Յիրիկյանը, Փելեշյանը, Դավոյանն ու Շլեպչյանը՝ Երեւանի պատվավոր քաղաքացիներ
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանին, կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին եւ հեռուստահաղորդավարուհի Նարա Շլեպչյանին մայրաքաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ կշնորհվի Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում:
Այս հարցը ներառված է Երեւանի ավագանու հոկտեմբերի 11-ի նիստում:
Ռալֆ Յիրիկյանին կոչումը կշնորհվի տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ Երևան քաղաքում ակտիվ գործունեություն ծավալելու համար:
Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը կպարգեւատրվի հայ գրականության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, ակնառու վաստակի եւ բազմամյա գործունեության համար:
ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանին պատվավոր կոչումը կշնորհվի կինոարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակնառու վաստակի, երկարամյա եւ բեղմնավոր գործունեության համար:
Իսկ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանին Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում կշնորհվի հայկական հեռուստատեսության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, բազմամյա վաստակի և բեղմնավոր գործունեության համար:
Երեւան համայնքը մայրաքաղաքի տոնի կապակցությամբ նաեւ բնակարաններ կնվիրի արվեստի երեք գործիչների՝ դերասան Ռուդոլֆ Ղեւոնդյանին, բալետի արտիստ Սեւակ Ավետիսյանին եւ երգիչ Ռուբեն Մաթեւոսյանին:
Տարբեր հիմնավորումներ կան: Երեւանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող, Մովսես Խորենացի մեդալակիր, ՀՀ վաստակավոր արտիստ Սևակ Ավետիսյանը բնակվում է Նոր Նորքի 9-րդ զանգվածում՝ ծնողների, եղբոր ընտանիքի, քրոջ հետ համատեղ եւ հանդիսանում է բնակարանային պայմանների կարիքավոր։
Ռուդոլֆ Ղեւոնդյանը բնակվում է Չեխովի փողոցի շենքերից մեկում, վարձակալական հիմունքներով: Նրա անվամբ Հայաստանի տարածքում որեւէ անշարժ գույք գրանցված չէ:
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի, պատվո շքանշանակիր Ռուբեն Մաթևոսյանը բնակվում է կնոջ, որդու ընտանիքի, մյուս որդու եւ դստեր հետ, փոքր բնակարանում: Եվ Երեւանի քաղաքապետը որոշել է անվանի երգչին բնակարանային պայմանները բարելավելու հնարավորություն ընձեռել:
Մեկնաբանել