենք, մեր կարծիքներն ասել ենք, բայց մեր կարծիքը հավասար է 0-ի»,- եզրափակում է տնօրենը:
Մեկնաբանել