Լոռեցիները նշեցին Բերքի տոնը
Գայանե Սարգսյան
Այսօր Լոռիում նշվեց Բերքի տոնը: Այն սովորաբար անցկացվում էր Ստեփանավանի տարածաշրջանի Գյուլագարակ համայնքի հարակից տարածքում: Այս տարի առաջին անգամ տոնախմբությունն անցկացվեց Վանաձորում: Մարզի տարբեր տարածաշրջանների համայնքներն իրենց տաղավարներում ներկայացրել էին ողջ տարվա ընթացքում ստացած բերքն ու բարիքը, մարզի լավագույն անասնատեսականին, գյուղատնտեսական տեխնիկան, Լոռուն ու տվյալ տարածաշրջանին բնորոշ ավանդական խոհանոցն ու բնակիչների ձեռքի աշխատանքները:

Ստացած բերքով գոհանալով հանդերձ՝ միջոցառմանը մասնակցող գյուղատնտեսները գյուղատնտեսական տարին ոչ այնքան հաջող են համարում: Գյուղացիների դժգոհության հիմնական պատճառները բնության տարերքներով են պայմանավորված. ցրտահարություն, երաշտ, իսկ վերջին օրերին նաև կարկտահարություն, ինչի հետևանքով համայնքները տարբեր չափերի վնասներ են կրել:
«Ամռանը ոռոգման ջուրը համարյա վերացավ, շոգերի հետ կապված ջուրը համարյա ցամաքեց: Բերքահավաքի իսկական ժամանակ, որ ջուրը պետք էր, չկար: Երաշտի պատճառով համայնքի բերքը մոտ 20-30 տոկոսով տուժեց: Շատ տուժեցին հատկապես լոլիկը, վարունգը, գյուղում ծառերի մեծ մասը չորացավ»,- ասում է Աքորու համայնքապետ Հրահատ Սիմոնյանը՝ հույս հայտնելով, որ չորացած ծառերը գարնանը գուցե վերականգնվեն:

Չորային եղանակի պատճառով տուժել է նաև դսեղցիների բերքը:
«3 ամիս մեր գյուղում անձրև չի եկել: Կարտոֆիլի բերքը, որ հանում էինք, լիքն էր տակը, բայց չէր հասունացել: Խոտն էլ նորմալ չեղավ»,- ասում է դսեղցի Մանյակ Եգանյանը:

Ստեփանավանի տարածաշրջանի Արդվի համայնքը ներկայացնում էր Նունե Վարդանյանի ընտանիքը:
«Քանի որ գյուղերը միացնում են հիմա, մենք միանում ենք կողքի գյուղին, հարմար չգտանք, որ մեծ մասշտաբով մասնակցենք: Դրա համար մենք եկանք, որ գյուղի անունը պահենք»,- ասում է գյուղատնտեսը:
Վերջինիս կարծիքով՝ թեև պետությունը ժամանակ առ ժամանակ գյուղացուն աջակցում է վառելիքով ու սերմացուով, սակայն բաշխումը կատարվում է ոչ ժամանակին:
«Ճիշտ է, տալիս են, բայց ժամանակին չեն բերում, արդեն ցանում ենք, պրծնում, նոր են բերում, արդեն ուշ ա էղնում»,- ասում է նա:

Մարզի մեղվաբույծներն էլ բարձրաձայնում են իրացման դժվարությունների մասին:
«Երկրի տնտեսական վիճակի հետ կապված՝ մարդիկ տարին տարու վրա քչանում են, ֆինանսապես էլ ավելի վատ վիճակում են հայտվում: Սա էլ մի քիչ թանկ սննդատեսակ ա, վերմիշելի համեմատ թանկ ա, մարդիկ շատ չեն կարողանում գնեն»,- ասում է շնողցի Լևոն Ալիխանյանը:
Վերջինս ասում է, որ մի քանի անգամ փորձել է արտահանման տարբերակներ գտնել, սակայն դրանք անհաջողության են մատնվել: Ասում է՝ թաքնված մենաշնորհ կա այս ոլորտում:

Սպիտակի տարածաշրջանի Լուսաղբյուր համայնքում էլ տարվա ընթացքում գրանցված ցրտահարության պատճառով այսօր աշնանացանի սերմացու չունեն.
«Անցած տարվա սերմացուները ոչ մեկինը չեղավ, մարդիկ տուժվան, գյուղացին մնաց առանց սերմացուի: Աշնանացանի սերմացու չունենք»,- ասում է լուսաղբյուրցի Վարդիթեր Մինասյանը:
Խնդրի ու աջակցության անհրաժեշտության մասին համայնքապետը տեղեկացրել է Լոռու մարզպետարանին: Ասում է՝ դեռ պատասխան չկա:
Տոնի ընթացքում ոչ ավանդական մշակաբույսերով աչքի էին ընկնում Վարդաբլուրի ու Գարգառի տաղավարները, որոնցում գյուղատնտեսները նշում են, որ իրացման կազմակերպման դժվարություններ ունեն ոչ ավանդական մշակաբույսերը ճանաչելի դարձնելու ու մայրաքաղաք հասցնելու հարցում:

Ամենահումորային տաղավարն էլ Կուրթանին էր. այստեղ գյուղատնտեսական արտադրանքը ներկայացված էր երգիծական մակագրումներով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել